ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի
առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցներն անցկացրին
հերթական մրցափուլի խաղերը:
Առաջատարը` Երեւանի «Փյունիկը», շատ դժվար հաղթանակ տարավ
Գյումրիի «Շիրակի» նկատմամբ` 1-0: Մրցանակային տեղի երկու
հավակնորդների` Երեւանի «Բանանցի» եւ Աշտարակի «Միկայի», հանդիպման
ժամանակ մարտական ոչ-ոքի գրանցվեց` 1-1: Մրցափուլի մյուս երկու
խաղերում էլ ոչ-ոքիներ արձանագրվեցին. Արարատի «Արաքսը» եւ Կապանի
«Լեռնագործը» հանդիպումն ավարտեցին 1-1 հաշվով, իսկ Երեւանի
«Դինամո-2000»-ը եւ Աբովյանի «Կոտայքը»` 0-0:
Առաջնության աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը»,
որը 21 խաղից հետո 55 միավոր է վաստակել: Նրան հաջորդում են
«Բանանցը»` 48, «Շիրակը»` 40, «Միկան»` 33 միավոր: Մյուս թիմերը
զգալիորեն ետ են մնում այս քառյակից: