Դաֆինա Գեռչևա. ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ իր արդյունավետ համագործակցությունը


Դաֆինա Գեռչևա. ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ իր արդյունավետ համագործակցությունը

  • 20-09-2011 14:57:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է. «Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական իրադարձության` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ: Քսան տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դրսեւորեց իր նվիրվածությունն ազատությանն ու անկախությանը` զարգացման եւ կայունության ապահովման երաշխիքներին, եւ միացավ ՄԱԿ-ի անկախ պետությունների ընտանիքին: Անկախության այս երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրավերների: Միեւնույն ժամանակ ես ուրախ եմ արձանագրել, որ երկիրն էական առաջընթաց է ապրել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ծառայությունների եւ այլ ոլորտներում: Հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն, միջազգային հարաբերություններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրավել որպես վստահելի գործընկեր, որն իր ներդրումն ունի մարդկային համընդհանուր զարգացման մարտահրավերներին դիմակայելու գործընթացում եւ, հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, իր նպաստն է բերում տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը: Մենք` ՄԱԿ-ի համակարգ կազմող ընտանիքը Հայաստանում, մեր ջանքերն ենք ուղղում աջակցելու ազգային զարգացման առաջնայնություններին, մասնավորապես ազգային կարողությունների շարունակական զարգացմանը: ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ իր արդյունավետ համագործակցությունը, ի նպաստ անկախության անմիջական շահառուի` հայ ժողովրդի: Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն, առողջություն եւ նորանոր հաջողություններ ապագայում»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն