Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներին

  • 09-07-2010 14:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով յուլիսի 9-ին Ֆրանսիայի Սենատի պատուիրակութեանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխաւորութեամբ, Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել էղ երկու ժողովուրդների միջեւ առկայ ջերմ եւ սերտ եղբայրական կապերին: Նորին Սրբութիւնը գոհունակութիւն է յայտնել հայորդիների հանդէպ Ֆրանսիայի իշխանութիւնների կողմից ցուցաբերուող հոգատար վերաբերմունքի համար, ինչի ականատեսն է եղել Հովվապետական իր այցերի ժամանակ: Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը հիւրերին ներկայացրել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Ֆրանսիայի իշխանութիւնների գործակցութիւնը, որի օրինակներից մէկը Մայր Աթոռի տարածքում գործող բարեգործական մանկական ատամնաբուժարանն է: Խօսքի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը յաջողութիւն է մաղթել ֆրանսիացի պատգամաւորներին հայ-ֆրանսիական բարեկամութեան առաւել ամրապնդման գործում: Իր հերթին Ս.Լագոշը Վեհափառ Հայրապետին է փոխանցել պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամների ողջույններն ու յարգանքը: Խմբի նախագահն անդրադարձել է նաեւ հայ ժողովրդի կապուածութեանը Հայոց Եկեղեցուն, ինչը, ըստ նրա, լաւագոյնս նկատելի է ֆրանսահայ համայնքում: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հանդիպման ընթացքում խօսուել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման կարեւորութեան մասին, որպէսզի այլեւս կանխարգելվեն նման երեւոյթները: Անդրադարձ է կատարուել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի կարեւոր մասնակցութեանը:
  -   Քաղաքական