ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 20-ին
Ալբանիայի Դյուրրես քաղաքում աւարտուեց Եւրոպայի ծանրամարտի
երիտասարդական առաջնութիւնը: Հայաստանի ներկայացուցիչներից Սեւակ
Սահակեանը (105 կգ, Քասախ) երկամարտի 372 կգ արդիւնքով կանգնեց
պատուանդանի 2-րդ աստիճանին եւ արժանացավ արծաթէ պարգեւի: Պոկում
վարժութիւնում նա ցոյց տվեց 171 կգ, իսկ հրումում` 201 կգ
արդիւնք: Արծաթէ պարգեւ նուաճեց նաեւ գերծանր քաշային Ռուբէն
Ալեքսանեանը (Արարատ, 187 կգ + 225 կգ = 412 կգ):
85 կգ քաշայինների պայքարում «բրոնզի» արժանացավ Աղվան
Մելիքեանը (Գիւմրի, 153 կգ - 192 կգ = 345 կգ): Նոյն քաշային
կարգում Արամ Անդրիկեանը (Սեւան) 3-րդն էր հրում վարժութիւնում`
191 կգ:
ՌԴ հաւաքականի կազմում հայազգի Դավիթ Բեկջանյանը ոսկէ
մեդալակիր դարձաւ 105 կգ քաշային կարգում:
Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հաւաքականը
Եւրոպայի առաջնութիւնում նուաճեց 18 մեդալ (3 ոսկէ, 9 արծաթէ եւ 6
բրոնզէ): 32 երկրների 197 մասնակիցների մրցավեճում Հայաստանի թիմը
550 միաւորով գրաւեց 2-րդ պատուաւոր տեղը: 1-ին եւ 3-րդ մրցանակային
տեղերը զբաղեցրին Ռուսաստանի (604 միաւոր) եւ Ալբանիայի (485
միաւոր) հաւաքականները:
Առաջնութեան օրերին տեղի ունեցած ծանրամարտի եւրոպական
ֆեդերացիայի վեհաժողովում 49-րդ անդամ-երկիր ընտրվեց Կոսովոն: