ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
04-10-2007 16:40:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական դուդուկի
երաժշտությունը 2005թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է
մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից
մեկը, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի Ազգային հանձնաժողովը պարտավորվեց 5
տարիների ընթացքում մի շարք ծրագրեր իրականացնել` ուղղված դուդուկի
պրոպագանդմանը:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց դուդուկահար Գեւորգ
Դաբաղյանը, ծրագրի շրջանակներում, հոկտեմբերի 6-ին, Հայաստանի
Երգչախմբային ընկերությունում կկազմակերպվի դուդուկահարների
հանրապետական մրցույթ, որին կմասնակցեն 14-35 տարեկան չորս
տասյնակից ավելի դուդուկահարներ: Մրցույթը կունենա երկու փուլ:
Առաջին, երկորդ եւ երրորդ տեղերի համար սահմանված են դրամական
մրցանակներ, սահմանված է նաեւ խրախուսական մրցանակ:
Ժյուրիի կազմում ընդգրկված են Երգչախմբային ընկերության
տնօրեն Դավիթ Ղազարյանը, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի
պրոֆեսորներ Արզաս Ոսկանյանը, Ալինա Փահլեւանյանը, թառահար Նորայր
Դավթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգի Մինասովը եւ կոմպոզիտոր
Ժիրայր Ալթունյանը:
Գ.Դաբաղյանը տեղեկացրեց նաեւ, որ դուդուկի պրոպագանդման նպատակով
արդեն հրատարակվել է «Դուդուկի ձեռնարկ», որտեղ ներկայացված են
հայտնի արվեստագետների վերլուծական հոդվածները, որոնցում
կրկին հաստատվում է, որ դուդուկը հայկական գործիք է, եւ նրա
հայրենիքը Հայաստանն է:
Վերջին երկու տարիների ընթացքում հանրապետության բոլոր
մարզերում անցկացվել են բարձր որակավորման դուդուկի դասընթացներ:
«Իմ նպատակն է այնպես անել, որ ամբողջ աշխարհում տարածված դուդուկը
չշեղվի իր մաքուր եւ բնական վիճակից: Իսկ հանրապետության մարզերում
անցկացվող դասընթացների միջոցով փորձում ենք ճիշտ ձեւով
ներկայացնել մեր ազգային նվագարանը»,- նշեց Գ.Դաբաղյանը:
Դուդուկահարը տեղեկացրեց նաեւ, որ ի տարբերություն մյուս
ժողգործիքների, երաժշտական դպրոցների դուդուկի բաժնում սովորում են
մեծ թվով երեխաներ: