2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷՈՎ ԱՆՆԱԽԱԴԷՊ ԾԱԽՍԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ<br /> ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ<br />


2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷՈՎ ԱՆՆԱԽԱԴԷՊ ԾԱԽՍԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

  • 07-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի պետական բիւջէի նախագծով նախատեսւում է, որ յաջորդ տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 9,2%: Այս մասին հոկտեմբերի 7-ի ասուլիսում յայտնեց Ազգային Ժողովի Ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցութեան խորհրդի անդամ Գագիկ Մինասեանը: Նա նաեւ նշեց, որ դեֆիցիտը 2009թ.-ին կկազմի 0,95%, ինչը շատ լաւ ցուցանիշ է: Եւրոմիութեան չափանիշներով, ինչպէս ընդգծեց Գ.Մինասեանը, ռիսկային է համարւում 3%-ից աւելի դեֆիցիտը: Եկող տարուայ բիւջէով, ըստ նրա, ընդհանուր ծախսերը կաւելանան 15%-ով: Աննախադէպ կլինի բնակարանային շինարարութեան համար նախատեսուած ծախսը. նախորդ տարուայ համեմատութեամբ 2009-ին այն կաճի 20%-ով` հասնելով 23,7 մլրդ դրամի (մօտ 79 մլի ԱՄՆ դոլար): Կրթութեան ոլորտում ծախսերը կաւելանան 22,5%-ով, առողջապահութեան բնագաւառում` 20%-ով: 2009թ.-ի բիւջէով, Գ.Մինասեանի խօսքերով, հոգածության տակ են լինելու յատկապէս այն ոլորտները, որոնք «հիմնուած են մարդկային ռեսուրսների վրայ` բժշկութիւն, կրթութիւն, մշակոյթ»: Նոր բիւջէն նախատեսում է նաեւ հարկային եկամուտների 22,1%-ով աճ, ինչը, ըստ նրա, բաւականին մեծ ցուցանիշ է եւ վկայում է ստվերի դէմ իշխանութիւնների պայքարի արդիւնաւէտութեան մասին: ինչ վերաբերում է գնաճին, ապա այն, ԱԺ մշտական յանձնաժողովի նախագահի գնահատմամբ, 2008թ.-ին շատ բարձր էր, թէեւ ԱՊՀ-ի տարածքում առկայ ցուցանիշների հետ համեմատած այնքան էլ վատ մակարդակի վրայ չէր: Այնուամենայնիւ, ըստ Գ.Մինասեանի, կառավարութիւնը հասկանում է, թէ որքան վատ է անդրադառնում գնաճը բնակչութեան յատկապէս սոցիալապէս անապահով խաւի վրայ, հետեւաբար, այժմ քայլեր են ձեռնարկւում, որպէսզի 2009թ.-ին գնաճը չգերազանցի 5%-ը:
  -   Տնտեսութիւն