Քննարկվում են Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր փուլի հնարավոր ռիսկերը մեղմելու ծրագրեր


Քննարկվում են Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր փուլի հնարավոր ռիսկերը մեղմելու ծրագրեր

  • 14-09-2011 21:00:17   | Հայաստան  |  Տնտեսություն
Կառավարությունը Հայաստանում գտվող Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի եւ Արժութային միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կանխատեսվող նոր փուլի հնարավոր ռիսկերը մեղմելու ծրագրեր: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցի: Ըստ վարչապետի, խնդիրն է քննարկել համաշխարհային տնտեսության վատագույն սցենարի ներքո Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունը, եւ թե ինչպես նախապատրաստվել դրան: Առաջին եւ կարեւորագույն ռիսկն արտաքին հատվածից կանխատեսվող բացասական ազդեցությունն է, որն ինչպես եւ նախորդ փուլում, կարող է պայմանավորված լինել կապիտալի ներհոսքի եւ տրանսֆերտների կրճատմամբ, եթե «այդ հատվածը հասնի մեր այն գործընկեր երկրներին, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա բավական մեծ է»: Տ.Սարգսյանի պարզաբանմամբ, առաջին հերթին խոսքը հանքահումքային ապրանքների գների մասին է. եթե նավթի, գազի գները տատանվեն, ապա, բնականաբար, Ռուսաստանի տնտեսության վրա դա իր ազդեցությունը կթողնի:   Կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող երկրորդ խնդիրը կապված է տնտեսության, մասնավորապես, շինարարության ոլորտում մինչ այժմ շարունակվող ակնման հետ: Ըստ վարչապետի, եթե ՀՆԱ-ի մեջ շինարարության տեսակարար կշիռը հասել էր աննախադեպ բարձր ցուցանիշի` 28 տոկոսի, ապա այժմ այն կրկնակի իջել է: Կառավարության ղեկավարի մատուցմամբ, գերակա խնդիրն էր կարողանալ ապահովել տնտեսության դիվերսիֆիկացիան` ճյուղից կախվածությունը նվազագույնի հասցնելու համար, ինչը վերջին երեք տարիների ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է: «Դա նույնպես պետք է նվազեցնի ռիսկայնությունը»,-վստահեցրեց Տ.Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ ռիսկերը զսպելու երրորդ ուղղությունը ֆինանսական պաշարներն են, որոնք պետք է հնարավորությւոն տան կառավարությանը տարբեր բացասական սցենարների դեպքում իրականացնել ծախսեր` անկախ հարկային բազայի հնարավոր փոփոխություններից: Չորրորդ ուղղությունը մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներն են, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների կոորդինացումը: «Հասկանալի է, որ մեզ համար գերակայություն է լինելու սոցիալական ծրագրերի ապահովումը»,-ընդգծեց Տ.Սարգսյանը:  
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play