Ռիչարդ Յովհաննիսեանը յուսով է, որ ԱՄՆ-ի նախագահը կկատարի իր<br /> խոստումը<br />


Ռիչարդ Յովհաննիսեանը յուսով է, որ ԱՄՆ-ի նախագահը կկատարի իր
խոստումը

  • 22-04-2009 19:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կասկած չկայ, որ այս տարի եւս ապրիլի 24-ին ընդառաջ մեծ ճնշումներ կգործադրուեն ԱՄՆ-ի նախագահի վրայ, այդ թւում ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ Պենտագոնի, նաեւ թուրքական կառավարութեան կողմից, որպէսզի նա Հայոց ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ իր ուղերձում չօգտագործի «ցեղասպանութիւն» բառը: Այս մասին ապրիլի 22-ին «Դե ֆակտո» ակումբում հանդիպմանը յայտարարեց Կալիֆորնիայի համալսարանի Արդի հայոց պատմութեան ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր, Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռիչարդ Յովհաննիսեանը: Միաժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանութիւնն այս տարի չճանաչելու դէպքում մեծ ողբերգութիւն չի լինի. ամերիկահայերը, ինչպէս միշտ, կշարունակեն իրենց պայքարը, եւ անշուշտ կքննադատեն Նախագահին` իր սկզբունքներն ու խոստումները դրժելու համար: Ռ.Յովհաննիսեանի խօսքերով, ամերիկահայերի հետեւողականութեան արդիւնքում ԱՄՆ-ի «համարեայ բոլոր մեծ քաղաքները, նահանգները ճանաչել են հայկական ցեղասպանութիւնը»: Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութեանը Ռ.Յովհաննիսեանը նշեց, որ անձամբ իրեն տակաւին յայտնի չէ, թէ արդեօ՞ք Հայաստանն ունի յստակ մշակուած ազգային ծրագիր, այդ թւում նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութիւնն ընդունելու դէպքում առաջադրուելիք պահանջների հարցում: Ըստ նրա, միանշանակ է, որ սահմանի բացումն եւ բոլոր հարեւան երկրների հետ նորմալ դրացիական յարաբերութիւնների հաստատումն անհրաժեշտ է, եւ դա է Հայաստանի իշխանութիւնների` առաջին նախագահից սկսած, որդեգրած դիրքորոշումը:
  -   Քաղաքական