ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՅԱՆՁՆՈՒԵԼ ՔՐԷԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
ՆՈՐ ՇԷՆՔԸ
23-03-2007 17:46:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորում շահագործման է
յանձնուել քրէակատարողական հիմնարկի նոր շէնքը, որը նախատեսուած է
240 դատապարտյալ եւ կալանաւոր անձանց պահելու համար: Ներկայումս
այնտեղ պահւում են 104 նման անձինք:
Շէնքը կառուցուել է Հայաստանի քրէակատարողական հիմնարկների
արդիականացման ծրագրի շրջանակներում: Ծրագիրն ամբողջութեամբ
նախատեսւում է իրականացնել 12 տարուայ ընթացքում:
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժէքը կազմել է 1 մլրդ
254,5 մլն դրամ: Նախագծային եւ փաստացի շինարարութեան արժէքային
տնտեսումը, ըստ ՀՀ արդարադատութեան հասարակայնութեան հետ կապերի
վարչութեան հաղորդագրութեան, կազմել է 70 մլն 835 հազ. դրամ (մօտ
200 հազ. ԱՄՆ դոլար): Քրէակատարողական հիմնարկի հին շէնքը 19-րդ
դարում կառուցոուած Հայաստանի հնագոյն կալանավայրերից էր: Բարձր
խոնաւութեան պատճառով այդ շէնքի առաջին հարկը գրեթէ չէր
օգտագործւում, ազատազրկուած անձինք պահւում էին միայն 2-րդ հարկի
խցերում:
Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՀ արդարադատութեան
նախարար Դավիթ Յարութիւնեյանը, քրէակատարողական հիմնարկների
արդիականացման ծրագրի շրջանակներում վերջերս վերաբացվել է նաեւ
Արթիկի քրէակատարողական հիմնարկը: Հաւանաբար, կվերակառուցուեն նաեւ
Հրազդանի ներկայումս չգործող հիմնարկը եւ Աբովեանի քրէակատարողական
հիմնարկը: Մնացած քրէակատարողական հաստատութիւններում, ըստ
նախարարի, որոնց շէնքերի վերակառուցումն անհնարին է, նախատեսւում է
կառուցել նոր շէնքեր:
Ըստ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Քրէակատարողական
վարչութեան պետ Աշոտ Մարտիրոսեանի, Վանաձորի քրէակատարողական
հիմնարկում առկայ են թափուր տեղեր` նուազագոյնը 70 հազար դրամ
աշխատավարձով: