Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամեայ տարելիցը


Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամեայ տարելիցը

  • 30-11-2010 19:33:45   | Հայաստան  |  Յօդուածներ
Պատմութեան, մասնաւորապէս միջազգային յարաբերութիւնների պատմութեան ուսումնասիրութիւնն ինքնանպատակ չէ: Ուսումնասիրելով պատմութիւնը մարդիկ փորձում էն անցեալից դասեր քաղել, որպէսզի նոյն սխալները չկրկնէն ապագայում: Այս առումով թւում է, որ մենք հետեւողականօրէն մերժում ենք պատմութեան դասերը եւ առաջնորդւում ենք ցանկալին իրականի տեղ դնելու մոլորութեամբ: Եթէ այդպէս չլինէր, ապա մենք Ցիւրիխում չէինք ստորագրի հայ-թուրքական խայտառակ արձանագրութիւնները: Արձանա-գրութիւններ, որոնք բերեցին կարճաժամկէտ թուացեալ թեթեւութեան զգացողութիւն, սակայն մնացին անպտուղ ու ամուլ, ըստ այդմ դառնալով քաղաքական օնանիզմի կատարեալ նմուշներ: Իննսուն տարի առաջ այս օրերին տարաբախտ Ալեքսանդրապոլ (Գիւմրի) քաղաքում հայերի ու թուրքերի միջեւ բանակցութիւններ էին ընթանում, մեր կարճատեւ քաղաքական պատմութեան թերեւս դժուարագոյն բանակցութիւնները: Այդ բանակցութիւնները 1920թ. դեկտեմբերի 3-ին աւարտուեցին Ալեքսանդրապոլի ծանրագոյն պայմանագրի ստորագրումով: Բանակցութիւնների ընթացքի, բուն պայմանագրի իրաւական կարգավիճակին եւ բովանդակութեան համեմատական վերլուծութեանը կ'անդրադառնամ յաջորդ յօդուածով, հիմա մի քանի խօսք պայմանագրի նախընթացի մասին: Ի հարկէ, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը մեկուսի երեւոյթ չէր: Այն հետեւանք էր յատկապէս 1920թ. Մայիսեան հայրենակործան ապստամբութիւնից յետոյ Հայաստանում առաջացած ռազմա-քաղաքական իրավիճակի, օրէցօր սերտացող բոլշեւիկա-քեմալական համագործակցութեան, ինչպէս նաեւ Հայաստանի իշխանութիւնների ու ժողովրդի մէջեւ առաջացած հսկայական վիհի: Քանի որ Հայաստանում ներկայ իրավիճակը շատ առումներով կրկնում է 1920թ. մայիս-նոյեմբեր իրավիճակը, ուստի օգտակար եմ համարում որոշ հարցերի քննութիւնը: Ինձ, վստահ եմ նաեւ շատերին, մշտապէս մի հարց է կեղեքել: Ինչպէ՞ս եղաւ, որ բանակի գրեթէ բացակայութեան պայմաններում հայ ժողովուրդը 1918թ. մայիսին բաց դաշտում պարտութեան մատնեց կամ գոնէ արժանի հակահարուած տուեց Օսմանեան բանակին, իսկ ընդամէնը երկուսուկէս տարի յետոյ` 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, 1918թ. համեմատ ունենալով աւելի շատ զէնք, զինամթերք ու զինուոր, նոյն Օսմանեան բանակի մնացորդներից Կարսի ամրակուռ ամրոցում կատարեալ պարտութիւն կրեց: Երբ ուսումնասիրում էս ժամանակի փաստաթղթերը, մամուլն ու յուշագրութիւնները, ապա մի բան ակնյայտ է դառնում` պարտութեան արմատներն աւելի շատ հոգեբանական էին, քան ռազմա-քաղաքական: Ի հարկէ պաշտպանութեան կազմակերպման հարցում ահաւոր սխալէր էն թոյլ տրուել, ի հարկէ եղել էն բազմաթիւ ոչ նպաստաւոր հանգամանքներ, մինչեւիսկ պատահականութիւններ: Իսկ ի՞նչ է, 1918թ. մայիսին դրանք չկային: Ի հարկէ կային: Սակայն 1918թ. մայիսին հայ մարդը եւ զինուորը վստահ էր, որ Օսմանեան բանակը Հարաւային Կովկաս է գալիս աւարտին հասցնելու համար Հայոց ցեղասպանութեան անաւարտ գործը: Ուստի դիմադրութիւնն ու պայքարը այլընտրանք չունէին, կռուելու պատրաստակամութիւնը համաժողովրդական էր: Ի դէպ, Ղարաբաղի առաջին պատերազմի յաղթանակի բուն պատճառը եւս նրա ազգային-ազատագրական բնոյթը եւ համաժողովրդական էութիւնն էր: Իսկ երբ նայում էս 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի իրավիճակին, ապա ակնյայտ է դառնում, որ հայ զինուորը պարզապէս հրաժարուել է կռուելուց, իսկ հայ մարդն ընդհանրապէս դիմադրութիւն ցոյց տալուց: Դրա ամենավառ վկայութիւնը թուրքերի կորուստների թիւն է: Ըստ քեմալականների Արեւելեան ճակատի հրամանատար Քեազիմ Կարաբեքիրի հաշուետուութեան, երեք օրուայ մարտերի ընթացքում (հոկտեմբերի 31 – նոյեմբերի 2, 1920), ներառեալ նաեւ Կարսի գրաւումը, թուրքերը տուել էն ընդամէնը 9 զոհ եւ 42 վիրաւոր: Սա բոլշեւիկեան »ժամանակները փոխուել էն«, »սրանք ուրիշ թուրքեր էն« կարգախօսների մարմնաւորում էր իրական կեանքում: Իսկ »նոր եւ նորացուած թուրքերի« հեռանալուց յետոյ, տեղական իշխանութիւնները 1921թ. մայիսին ստիպուած էին միայն Շիրակի երեք գյուղերում (հին անուանումներով Ղալթաղչի, Աղբուլաղ եւ Բարափոլ) հողին յանձնել 4386 դիակ, որոնց 90%-ը կանայք եւ երեխաներ էին: Սա եւս »նոր եւ նորացուած« թուրքերի հետ եղբայրութիւն անելու քաղաքականութեան դրսեւորումներից էր: Ցաւօք, հիմա էլ նոյն քարոզն է, նոյն հին երգը: Պարզապէս դրսից աջակցութիւն ստացող բոլշեւիկներին հիմա փոխարինում էն զանազան գրանտակեր կազմակերպութիւններ եւ այպես կոչուած քաղաքագետներ: Քանի որ բոլշեւիկները վստահ չէին, թէ միայն հայերին մոլորութեան մէջ գցելով եւ կոտրելով նրանց դիմադրական ոգին, հնարաւոր կը լինի »ոչնչացնել իմպերիալիստական Հայաստանը«, ապա քարոզչութիւնը զուգակցում էին այլ քայլերին հետ: Սկսած 1919 մայիս-յունիսից, երբ Սեմեօն Բուդեօնին հանդիպեց Մուստաֆա Քեմալին, բոլշեւիկները, տարուած համաշխարհային յեղափոխութեան մարմաջով, հսկայական ռազմական եւ նիւթական օգնութիւն էին ցուցաբերում քեմալականներին: Սակայն այդ յարաբերութիւնները յատկապէս սերտացան, երբ 1920թ. օգոստոսի 24-ին կնքուեց քեմալա-բոլշեւիկեան համագործակցութեան գաղտնի համձայանգիրը: Ի դէպ թուրքական կողմից համաձայնագիրը ստորագրողների թւում էր նաեւ պատերազմի յանցագործ, Օսմանեան կայսրութեան ռազմական նախկին նախարար Էնուէր փաշան: Փաստ, որը վկայում է հետեւեալը. թէեւ Քեմալն ու Էնուէրը տարիներ ի վեր ատում էին իրար, հայերի դէմ իրենց պայքարում բոլոր թուրքերը միակամ էն: 1920թ. օգոստոսի 24-ի գաղտնի համաձայնագրից անմիջապէս յետոյ բոշեւիկները քեմալականներին յատկացրեցին 200,6 կգ ոսկի եւ հսկայական քանակութեամբ զէնք-զինամթերք: Ռազմական օգնութեան յատկացումների փաստերը համեմատաբար յայտնի փաստեր էն, սակայն քչերը գիտէն, որ բոլշեւիկները քեմալականներին օգնել էն նաեւ ուղղակիօրէն նրանց շարքերում »հայ իմպերիալիստների« դէմ կռուելով: 1920թ. օգոստոսի վերջին բոլշեւիկեան առաջին զօրախումբը` 7000 հոգի, ժամանեց Էրզրում: Քիչ աւելի ուշ քեմալականերին օգնութեան եկաւ մէկ այլ զօրախումբ` 10 000 հոգի: Եթէ առաջին զօրախմբի պարտականութիւնն էր մասնակցել Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններին, ապա երկրորդ զօրախմբի խնդիրն էր պահել Միջագետքի ճակատը, որպէսզի այնտեղ տեղակայուած բրիտանական ուժերը չկարողանան թիկունքից հարուածել քեմալականներին եւ այդ ձեւով օգնէն Հայաստանին: Ահա այս վիճակում` լքուած դաշնակից Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից, դաւաճանուած դաշնակից Ռուսաստանի կողմից, ներքնապէս տկարացած եւ ռազմականապէս ջախջախուած, Հայաստանի Հանրապետութեան պատուիրկութիւնը 1920թ. նոյեմբերի 24-ին ժամանեց Ալեքսանդրապոլ (Գիւմրի) սկսելու բանակցութիւնները իբր նոր, իրէն յեղափոխական յորջորջող Թուրքիայի հետ: (շարունակութիւնը յաջորդիւ) Արա Պապեան Մոդուս վիւենդի կենտրոնի ղեկավար
  -   Յօդուածներ