Րաֆֆի Յովհաննիսեանը մասնակցեց «Արեւելեան Դաւոսի» XXI տնտեսական համաժողովին


Րաֆֆի Յովհաննիսեանը մասնակցեց «Արեւելեան Դաւոսի» XXI տնտեսական համաժողովին

  • 13-09-2011 19:09:42   |   |  Քաղաքական
«ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ, Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանը սեպտեմբերի 7-10-ը մասնակցեց «արեւելեան Դաւոսի» XXI տնտեսական համաժողովին: Նոր դարաշրջանում աշխարհի ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ էթնիկ մարտահրաւէրները քննարկելու առաքելութիւն ունէր միջազգային այս հաւաքը, որին ներկա էին եւրոպական երկրների նախագահներ ու նախարարներ, քաղաքական գործիչներ ու դիւանագէտներ, գիտնականներ ու լրագրողներ: Համաժողովի շրջանակներում, ի թիւս թուրքական, ադրբեջանական եւ սլովակ մասնակիցների, Յովհաննիսեանն արծարծեց Լեռնային Ղարաբաղի անկախութեան ու տարածաշրջանային անվտանգութեան թեման: Նա իր դիտարկումները ներկայացրեց նաեւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների, եւրոպական մայրցամաքում միջպետական հաշտեցման, ԱՊՀ ապագային նուիրուած մասնագիտացուած յանձնախմբերի քննարկումների ընթացքում: Համաժողովում Հայաստանն ակտիւօրէն ներկայացնում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամաւորներ Արա Նռանեանը եւ Արտակ Դաւթեանը, Սլաւոնական համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյեանը, Բիզնեսի ու զարգացման կովկասեան ցանցից Արտիւշ Մկրտչեանը եւ Եւրոպայում հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորեանը: Համաժողովի շրջանակներում Րաֆֆի Յովհաննիսեանը զրոյց ունեցաւ եւրոպական երկրների մի շարք պետական գործիչների ու մասնագէտների հետ, իսկ Նովիյ Սաչում հանդիպեց Երիտասարդ առաջնորդների վեցերորդ տնտեսական համաժողովի շուրջ 200 մասնակիցների: Մինչեւ Հայաստան վերադառնալը Յովհաննիսեանն այցելեց Կրակով եւ տեղի շաբաթօրեայ հայկական դպրոցում հանդիպեց համայնքի ակտիւիստներին, ուսուցիչներին ու աշակերտներին: Քաղաքում տեղակայուած հայկական խաչքարի առջեւ նա յարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանութեան եւ Մեծ հայրենազրկման զոհերի յիշատակին:  
  -   Քաղաքական