ԵՈՒՆԵՍԿՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ <br /> ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՅԹ<br />


ԵՈՒՆԵՍԿՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ
ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՅԹ

  • 04-10-2007 16:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական դուդուկի երաժշտութիւնը 2005թ.-ին ԵՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակուել է մարդկութեան բանաւոր եւ ոչ նիւթական մշակոյթային գլուխգործոցներից մէկը, եւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի Ազգային յանձնաժողովը պարտաւորուեց 5 տարիների ընթացքում մի շարք ծրագրեր իրականացնել` ուղղուած դուդուկի պրոպագանդմանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց դուդուկահար Գեւորգ Դաբաղեանը, ծրագրի շրջանակներում, հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Երգչախմբային ընկերութիւնում կկազմակերպուի դուդուկահարների հանրապետական մրցոյթ, որին կմասնակցեն 14-35 տարեկան չորս տասյնակից աւելի դուդուկահարներ: Մրցոյթը կունենայ երկու փուլ: Առաջին, երկորդ եւ երրորդ տեղերի համար սահմանուած են դրամական մրցանակներ, սահմանուած է նաեւ խրախուսական մրցանակ: Ժիւրիի կազմում ընդգրկուած են Երգչախմբային ընկերութեան տնօրէն Դավիթ Ղազարեանը, Երեւանի Կոմիտասի անուան կոնսերուատորիայի պրոֆեսորներ Արզաս Ոսկանեանը, Ալինա Փահլեւանյանը, թառահար Նորայր Դավթեանը, ՀՀ վաստակաւոր արտիստ Գեւորգի Մինասովը եւ կոմպոզիտոր Ժիրայր Ալթունեանը: Գ.Դաբաղեանը տեղեկացրեց նաեւ, որ դուդուկի պրոպագանդման նպատակով արդէն հրատարակուել է «Դուդուկի ձեռնարկ», որտեղ ներկայացուած են յայտնի արուեստագէտների վերլուծական յօդուածները, որոնցում կրկին հաստատւում է, որ դուդուկը հայկական գործիք է, եւ նրա հայրենիքը Հայաստանն է: Վերջին երկու տարիների ընթացքում հանրապետութեան բոլոր մարզերում անցկացուել են բարձր որակաւորման դուդուկի դասընթացներ: «Իմ նպատակն է այնպէս անել, որ ամբողջ աշխարհում տարածուած դուդուկը չշեղվի իր մաքուր եւ բնական վիճակից: Իսկ հանրապետութեան մարզերում անցկացուող դասընթացների միջոցով փորձում ենք ճիշտ ձեւով ներկայացնել մեր ազգային նվագարանը»,- նշեց Գ.Դաբաղեանը: Դուդուկահարը տեղեկացրեց նաեւ, որ ի տարբերութիւն միւս ժողգործիքների, երաժշտական դպրոցների դուդուկի բաժնում սովորում են մեծ թւով երեխաներ:
  -   Մշակոյթ