Քայլերթ Գյումրիում` «Աճեցնենք ավելին, կերակրենք մեր երկիրը» եւ «Միասին նվազեցնենք աղետների ռիսկը» կարգախոսների ներքո


Քայլերթ Գյումրիում` «Աճեցնենք ավելին, կերակրենք մեր երկիրը» եւ «Միասին նվազեցնենք աղետների ռիսկը» կարգախոսների ներքո

  • 12-10-2011 23:06:39   | Շիրակի մարզ  |  Հասարակություն
Հոկտեմբերի 12-ին Գյումրի քաղաքում կայացավ քայլերթ` «Օքսֆամ» միջազգային կազմակերպության «GROW» համաշխարհային արշավի «Աճեցնենք ավելին, կերակրենք մեր երկիրը», ինչպես նաեւ հոկտեմբերի 13-ին նշվող Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրվա «Միասին նվազեցնենք աղետների ռիսկը» կարգախոսների ներքո: Կազմակերպիչներն էին «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» բարեգործական կազմակերպության եւ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակները: Միջոցառմանն աջակցում էին Օքսֆամի կողմից հիմնադրված Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (Civil Society Partnership Network), որի մեջ մտնում են 27 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Շիրակի մարզպետարանի մոտից մինչեւ Գյումրու քաղաքապետարան շուրջ երկու ժամ տեւած քայլերթին Կարմիր խաչի շապիկներով մասնակցող երիտասարդներն անցորդներին բաժանեցին «Պատրա’ստ եղիր դիմակայելու աղետին» շարքից «Հրդեհներ», «Երկրաշարժ» իրազեկող եւ ուսուցանող գունեղ գրքույքներ, իսկ «Օքսֆամ»-ի շապիկներով մի քանի տասնյակ կամավորներն անցկացրին յուրահատուկ ստորագրահավաք: Վերջինները համաքաղաքացիներին առաջարկում էին միանալ «Ո’չ պարենամթերքների կամայական գնաճին», «Այո’ գյուղմթերքի տեղական արտադրությանը» կոչերին: Այս կոչերին համամիտ անցորդներից յուքանչյուրն ստորագրում էր կոչերը պարունակող առանձին թերթիկ, որը փակցվում էր նույնաբովանդակ մեծ պաստառի վրա: «Գործընկերների հետ համատեղ հավաքած ստորագրությունների, նաեւ համապատասխան մասնագետների կողմից իրականացվող կամայական գնաճի հետազոտությունների արդյունքների ամփոփ փաթեթը կներկայացվի կառավարություն, որպեսզի վերջինս իր կարգադրիչ դերն ավելի ուժեղացնի եւ հետեւողական լինի, որպեսզի գները կամայական չաճեն: Ակնկալիքն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները գերշահույթ չստանան, պետությունն իր դերն ունենա եւ կարգավորի շուկան` գների հետ կապված»,-«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միության համակարգող Կարեն Պադիշյանը: Աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի մարզային կոորդինատոր Աշոտ Բոյախչյանը հայտնեց, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային կառույցի կամավորներն առաջին անգամ են մասնակցում նմանատիպ ակցիայի: «Մենք քաղաքի բոլոր դպրոցներում անցկացնում ենք աղետների վերաբերյալ արտաժամյա դասընթացներ, իսկ ընկերության Ստեփանավանի կենտրոնում` նաեւ առաջին օգնության պրակտիկ պարապմունքներ, որոնց երեխաները մեծ հաճույքով են մասնակցում»,-ասաց նա: Ակցիայի կոչերի տակ ստորագրած անցորդներից Զինա Հարությունյանը նշեց. «Մեր վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ գների ցածրացում պետք է լինի, բայց ստացվեց հակառակը: Գնաճ եղավ, հիմա էլ տեր տիրական չկա, խանութները իրենց կամայական գներն են թելադրում գնորդներին, արդյունքում` ժողովրդի վիճակն օրեցօր վատթարանում է: Ժողովուրդն աշխատատեղ չունի, ավելի ճիշտ` ոչ բոլորն ունեն, միայն իրենք ունեն, լավ տեղերը զբաղեցրել են, բայց ցածր խավի մասին ոչ ոք չի մտածում: Իրենք էլ հոգ չեն տանում, միայն ընտրությունների ժամանակ 2-3 հազար դրամով թոշակն ու նպաստն են բարձրացնում եւ այդ մասին բարձրաձայնում, անհարմար չեն էլ զգում»: Նա նշեց նաեւ, որ, իր խորին համոզմամբ, «ակտիվության բարձրացմամբ ժողովուրդը շատ բան կարող է անել», հիշեցնելով հայտնի ասացվածքը` «Գյուղ կանգնի` գերան կկոտրի»: Այս լավատեսությունը չկիսեց տարեց մի գյումրեցի տղամարդ, ում կարծիքով, «գները, այդ թվում`շաքարավազինը կրկնակի, պանրինը, ալյուրինը, բարձրացան, Ազգային ժողովի պատգամավորները բարձրաձայնեցին, քննարկեցին, բայց որեւէ բան չփոխվեց»: Ակցիայի ավարտին` ի պատասխան մեր հարցի, Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միության համակարգողը նշեց, որ ակցիան արդյունավետ էր, մեծ թվով մարդիկ միացան կոչին, նույնիսկ երկու մեծ պաստառներին ոչ բոլոր լրացված թերթիկների համար ազատ տեղ գտնվեց: «Խուսափողները շատ էին, բայց նաեւ կարող եմ ասել, որ մասնակիցներն էլ շատ էին, այսինքն` մեր կամավորները լավ աշխատեցին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ: Միջոցառումը, կարելի է ասել, կայացավ: Շատ մարդիկ կան, որ խուսափում են իրենց անուններն ասել, վախի զգացում կա, կամ կարծրատիպեր են գոյացել զուտ այն պատճառով, որ իրենք տարբեր դեպքերում միացել են ինչ-որ կոչերի, ինչն անարդյունավետ է եղել, խոսքը չի լսվել կամ ղեկավարությունը հաշվի չի նստել իրենց հետ»,-ասաց նա` հավելելով, որ «ժողովուրդը մի քիչ թերահավատորեն է մոտենում այս հարցին»: Շիրակի ՀԿ-ների միության թարգմանիչ, համայնքային պատասխանատու Մառա Սաֆարյանի համոզմամբ, ակցիան ավելի արդյունավետ էր, քան ինքը պատկերացնում էր: «Ես նաեւ որոշ հարցումների անցկացման ընթացքում նկատել եմ, որ մարդիկ հաճախ խուսափում են իրենց կարծիքը հայտնելուց, եւ դա կախված է հիմնականում նրանից, որ վախենում են կամ, ինչու չէ, իրենց իրավունքները չգիտեն: Այսօր ես շատ ուրախ եմ նախ այն բանի համար, որ շատ երիտասարդներ` չվախենալով, որ իրենց չեն պատասխանի, կմերժեն, թեեւ այդպիսիք էլ եղան, եռանդով մասնակցեցին ակցիային»: Ըստ նրա, գնաճը հիմնական մասի համար ցավոտ հարց է, այդ իսկ պատճառով մարդիկ ցանկություն հայտնեցին պատասխանել: «Իսկ ովքեր էլ չուզեցին` չգիտեն, որ կարելի է արտահայտվել, մեկ-մեկ էլ` բողոքել»,-եզրակացրեց Մ.Սաֆարյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play