Գրական ընթերցումներ` եւրոպական 23 քաղաքների հետ` Լոնդոնից Մադրիդ, Կիեւից մինչեւ Միլան եւ Երեւան


Գրական ընթերցումներ` եւրոպական 23 քաղաքների հետ` Լոնդոնից Մադրիդ, Կիեւից մինչեւ Միլան եւ Երեւան

  • 15-05-2012 14:11:15   | Հայաստան  |  Միջազգային

Մայիսի 16-ին եւրոպական 23 քաղաք, միանալով «Գրական գիշեր» նախաձեռնութեանը, կազմակերպում են գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիեւից մինչեւ Միլան եւ Երեւան. մէկ օր եւրոպական քաղաքները միաւորւում են մէկ գաղափարի ներքոյ` ներկայացնել եւրոպական ժամանակակից գրականութիւնը: Արդէն երկրորդ տարին է Բրիտանական խորհրդի նախաձեռնութեամբ Երեւանը մասնակցում է համաեւրոպական այս նախաձեռնութեանը: Նորարար փորձառական արուեստի կենտրոնում երեկոյեան ժամը 7-ից Ֆորում թատրոնի դերասանները կ'ընթերցեն հատուածներ Եարոսլաւ Հաշէկի (Չեխիայ), Վարուժան Ոսկանեանի (Ռումինիայ) եւ Ջոն Ռ.Ռ. Տոլկինի (Միացեալ Թագաւորութիւն) ստեղծագործութիւններից: Եարոսլաւ Հաշէկի «Քաջարի զինուոր Շուեյկի արկածները» վէպը կը լինի հայ ընթերցասէրների ուշադրութեան կենտրոնում: «գրական գիշերէ նախաձեռնութեանը դերասանները կ'ընթերցեն հատուածներ գրողի հանրայայտ վէպից: Չեխական գրականութեան հանրայայտ հերոսի պատմութիւնը մէկ անգամ եւս վեր է հանում պատերազմի անհեթեթութիւնը: Ռումինական գրականութիւնը ներկայացնում է հայազգի Վարուժան Ոսկանեանը: Գրող, հրապարակախօս Վարուժան Ոսկանեանը նաեւ յայտնի քաղաքական գործիչ է, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարը: Գրական գիշերուայ ընթացքում կ'ընթերցեն նրա «Շշուկների գիրքը» ստեղծագործութիւնը: Սա մի պատմութիւն է Ռումինիայի հայ համայնքի ու նրա դառն անցեալի մասին: «Մատանիների տիրակալ»-ի հեղինակ Ջոն Ռ.Ռ. Տոլկինից «Գրական գիշեր» նախաձեռնութեանը կ'ընթերցեն «Հոբիտ կամ գնալն ու գալը» վիպակից հատուածներ: «Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխօսութեանը եւ ստեղծել հարթակ եւրոպական երկրների գրականութեան ներկայացման համար: Սա իւրօրինակ փորձառութիւն է, որը համատեղում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետութիւնը եւ ներկայացման վայրը: «Գրական գիշեր» նախաձեռնութիւնը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եւրամիութեան մշակութային ազգային կենտրոնների միութիւն) հետ համագործակցութեամբ: «Գրական գիշեր» նախաձեռնութիւնը նշւում է աշխարհի բազմաթիւ երկրներում` ներգրաւելով գրողների եւ դերասանների, քաղաքական գործիչների եւ մտաւորականների: Այս ծրագրի շրջանակում տարուայ մէջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի են ունենում ընթերցանութեանն ու գրականութեանը նուիրուած միջոցառումներ` այսպիսով մէկ անգամ եւս կարեւորելով գրականութեան դերը միջմշակութային երկխօսութեան գործում: Լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանեան մասնաճիւղի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալեանին` 055 00 88 58, 010 51 20 61 (109), arevik.badalyan@britishcouncil.am կամ այցելէք www.britishcouncil.am կայքը:
  -   Միջազգային