Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամյա տարելիցը


Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամյա տարելիցը

  • 30-11-2010 19:33:45   | Հայաստան  |  Վերլուծություն
Պատմության, մասնավորապես միջազգային հարաբերությունների պատմության ուսումնասիրությունն ինքնանպատակ չէ: Ուսումնասիրելով պատմությունը մարդիկ փորձում են անցյալից դասեր քաղել, որպեսզի նույն սխալները չկրկնեն ապագայում: Այս առումով թվում է, որ մենք հետեւողականորեն մերժում ենք պատմության դասերը եւ առաջնորդվում ենք ցանկալին իրականի տեղ դնելու մոլորությամբ: Եթե այդպես չլիներ, ապա մենք Ցյուրիխում չէինք ստորագրի հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները: Արձանա-գրություններ, որոնք բերեցին կարճաժամկետ թվացյալ թեթեւության զգացողություն, սակայն մնացին անպտուղ ու ամուլ, ըստ այդմ դառնալով քաղաքական օնանիզմի կատարյալ նմուշներ: Իննսուն տարի առաջ այս օրերին տարաբախտ Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում հայերի ու թուրքերի միջեւ բանակցություններ էին ընթանում, մեր կարճատեւ քաղաքական պատմության թերեւս դժվարագույն բանակցությունները: Այդ բանակցությունները 1920թ. դեկտեմբերի 3-ին ավարտվեցին Ալեքսանդրապոլի ծանրագույն պայմանագրի ստորագրումով: Բանակցությունների ընթացքի, բուն պայմանագրի իրավական կարգավիճակին եւ բովանդակության համեմատական վերլուծությանը կանդրադառնամ հաջորդ հոդվածով, հիմա մի քանի խոսք պայմանագրի նախընթացի մասին: Իհարկե, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը մեկուսի երեւույթ չէր: Այն հետեւանք էր հատկապես 1920թ. Մայիսյան հայրենակործան ապստամբությունից հետո Հայաստանում առաջացած ռազմա-քաղաքական իրավիճակի, օրեցօր սերտացող բոլշեւիկա-քեմալական համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի մեջեւ առաջացած հսկայական վիհի: Քանի որ Հայաստանում ներկա իրավիճակը շատ առումներով կրկնում է 1920թ. մայիս-նոյեմբեր իրավիճակը, ուստի օգտակար եմ համարում որոշ հարցերի քննությունը: Ինձ, վստահ եմ նաեւ շատերին, մշտապես մի հարց է կեղեքել: Ինչպե՞ս եղավ, որ բանակի գրեթե բացակայության պայմաններում հայ ժողովուրդը 1918թ. մայիսին բաց դաշտում պարտության մատնեց կամ գոնե արժանի հակահարված տվեց Օսմանյան բանակին, իսկ ընդամենը երկուսուկես տարի հետո` 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, 1918թ. համեմատ ունենալով ավելի շատ զենք, զինամթերք ու զինվոր, նույն Օսմանյան բանակի մնացորդներից Կարսի ամրակուռ ամրոցում կատարյալ պարտություն կրեց: Երբ ուսումնասիրում ես ժամանակի փաստաթղթերը, մամուլն ու հուշագրությունները, ապա մի բան ակնհայտ է դառնում` պարտության արմատներն ավելի շատ հոգեբանական էին, քան ռազմա-քաղաքական: Իհարկե պաշտպանության կազմակերպման հարցում ահավոր սխալեր են թույլ տրվել, իհարկե եղել են բազմաթիվ ոչ նպաստավոր հանգամանքներ, մինչեւիսկ պատահականություններ: Իսկ ի՞նչ է, 1918թ. մայիսին դրանք չկային: Իհարկե կային: Սակայն 1918թ. մայիսին հայ մարդը եւ զինվորը վստահ էր, որ Օսմանյան բանակը Հարավային Կովկաս է գալիս ավարտին հասցնելու համար Հայոց ցեղասպանության անավարտ գործը: Ուստի դիմադրությունն ու պայքարը այլընտրանք չունեին, կռվելու պատրաստակամությունը համաժողովրդական էր: Ի դեպ, Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակի բուն պատճառը եւս նրա ազգային-ազատագրական բնույթը եւ համաժողովրդական էությունն էր: Իսկ երբ նայում ես 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի իրավիճակին, ապա ակնհայտ է դառնում, որ հայ զինվորը պարզապես հրաժարվել է կռվելուց, իսկ հայ մարդն ընդհանրապես դիմադրություն ցույց տալուց: Դրա ամենավառ վկայությունը թուրքերի կորուստների թիվն է: Ըստ քեմալականների Արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հաշվետվության, երեք օրվա մարտերի ընթացքում (հոկտեմբերի 31 – նոյեմբերի 2, 1920), ներառյալ նաեւ Կարսի գրավումը, թուրքերը տվել են ընդամենը 9 զոհ եւ 42 վիրավոր: Սա բոլշեւիկյան »ժամանակները փոխվել են«, »սրանք ուրիշ թուրքեր են« կարգախոսների մարմնավորում էր իրական կյանքում: Իսկ »նոր եւ նորացված թուրքերի« հեռանալուց հետո, տեղական իշխանությունները 1921թ. մայիսին ստիպված էին միայն Շիրակի երեք գյուղերում (հին անվանումներով Ղալթաղչի, Աղբուլաղ եւ Բարափոլ) հողին հանձնել 4386 դիակ, որոնց 90%-ը կանայք եւ երեխաներ էին: Սա եւս »նոր եւ նորացված« թուրքերի հետ եղբայրություն անելու քաղաքականության դրսեւորումներից էր: Ցավոք, հիմա էլ նույն քարոզն է, նույն հին երգը: Պարզապես դրսից աջակցություն ստացող բոլշեւիկներին հիմա փոխարինում են զանազան գրանտակեր կազմակերպություններ եւ այպես կոչված քաղաքագետներ: Քանի որ բոլշեւիկները վստահ չէին, թե միայն հայերին մոլորության մեջ գցելով եւ կոտրելով նրանց դիմադրական ոգին, հնարավոր կլինի »ոչնչացնել իմպերիալիստական Հայաստանը«, ապա քարոզչությունը զուգակցում էին այլ քայլերին հետ: Սկսած 1919 մայիս-հունիսից, երբ Սեմյոն Բուդյոնին հանդիպեց Մուստաֆա Քեմալին, բոլշեւիկները, տարված համաշխարհային հեղափոխության մարմաջով, հսկայական ռազմական եւ նյութական օգնություն էին ցուցաբերում քեմալականներին: Սակայն այդ հարաբերությունները հատկապես սերտացան, երբ 1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց քեմալա-բոլշեւիկյան համագործակցության գաղտնի համձայանգիրը: Ի դեպ թուրքական կողմից համաձայնագիրը ստորագրողների թվում էր նաեւ պատերազմի հանցագործ, Օսմանյան կայսրության ռազմական նախկին նախարար Էնվեր փաշան: Փաստ, որը վկայում է հետեւյալը. թեեւ Քեմալն ու Էնվերը տարիներ ի վեր ատում էին իրար, հայերի դեմ իրենց պայքարում բոլոր թուրքերը միակամ են: 1920թ. օգոստոսի 24-ի գաղտնի համաձայնագրից անմիջապես հետո բոշեւիկները քեմալականներին հատկացրեցին 200,6 կգ ոսկի եւ հսկայական քանակությամբ զենք-զինամթերք: Ռազմական օգնության հատկացումների փաստերը համեմատաբար հայտնի փաստեր են, սակայն քչերը գիտեն, որ բոլշեւիկները քեմալականներին օգնել են նաեւ ուղղակիորեն նրանց շարքերում »հայ իմպերիալիստների« դեմ կռվելով: 1920թ. օգոստոսի վերջին բոլշեւիկյան առաջին զորախումբը` 7000 հոգի, ժամանեց Էրզրում: Քիչ ավելի ուշ քեմալականերին օգնության եկավ մեկ այլ զորախումբ` 10 000 հոգի: Եթե առաջին զորախմբի պարտականությունն էր մասնակցել Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, ապա երկրորդ զորախմբի խնդիրն էր պահել Միջագետքի ճակատը, որպեսզի այնտեղ տեղակայված բրիտանական ուժերը չկարողանան թիկունքից հարվածել քեմալականներին եւ այդ ձեւով օգնեն Հայաստանին: Ահա այս վիճակում` լքված դաշնակից Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից, դավաճանված դաշնակից Ռուսաստանի կողմից, ներքնապես տկարացած եւ ռազմականապես ջախջախված, Հայաստանի Հանրապետության պատվիրկությունը 1920թ. նոյեմբերի 24-ին ժամանեց Ալեքսանդրապոլ (Գյումրի) սկսելու բանակցությունները իբր նոր, իրեն հեղափոխական հորջորջող Թուրքիայի հետ: (շարունակությունը հաջորդիվ) Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար .
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play