Ստորագրվեց հայ-քուվեյթական օդային հաղորդակցության մասին համաձայնագիր


Ստորագրվեց հայ-քուվեյթական օդային հաղորդակցության մասին համաձայնագիր

  • 05-10-2011 14:47:10   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ, որը կայացավ հոկտեմբերի 5-ին Երեւանում, ստորագրվեց երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագիր: Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանը եւ Քուվեյթը կկապվեն ուղիղ ավիափոխադրումներով, երկու երկրներում փոխադարձաբար կբացվեն դեսպանություններ, Քուվեյթը կաջակցի նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեցին հանձնաժողովի համանախագահներ՝ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին: Նշվեց, որ Հայաստանում գտնվելու երկու օրերի ընթացքում կայացած հանդիպումներում անդրադարձ է եղել շատ հարցերի, որ կարելի է իրականացնել միասին. «Մենք ուզում ենք, որ Քուվեյթը նույնպես մասնակցի այս ծրագրերին եւ աջակցի երկաթգծի կառուցմանը, որը կծառայի ՀՀ տնտեսությանը եւ Քուվեյթի տնտեսությանը», - նշեց Մ. Ջասեմ ալ-Շամալին: Որոշվեց նաեւ, որ Հայաստան-Քուվեյթ տնտեսական կապերը խթանելու եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով 2011թ.–ի նոյեմբերին Զարգացման հայկական գործակալությունը Քուվեյթում կանցկացնի գործարար գովազդային քարոզարշավ, որի շրջանակում այդ երկրի գործարարներին կներկայացվեն տնտեսության ճյուղերին վերաբերող ներդրումային ծրագրեր, հանդիպումներ կկայանան գյուղատնտեսության, սննդի վերամշակման, էներգետիկայի, դեղագործության եւ զբոսաշրջության ոլորտների քուվեյթական մի շարք ընկերությունների հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play