ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇԱՐՈՒԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄԶԿԻԹԸ
30-07-2007 16:37:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 29-ին
Պակիստանում «Թալիբան» շարժման մօտ 150 գրոհայիններ Մոմանդի
շրջանում պաշարել են մի մզկիթ: Գրոհայիններն իրենց
վերահսկողութիւնն են հաստատել նաեւ մզկիթի հարեւանութեամբ գտնուող,
ժամանակին բրիտանական գաղութարարների դէմ պայքարող Հաջի Սահիբ
Թուրանգզայի գերեզմանը:
Ըստ տեղեկութիւնների, գրոհայիններն այդ քայլով իրենց բողոքի
ձայնն են բարձրացրել կառավարական զօրքերի` Իսլամաբադում
իրականացրած Կարմիր մզկիթի գրոհի դէմ: Նրանք յայտարարել են, թէ
«Մոմանդում կան 3 հազար մարտիկներ, որոնք պատրաստ են յանուն
հաւատքի զոհել իրենց կեանքը»:
Յիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանութեան եւ
զօրքերի կողմից յուլիսի 3-ին շրջափակվել էր իսլամիստ ուսանողների
եւ ներքին զօրքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից
յետոյ, ինչի հետեւանքով զոհուել էր 12 եւ վիրաւորուել 150 մարդ:
Յուլիսի 11-ին երկրի կառավարական զորքերը ծայրայեղականներից
ամբողջութեամբ ազատագրել էին երկրի մայրաքաղաքում գտնուող մզկիթը:
Գրոհի ժամանակ սպանուել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ
Գազին: Իսկ յուլիսի 27-ին մզկիթի մերձակայքում տեղի էր ունեցել
պայթիւն, ինչի հետեւանքով զոհուել էր 12 եւ վիրաւորուել 40 մարդ: