Ռաուլ դե Լյուցենբերգեր. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագիրը Հայաստանում համատեղ մեծ ձեռքբերում է


Ռաուլ դե Լյուցենբերգեր. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագիրը Հայաստանում համատեղ մեծ ձեռքբերում է

  • 05-10-2011 17:23:19   | Հայաստան  |  Հասարակություն

Ընթացիկ ամսում Հայաստանում հանդիսավորապես կբացվեն Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ բարեկարգված եւ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած չորս քոլեջներ: Ինչպես նշվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի հոկտեմբերի 3-ին կայացած համատեղ ասուլիսում, մինչեւ տարեվերջ նախկին միջին մասնագիտական կրթական հաստատությունների հենքի վրա ստեղծված նոր քոլեջների թիվը կհասնի 12-ի, այդ թվում, մեկական` բոլոր 10 մարզերում, երկուսը` Երեւանում: ԵՄ-ն վերջին 7-8 տարիների ընթացքում ակտիվորեն աջակցում է Հայաստանի կրթության բնագավառի բարեփոխումներին` հիմնական թիրախ ընտրելով մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը: «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագիրը Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ Հայաստանի ԿԳՆ-ի համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրված մեծ ձեռքբերումն է: Մեր կողմից ընդհանուր առմամբ ներդրվել է մոտ 30 մլն եվրո` ներառյալ տեխնիկական աջակցությունը: Մեր նպատակն է բարելավել Հայաստանում մասնագիտական կրթության որակը, քանի որ այն մարզերի զարգացման համար կարեւոր տարր է հանդիսանում: Մասնագիտական կրթության որակը պետք է բավարարի տեղական պահանջներին: Շատ կարեւոր է ունենալ որակյալ անձնակազմ, որը կապահովի նաեւ կրթության որակը»,-ասաց դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Նա հավելեց նաեւ, որ շատ ուրախ է ԿԳՆ-ի հետ համագործակցության համար. «Այս երկար տարիների ընթացքում մենք արդեն հասել ենք շատ լուրջ արդյունքների: Մենք արդեն շրջաններում սկսել ենք բացել մի քանի մասնագիտական կրթության կենտրոններ»: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «Շարունակական մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխումներ եւ զբաղվածության ռազմավարության մշակում» ծրագիրը մեկնարկել է 2009թ.-ին: Երեք տարիների ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 15 մլն եվրո: Հատկացված դրամաշնորհների շրջանակներում 12 քոլեջներն ամբողջությամբ վերակառուցվել են կամ վերակառուցումն ընթացքի մեջ է: Ամբողջությամբ վերազինվել են նորագույն սարքավորումներով, լաբորատորիաներով, համապատասխան գույքով, համակարգչային լսարաններով: «Բոլոր 12 քոլեջները մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն բացման որպես հիրավի նոր ուսումնական հաստատություններ` ե'ւ բովանդակային, ե'ւ շենքային, ե'ւ նյութատեխնիկական հագեցվածության տեսանկյունից: Նաեւ իրականացվել են այդ ոլորտում դասավանդող մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագրեր, միայն այս տարի մշակվել են 20 առարկայական նոր չափորոշիչներ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար»,-ասաց նախարարը: Նշվեց նաեւ, որ, բացի այդ, եվրոպական գործընկերների խորհրդով իրականացվել են ոլորտի կառուցվածքային բարեփոխումներ: 2012թ.-ից նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման պետական պատվերը կավելանա 50 տոկոսով: Այդ ուսանողները կապահովվեն նաեւ համապատասխան կրթաթոշակով: «Անում ենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդները Հայաստանում ընտրեն այնպիսի մասնագիտական ուղղվածություն, որով կկարողանան աշխատանք գտնել տնտեսության մեջ եւ արդարացնել իրենց կրթություն ստանալու ցանկությունը, գործընթացը եւ ջանքերը»,-վստահեցրեց Ա.Աշոտյանը: «Անձամբ պարոն դե Լյուցենբերգերին` իր հետեւողականության, կրթության ոլորտի նկատմամբ ունեցած ուշադրության համար, ուզում եմ հայտնել խորին շնորհակալություն եւ վստահություն հայտնել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի նոր ռազմավարական համագործակցության շրջանակներում կրթությունը եւ գիտությունը կունենան իրենց ուրույն դերակատարությունը եւ իրականում կդառնան մեր համագործակցության շոգեքարշներից մեկը, ապահովելով Հայաստանում ոչ միայն որակյալ կրթություն, ոչ միայն տնտեսական աճ, այլ նաեւ ընդհանուր քաղաքակրթական տարածքի ստեղծում»,-ընդգծեց նախարարը: Ասուլիսից հետո «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը` Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի օժանդակությամբ, եղավ առաջիկայում վերաբացվելիք 4 քոլեջներից երկուսում` Վայոց Ձորի եւ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջներում, եւ տեղում հնարավորություն ունեցավ ծանոթանալու կրթօջախների հնարավորություններին, նաեւ` խնդիրներին: Հարկ է նշել, որ արդյունքներն իրոք տպավորիչ էին: Երկու ուսումնական հաստատություններում մեծ ոգեւորություն էր նկատվում: «Մենք շատ գոհ ենք թե ԵՄ-ի, թե ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար: Մենք օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները եւ մարզին օգնելու, եւ երիտասարդությանը մասնագիտություն ձեռք բերելու հարցում»,- ասաց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի փոխտնօրեն Էլյա Հարությունյանը: «Շատ ուրախացա, որ ընդգրկվեցինք Եվրամիության այս ծրագրում: Դա մեզ համար իսկապես անհրաժեշտություն էր, որովհետեւ մեր աշխատանքի բովանդակությունը, կարծես թե, չէր համապատասխանում այն տեղին, որտեղ այդ աշխատանքը կատարում էինք»,-ասաց Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Խաչանուշ Սարգսյանը, ով 40-ամյա այս հաստատությունը ղեկավարում է 1980թ.-ից: «Քոլեջը յուրահատուկ դեր ունի մեր տարածաշրջանի համար. այն ոչ միայն տալիս է մասնագետներ, այլեւ զուտ դաստիարակության խնդիրներ են կարգավորվում այստեղ, լուրջ աշխատանք է տարվում դասերից հետո: Այնպես որ` հասարակության համար շատ պիտանի մարդիկ ենք տալիս»,-վստահեցրեց հաստատության տնօրենը: Երկու հաստատություններն էլ ունեն նաեւ խնդիրներ` հատկապես շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում, սակայն որոշակի ջանքեր են գործադրում խնդիրը հնարավորինս լուծելու ուղղությամբ: «Խնդիրներ, իհարկե, կան: Աշխատում ենք դրանք հաղթահարել` գիտակցելով, թե վերջին տարիներին ինչքան ձեռքբերումներ ենք ունեցել»,-ընդգծեց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի փոխտնօրեն Է.Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play