Առաջնորդների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Առաջնորդների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 28-09-2011 13:10:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների ժողով: Ժողովին քննության առնվեցին եկեղեցու առաջ ծառացած ժամանակակից մարտահրավերներ, թեմական կյանքին առնչվող վարչական, կարգապահական խնդիրներ: Քննարկումների ընթացքում մասնավորապես անդրադարձ կատարվեց թեմերում եկեղեցականների հովվական ծառայությանը: Կարեւոր նկատվեց, որ հոգեւոր հովիվներն առավել ուշադրություն դարձնեն քարոզչական գործունեությանը, հովիվ եւ համայնք, հովիվ եւ ընտանիք հարաբերությունների սերտացմանը: Մտահոգություն հայտնելով Հայաստանում կրոնական տարբեր կազմակերպությունների եւ աղանդավորական հոսանքների քայքայիչ գործունեության հետեւանքով հասարակական կյանքում տեղ գտնող երեւույթների առիթով` ժողովականները ընդգծեցին տուժած ընտանիքների եւ անհատների հետ առավել ակտիվ հովվական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվեց նաեւ հոգեւոր հովիվների բնակությունն իրենց խնամքին հանձնված համայնքներում: Այս առչությամբ, քննության առնելով առանձին պարագաներ, որոշվեց, որ որեւիցե բացառություն չպետք է լինի: Ժողովի ընթացքում նաեւ անդրադարձ կատարվեց վանքերի եւ եկեղեցիների պահպանման եւ հոգատարության խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն էր թեմակալներին` մասնավոր ուշադրություն դարձնել սրբավայրերի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներին, որպեսզի որեւէ կերպ չաղճատվի դրանց պատմական դիմագիծը: Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց թեմակալ առաջնորդներին` գնահատանք հայտնելով թեմերում հոգեւոր սպասավորների կողմից իրականացվող նվիրյալ ծառայության համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն