Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց «Արեւելյան Դավոսի» XXI տնտեսական համաժողովին


Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց «Արեւելյան Դավոսի» XXI տնտեսական համաժողովին

  • 13-09-2011 19:09:42   |   |  Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-10-ը մասնակցեց «Արեւելյան Դավոսի» XXI տնտեսական համաժողովին։ Նոր դարաշրջանում աշխարհի ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ էթնիկ մարտահրավերները քննարկելու առաքելություն ուներ միջազգային այս հավաքը, որին ներկա էին եվրոպական երկրների նախագահներ ու նախարարներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, գիտնականներ ու լրագրողներ։ Համաժողովի շրջանակներում, ի թիվս թուրքական, ադրբեջանական եւ սլովակ մասնակիցների, Հովհաննիսյանն արծարծեց Լեռնային Ղարաբաղի անկախության ու տարածաշրջանային անվտանգության թեման։ Նա իր դիտարկումները ներկայացրեց նաեւ մարդկության դեմ հանցագործությունների, եվրոպական մայրցամաքում միջպետական հաշտեցման, ԱՊՀ ապագային նվիրված մասնագիտացված հանձնախմբերի քննարկումների ընթացքում։ Համաժողովում Հայաստանն ակտիվորեն ներկայացնում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանը եւ Արտակ Դավթյանը, Սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը, Բիզնեսի ու զարգացման կովկասյան ցանցից Արտյուշ Մկրտչյանը եւ Եվրոպայում հայկական միավորումների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Համաժողովի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը զրույց ունեցավ եվրոպական երկրների մի շարք պետական գործիչների ու մասնագետների հետ, իսկ Նովիյ Սաչում հանդիպեց Երիտասարդ առաջնորդների վեցերորդ տնտեսական համաժողովի շուրջ 200 մասնակիցների։ Մինչեւ Հայաստան վերադառնալը Հովհաննիսյանն այցելեց Կրակով եւ տեղի շաբաթօրյա հայկական դպրոցում հանդիպեց համայնքի ակտիվիստներին, ուսուցիչներին ու աշակերտներին։ Քաղաքում տեղակայված հայկական խաչքարի առջեւ նա հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման զոհերի հիշատակին։
Նոյյան տապան  -   Քաղաքական