Արտյուշ Շահբազյան. ՀՅԴ-ն պատրաստ է ընտրությունների


Արտյուշ Շահբազյան. ՀՅԴ-ն պատրաստ է ընտրությունների

  • 07-10-2011 17:36:13   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՅԴ-ն կազմակերպական առումով իր նախընտրական նախապատրաստական անելիքներն արել է, այդ թվում` իր ծրագրած հանրահավաքներն ու միջոցառումները: «Եթե վաղը սկսվի, մենք պատրաստ ենք ընտրությունների, իսկ մնացածը քայլեր են, որ պետք է շարունակենք, հատկապես խորացնելով ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ այն բացատրական աշխատանքը, որ ունեցել ենք եւ պիտի ունենանք` փորձելով ժողովրդին, քաղաքական, հասարակական ուժերին տրամադրել այդ ձեւով գնալու ընտրությունների, այսինքն` ընտրությունների ժամանակ պաշտպանել բոլոր ընտրողների ընտրական իրավունքը»,- հոկտեմբերի 7-ի ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում Հայ ազգային կոնգրեսի հետ ՀՅԴ-ի հնարավոր համագործակցության մասին լրագրողի հարցին ի պատասխան պատգամավորն ընդգծեց, որ իրենք այս հարցում պատրաստ են համագործակցել բոլորի հետ: «Խնդիրը շատ պարզ է դրված` միանանք, պաշտպանենք ընտրողի քվեն, փորձենք առավելագույնս ապահովել արդար ընտրություններ: Կարծում եմ` այս գաղափարը որեւէ մեկի գաղափարական ու քաղաքական ծրագրերին չի հակասում, այլ է խնդիրը` կա այդպիսի ցանկություն, թե չկա»,-ասաց Ա.Շահբազյանը: Լրագրողի խնդրանքով բանախոսն անդրադարձավ նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախօրեին հանրահավաքում արված այն պնդմանը, թե ինքը ցանկացած դաշնակցականից շատ ավելի լավ է տիրապետում Դաշնակցության գաղափարախոսությանը: «Եթե լավ է տիրապետում, պետք է այլ վերաբերմունք ունենար Դաշնակցության նկատմամբ»,-ասաց Ա.Շահբազյանը` կարծիք հայտնելով, որ Լ.Տեր-Պետրոսյանի «տրամադրությունները Դաշնակցության նկատմամբ դեռ իր քաղաքականություն մտնելուց շատ ավելի վաղ են եղել»: Պատգամավորի համոզմամբ, ՀՀ առաջին նախագահը «տարբեր բաներ է խոսում, նախընտրական աշխատանքներ է իսկապես սկսել, փորձում է նաեւ սրբագրել իր անցյալը, իր կառավարման տարիները, շատ ավելի վաղ անցյալի շրջանները»: Ըստ նրա, Լ.Տեր-Պետրոսյանը բազմաթիվ «աղավաղումներ է անում, նաեւ ստեր է ասում»: «Երեւի ենթադրում է, որ իր կառավարած եւ դրանից առաջ եղած մարդիկ կամ մեռել են, կամ հեռացել են բոլորը Հայաստանից, կամ հիշողություններն են կորցրել, կամ էլ այնքան երիտասարդ են, որ ոչինչ չեն հիշում, որովհետեւ 1996թ.-ի դեպքերը, օրինակ, ովքեր այդ ժամանակ ապրել են, ակնհայտորեն հիշում են` ինչ է տեղի ունեցել. մարդկանց ծեծում էին անգամ խորհրդարանի դահլիճում»,-ասաց դաշնակցական պատգամավորը` հիշելով 1996թ.-ի սեպտեմբերի 25-26-ի դեպքերը: Նա հատուկ ընդգծեց, որ ի տարբերություն Լ.Տեր-Պետրոսյանի, 1996թ.-ի կազմակերպիչները ցուցարարներին ուղարկեցին տները` կոչ անելով գալ հաջորդ օրը, ժամը 12-ին, հանրահավաքի, այլ ոչ թե ժողովրդին ուղարկեցին «զորքի դեմ»: «Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի խորանում է եւ Դաշնակցությանը սեւացնելու համար, նաեւ պատմությունն է սկսում կեղծել»,-ասաց Ա.Շահբազյանը` նշելով հայ-վրացական հարաբերությունների մասին առաջին նախագահի պնդումները հերքող պատմական փաստեր: «Պետք չէ ստախոսությամբ զբաղվել` կոնյուկտուրային շահերից ելնելով եւ անգամ նրանից, թե մենք ներքին ինչ խնդիրներ ունենք»,-հորդորեց Ա.Շահբազյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play