Արտեմ Սարգսյան. «Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթությունն ու դաստիարակությունը, գիտելիքն ու քաղաքակրթությունը` միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականությունը»


Արտեմ Սարգսյան. «Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթությունն ու դաստիարակությունը, գիտելիքն ու քաղաքակրթությունը` միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականությունը»

  • 05-10-2011 16:29:38   | Հայաստան  |  Հասարակություն
Արդեն 45 տարվա ավանդույթ է, որ Հայկական պետական մանկարավարժական համալսարանի առաջին կուրսեցիները մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում երդվում են հավատարիմ լինել ուսուցչի կոչմանն ու գիտելիք փոխանցել, սեր արթնացնել երեխաների մեջ դեպի գիտությունն ու կրթությունը: Օրվա խորհուրդն իմաստավորվում է նաեւ Ուսուցչի տոնով: Այս տարվա շուրջ 500 առաջին կուրսեցի պատիվ ունեցավ զինվորագրվել ապագա մանկավարժների հզոր բանակին, որի առաջին ուսուցիչն ու զինվորը եղել է Խաչատուր Աբովյանը: Մինչ արարողության մեկնարկը` առաջին կուրսեցիները այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն թանգարան: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով. ոսանողներին շնորհավորեց Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը` փոխանցելով Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի օրհնանքի խոսքը. «Թող Ձեր ուսումանական այս տարիները լինեն քանքարների հավաքելու շրջան, եւ այնքան շատ կարողանաք հավաքել դրանք, որ փոխանցեք Ձեր աշակերտներին: Մանկավարժական համալսարանը ինձ համար շատ հարազատ օջախ է` իր ժրաջանությամբ, աշխատասիրությամբ եւ ուսանողների պարկեշտությամբ»,- ասաց նա: Առաջին կուրսեցիներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: «Այս տարի 12-ամյա կրթության հետ կապված սակավ էր դիմորդների թիվը գրեթե բոլոր բուհերում, այնուհանդերձ պետք է այսօր արձանագրել, որ մանկավարժական համալսարան է ընդունվել շուրջ 500 հոգի, ովքեր վաղը ծառայելու են կրթության ու լուսավորության բարձր նպատակներին: Մանկավարժական համալսարանի մագիստրատուրա ընդունվել են 1100 հոգի, եւս 1000-ով կհամալրվի մեր հեռակա ուսուցման համակարգը: Մեր դպրոցն ունի ապագա` ի դեմս ձեզ»,- ասաց ռեկտորը` հավաստիացնելով, որ նրանց ուսումնառության տարիներին էլ ավելի կկատարելագործվի մանակավարժական կրթությունը: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը շնորհավորելով ուսանողներին ընդգծեց. «Հայը ձգտել է հետեւել մեծերի խրատներին ու հանճարների խոսքին, դարեր շարունակ նա բարձր է պահել ուսուցչի, մանկավարժի դերը, եւ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը դրա վառ օրինակն է: Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթությունն ու դաստիարակությունը, գիտելիքն ու քաղաքակրթությունը` միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականությունը»: Նա բարի երթ մաղթեց Աբովյանի գործի հետեւորդներին` ապագա մանկավարժներին, եւ հորդորեց նրանց արժանի լինել Աբովյանի անունը կրող համալսարանի ուսանողը լինելու պատվավոր կոչմանը: Ապա ՀՊՄՀ-ի Նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Գալավարյանը բոլոր ուսանողների անունից ընթերցեց առաջին կուրսեցու երդման տեքստը, եւ հանդիսավոր արարողությունն շարունակվեց համերգային գեղեցիկ ծրագրով: Հ/Գ- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Հայաստանի հնագույն կրթօջախներից է, հանրապետությունում իր շուրջ 15 հազար ուսանողների թվով երկրորդ բուհը, որը հաջորդ տարի կտոնի իր հիմնադրման 90 ամյակը: Այս տարի արդեն բուհում դասավանդում է Գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամ, գիտություների 80 դոկտոր, պրոֆեսոր, եւ 394 գիտթեկնածու: Բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է սոցիալական խնդիրը. 40 տոկոսով բարձրացվել է պրոֆեսորադասախոսական, ինչպես նաեւ ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն