Նոր սերնդի անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ստանալ կամավորության սկզբունքով


Նոր սերնդի անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ստանալ կամավորության սկզբունքով

  • 14-09-2011 16:36:52   | Հայաստան  |  Հասարակություն

2012թ.-ից գործողության մեջ դրվելիք նոր սերնդի` կենսաչափական տվյալներ պարունակող, անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ստանալ կամավորության սկզբունքով: Ցանկության դեպքում ՀՀ քաղաքացին իրավունք ունի ստանալ կամ փոխանակել գործող նմուշի անձնագիրը, եթե նույնականացման քարտ չի ստացել: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Նույնականացման քարտերի մասին», «Հայաստանի Հարապետության քաղաքացու անձնագրի մասին» օրինագծերը եւ դրան առընչվող մի շարք գործող օրենքներում փոփոխությունների փաթեթը: Ըստ նրա, ամեն դեպքում ՀՀ քաղաքացին իրավունք ունի ունենալ միայն մեկ նմուշի անձնագիր: «Հայաստանի Հարապետության քաղաքացու անձնագրի մասին» օրինագծի համաձայն, կենսաչափական տվյալներ են համարվում օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող եւ օգտագործվող անհատական տվյալները, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավորություն են տալիս նույնականացնել քաղաքացուն (լուսանկար, ստորագրություն, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմներ): Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի ժամկետով:  Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացու ցանկությամբ մինչեւ անձնագրի վավերականության ժամկետի լրանալն անձնագիրը կարող է փոխարինվել նույնականացման քարտով:  «Նույնականացման քարտերի մասին» օրինագծով ամրագրված է, որ այդ քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ ՀՀ քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ տարածքում օգտագործելու համար: Քաղաքացին այն ստանալու իրավունք է ձեռք բերում 16 տարին լրանալու օրվանից: Նույնականացման քարտում հայերեն եւ անգլերեն լեզուներով ամրագրվում են քաղաքացու անհատական տվյալները` ազգանունը, անունը,   (հայրանունը` միայն հայերեն տարբերակում), ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, բնակության վայրը (նշվում է միայն երկիրը), հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, ստորագրությունը: Ազգությունը, ինչպես նաեւ արյան խումբը եւ ռեզուսը, նոր սերնդի անձնագրերի օրինակով, կամրագրվի քաղաքացու կամ նրա ներկայացուցչի ցանկությամբ:  Ա.Օսիկյանը, ի պատասխան պատգամավորների հարցադրումների, հայտնեց, որ, ըստ նախնական հաշվարկների, նոր սերնդի անձնագրերի արժեքը կտատանվի 50-60 եվրոյին համարժեք դրամի, իսկ նույնականացման քարտերինը` 3-5 հազար դրամի սահմաններում:    
Նոյյան տապան  -   Հասարակություն