ԵԽԽՎ-ի ապրիլի 27-30-ի նստաշրջանի օրակարգի նախնական<br /> տարբերակում Հայաստանի հարցը ընգրկված չէ<br />


ԵԽԽՎ-ի ապրիլի 27-30-ի նստաշրջանի օրակարգի նախնական
տարբերակում Հայաստանի հարցը ընգրկված չէ

  • 21-04-2009 19:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 27-30-ին Ստրասբուրգում գումարուելիք գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծի նախնական տարբերակում ընգրկված չէ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունէութեան վերաբերեալ Վեհաժողովի ընդունած բանաձեւերի կատարման ընթացքի մասին հարցը: ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի յանձնաժողովի մարտի 30-ի նիստում որոշուել է` Հայաստանի Քրէական օրէնսգրքի բարեփոխուած յոդուածների կիրառման յետագայ ընթացքում արձանագրվելիք արդիւնքներից կախուած, մինչեւ Վեհաժողովի նստաշրջանը, յանձնաժողովում կրկին անդրադառնալ Հայաստանի կողմից պարտաւորութիւնների կատարմանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութիւնից, Մոնիտորինգի յանձնաժողովում հարցի քննարկումը նախատեսուած է ապրիլի 27-ին: Ըստ ԵԽ-ի մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, նստաշրջանում հրատապ ընթացակարգով առաջարկուել է քննարկել երկու հարց: Առաջինը ներկայացուել է Սոցիալիստների խմբի կողմից եւ վերաբերում է Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործունէութեանը, իսկ երկրորդը` Նախարաների կոմիտէի կողմից եւ ակնկալւում է ստանալ կարծիք` Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրութեան վերաբերեալ, որը նպատակաուղղուած է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի ներքին ընթացակարգերի պարզեցմանը: Օրակարգային հարցերի թւում են նաեւ ռուս-վրացական պատերազմի հումանիտար հետեւանքները եւ երկու երկրների կողմից թիւ 1647 բանաձեւի պահանջների կատարումը, ինչպէս նաեւ ԵԽ-ի մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգի 2008թ.-ի գործունէութեան տարեկան զեկոյցը: Նշենք նաեւ, որ նստաշրջանի առաջին օրը նախատեսուած է ԵԽ-ի 60-ամեակին նուիրուած արարողութիւն:
  -   Քաղաքական