Հայաստան
Հայաստանը չպետք է ուշանայ միջանցքներու նոր քարտէսէն:
23-09-2026 18:31 Քաղաքականութիւն
1in.am Եվրոպան սկսում է նորից գծել Եվրասիայի տնտեսական քարտեզը։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր ամենամյա ելույթում հայտարարեց նոր միջազգային կապակցվածության նախագծի մասին, որը Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան պետք է ուղղակիորեն կապի եվրոպական շուկային։ Middle Corridor-ի զարգացման համար Global Gateway-ի միջոցով նախատեսվում է ներգրավել մինչև 12 միլիարդ եվրոյի պետական եւ մասնավոր ներդրում։ Մինչև 2030 թվականը Բրյուսելը նպատակ ունի եռապատկել առևտրային հոսքերը եւ էապես կրճատել բեռնափոխադրման ժամանակը։
Այս հայտարարությամբ Միջին միջանցքն ամրագրվում է Եվրամիության ռազմավարական առաջնահերթությունների առաջին շարքում։ Այն արդեն դիտարկվում է որպես Եվրոպայի տնտեսական անվտանգության, մատակարարման ուղիների բազմազանեցման եւ Ասիայի հետ երկարաժամկետ կապերի ամրապնդման կարևոր գործիք։
2027 թվականի առաջին կեսին Բուլղարիայում նախատեսված առաջնորդների առաջին գագաթնաժողովը հենց այդ համակարգին քաղաքական ձև է տալու։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեի խոսքով՝ նպատակն է նույն սեղանի շուրջ հավաքել Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, Սևծովյան տարածաշրջանը եւ եվրոպական գործընկերներին։
Ադրբեջանական Trend-ն այս նոր համակարգում առանձնացնում է նաեւ TRIPP-ը՝ այն դիտարկելով որպես Միջին միջանցքի կապակցվածությունն ընդլայնող հնարավոր օղակ։ Վաշինգտոնի TRIPP-ը եւ Բրյուսելի Միջին միջանցքի քաղաքականությունը աստիճանաբար միավորվում են նույն աշխարհատնտեսական տրամաբանության մեջ՝ Կասպից ավազանից դեպի Եվրոպա ավելի արագ, բազմուղի եւ ճգնաժամերին դիմացող կապերի համակարգ ձևավորելու համար։ Բաքուն արդեն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Եվրամիությունն ու Ադրբեջանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնակցությամբ սկսել են Նախիջևանի երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը եւ այն պաշտոնապես տեղադրել Trans-Caspian Transport Corridor-ի ավելի լայն համակարգում։
Հայաստանի համար այստեղ կա ժամանակի խնդիր։
Հայաստանն արդեն այս նոր համակարգի մասնակից է։ Մայիսին Երևանում ստորագրված ԵՄ–Հայաստան կապակցվածության գործընկերությունը համագործակցության առանցքում դրեց տրանսպորտը, էներգետիկան եւ թվային ենթակառուցվածքները։ Փաստաթուղթը Հայաստանի մասնակցությունը կապում է միջտարածաշրջանային օրակարգի եւ Տրանսկասպյան միջանցքի զարգացման հետ։ Հունիսին Երևանը միացավ նաեւ ԵՄ համապատասխան հարթակին, որի միջոցով Բրյուսելը միջազգային ֆինանսական կառույցների հետ համադրում է Սևծովյան տարածաշրջանի եւ Հարավային Կովկասի ներդրումային ծրագրերը։
Հայաստանի գլխավոր խնդիրը հիմա գործընթացին պարզապես մասնակցելը չէ, այլ սեփական դերակատարումը դարձնել անշրջելի։ Տարանցիկ համակարգում երկրի տեղը որոշվում է այն նախնական փուլում, երբ ձևավորվում են երթուղիները, ներդրումային որոշումները եւ խաղի կանոնները։
Երթուղիների ճակատագիրը որոշվում է այն փուլում, երբ ընտրվում են նախագծերը, հաստատվում տեխնիկատնտեսական հաշվարկները, ձևավորվում ֆինանսավորման սխեմաները, համաձայնեցվում տեխնիկական չափանիշները, թվայնացվում մաքսային ընթացակարգերը եւ կնքվում երկարաժամկետ բեռնափոխադրումների պայմանագրերը։ Այդ պահին է տնտեսական աշխարհագրությունը վերածվում քաղաքական փաստի։ Հետագայում արդեն պատրաստ համակարգը փոխելը պահանջում է անհամեմատ ավելի մեծ ժամանակ, կապիտալ եւ քաղաքական ռեսուրս։
Հայաստանի համար վտանգը աշխարհագրական շրջանցումը չէ միայն։ Ավելի լուրջ վտանգը որոշումների ընդունման փուլից ուշանալն է։ Եթե տարածաշրջանային նոր ենթակառուցվածքի հիմնական չափանիշները, ֆինանսական հոսքերն ու բեռնափոխադրումների ուղղությունները ձևավորվեն առանց հայկական նախագծերի լիարժեք ներկայության, երկիրը կարող է ունենալ ճանապարհներ, սակայն չունենալ դրանց տնտեսական ծանրությունը։
Հայաստանին այժմ անհրաժեշտ է եվրոպական ֆինանսավորման համար պատրաստ նախագծերի ամբողջական եւ մրցունակ փաթեթ։
Առաջնային ուղղությունը երկաթուղին է։ Գյումրի-Կարս գծի վերագործարկումը պետք է արագ տեղափոխել տեխնիկական նախապատրաստման, ֆինանսավորման եւ շինարարական որոշումների փուլ։ Եվրամիությունն արդեն հրապարակայնորեն աջակցել է այդ կապի վերականգնմանը՝ Հայաստանն ու Թուրքիան դիտարկելով Տրանսկասպյան երթուղու կարևոր օղակներ։ Հայաստանի խնդիրը հիմա այդ քաղաքական աջակցությունը վերածել ֆինանսավորվող նախագծի եւ տարածաշրջանային տարանցիկ համակարգում երկարաժամկետ դերակատարության։
Երկրորդ շերտը Սյունիքն է։ TRIPP-ը պետք է նախագծվի որպես միջազգային ցանցի մաս՝ երկաթուղով, ավտոճանապարհով, էներգետիկ եւ թվային կապերով։ Սիսիան-Քաջարան ճանապարհը, Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները եւ հարակից ենթակառուցվածքները արդեն ընդգրկված են ԵՄ Global Gateway նախագծերի հայկական ցանկում։
Երրորդ կարևոր ուղղությունը մաքսային համակարգն է։ Տարանցիկ երկրի մրցունակությունը կախված է նաեւ նրանից, թե բեռը որքան արագ է անցնում սահմանը։ Եթե փոխադրողը Հայաստանում ժամեր կորցնի ավելորդ թղթաբանության, կրկնվող ստուգումների կամ չաշխատող թվային համակարգերի պատճառով, նույնիսկ լավ ճանապարհն ու երկաթուղին չեն ապահովի անհրաժեշտ արագություն։ Այդ պատճառով ԵՄ-ն ենթակառուցվածքների զարգացման հետ միասին կարևորում է նաեւ մաքսային ընթացակարգերի պարզեցումը, թվայնացումը եւ տարբեր համակարգերի համատեղելիությունը։
Չորրորդ շերտը էներգետիկան եւ թվային հաղորդակցությունն են։ Նոր եվրասիական ճանապարհը նախատեսված է նաեւ էլեկտրաէներգիայի, տվյալների եւ թվային ծառայությունների համար։ Հայաստանի AI կարողությունները, Հրազդանի նոր տվյալների կենտրոնը, էներգետիկ ցանցերը եւ տեխնոլոգիական հատվածը այստեղ կարող են կապվել նույն աշխարհատնտեսական համակարգին։ ԵՄ-Հայաստան Connectivity Partnership-ը թվային ուղղությամբ հատուկ շեշտում է AI-ն եւ ինժեներական կարողությունները։
Վերջապես անհրաժեշտ է քաղաքական կազմակերպվածություն։
2027 թվականի Բուլղարիայի գագաթնաժողովը Հայաստանի համար պետք է դառնա նախագծերի ներկայացման հարթակ։ Մինչ այդ Երևանը պետք է Բրյուսելի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի, եվրոպական տրանսպորտային ընկերությունների եւ Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ համաձայնեցնի հայկական նախագծերի ցանկը։ Գագաթնաժողովին միայն քաղաքական ուղերձով ներկայանալը բավարար չէ։ Հայաստանը պետք է հասնի այնտեղ արդեն պատրաստ նախագծերով, գործընկերներով եւ ֆինանսավորման շուրջ նախնական պայմանավորվածություններով։
Եվրասիայի զարգացման պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հաղորդակցության հիմնական ուղիները երկարաժամկետ ձևավորում են տարածաշրջանների տնտեսական դերն ու քաղաքական կշիռը։ Մեծ ճանապարհներն ու երկաթուղիները երկար ժամանակով որոշում են առևտրի ուղղությունը, կապիտալի շարժը եւ տարածաշրջանների տնտեսական կշիռը։ Այդ համակարգերի ձևավորման փուլից դուրս մնացած պետությունները հետագայում ստիպված են լինում շատ ավելի մեծ միջոցներ ծախսել իրենց մեկուսացումը հաղթահարելու համար։
Հայաստանի առավելությունն այսօր ստեղծված հնարավորությունների համադրությունն է։ Խաղաղության գործընթացը բացում է նախկինում փակ հաղորդակցությունները։ Եվրամիությունն արդեն Հայաստանին ներառում է Տրանսկասպյան ծրագրերի մեջ։ ԱՄՆ-ը TRIPP-ի միջոցով ներգրավվում է Սյունիքի ենթակառուցվածքային զարգացման մեջ։ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումն էլ վերադարձել է Հայաստան-Թուրքիա օրակարգ։
Այս ուղղությունները պետք է միավորվեն պետական միասնական ռազմավարության մեջ։ Հայաստանին անհրաժեշտ է սեփական նախագծերը կապել եվրոպական ֆինանսավորման, ամերիկյան ներգրավվածության, թուրքական եւ կենտրոնասիական շուկաների ու Սևծովյան ելքերի հետ։ Այդ դեպքում երկիրը կարող է դառնալ տարածաշրջանային հաղորդակցության անհրաժեշտ օղակ՝ տնտեսական արժեք ստեղծելով իր աշխարհագրական դիրքից։
Տարանցիկ արժեքը միայն աշխարհագրությունից չի ծնվում։ Այն ձևավորվում է ենթակառուցվածքով, արագ ու կանխատեսելի ծառայությամբ, վստահելի համակարգերով եւ ժամանակին ընդունված ռազմավարական որոշումներով։
Հայաստանի համար այդ պահը հիմա է։
* Այս բնագիրը ինքնաշխատօրէն թարգմանուած է արհեստական բանականութեան (ԱԲ) կողմէ: