ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՑ «ԱԶԱՏՈՒԹԻՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐԱՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ «ԱՐ ՌԱԴԻՈ»-Ի ՅԱՃԱԽՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՑ «ԱԶԱՏՈՒԹԻՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐԱՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ «ԱՐ ՌԱԴԻՈ»-Ի ՅԱՃԱԽՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ

  • 02-08-2007 16:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեան հաղորդումները օգոստոսի 15-ից կվերահեռարձակվեն միջմայրցամաքային «Ար ռադիո»-ի յաճախութիւններով: Ըստ Ամերիկեան հեռարձակումների տնօրէնների խորհրդի հաղորդագրութեան, օրերս ստորագրուած համապատասխան պայմանագիրը ուժի մէջ է մինչեւ 2008 թուականի սեպտեմբերի 14-ը: Նշւում է, որ «Ար ռադիոն» ունի 23 հաղորդակ, որոնք ծածկում են Երեւանն ու մի շարք հեռաւոր շրջաններ: Յիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ռադիոյի ղեկավարութիւնը յուլիսի կէսերին յայտարարել էր, որ օգոստոսի 9-ից դադարեցնելու է «Ազատութիւն» ռադիոկայանի հեռարձակումը իր ցանցի 80 հաղորդակներով: «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեան ծրագրերը Հայաստանի հանրային ռադիոյի ցանցով հեռարձակւում են 1998թ.-ից: Պայմանագրի երկարաձգման հարցով յուլիսին Երեւանում երեք օր տեւած բանակցութիւնները լուծման չյանգեցրին: «Մենք գոհ ենք, որ բազմաթիւ հայ ունկնդիրները հնարաւորութիւն կունենան այսուհետ եւս լսել մեր ծրագրերը միջմայրցամաքային «Ար ռադիո»-ով»,- ասել է «Ազատ Եւրոպա/Ազատութիւն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը: Միաժամանակ նա համոզմունք է յայտնել, որ «Ազատութիւն» ռադիոկայանի հաղորդումները պէտք է մատչելի լինի Հայաստանի ողջ տարածքում: «Հարիւր հազարաւոր ունկնդիրներ վստահում են «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեանը եւ սպասում են մեր ճշգրիտ, համակողմանի լրատվությանը»,- նշել է Ջ.Գեդմինը:
  -   Հասարակութիւն