Բիւջէտային ծախսերի կրճատում կայ, սակայն սեկվեստր` չկայ,-
հաւաստիացնում է Հայաստանի ֆինանսների նախարարը
08-04-2009 19:32:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախորդ տարուայ նոյն
ժամանակահատուածի համեմատ 2009թ.-ի յունուար-փետրվար ամիսներին
Հայաստանում ՀՆԱ-ն կրճատուել է 3,7%-ով: Այս մասին ապրիլի 8-ին ՀՀ
Ազգային Ժողովում յայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան
Դավթեանը: Նրա խօսքերով, դա վատ է, սակայն ԱՊՀ-ի որոշ այլ
երկրներում վիճակն աւելի վատ է. օրինակ, Ուկրաինայում ՀՆԱ-ն
կրճատուել է 30%-ով, իսկ Ռուսաստանում` 12%-ով: Դա, ըստ Տ.Դաւթեանի,
վկայում է այն մասին, որ Հայաստանի վրայ համաշխարհային տնտեսական
ճգնաժամը համեմատաբար աւելի քիչ է ազդում: Նախարարը նշեց նաեւ, որ
հարկերի հաւաքագրման ծաւալները շատ աւելի փոքր են, քան նախատեսւում
էր, թէեւ մարտ ամսին տարեսկզբի համեմատ հաւաքագրումը փոքր ինչ աճել
է:
Պատասխանելով պատգամաւորների հարցերին, նախարարը նշեց, որ
թէեւ կառավարութեանը որոշում կայացրել է բիւջէտային ծախսերի
վերաբեշխման եւ կրճատման մասին, սակայն դա չի կարելի բիւջէի
սեկվեստր համարել:
Պատասխանելով «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն
Մարտիրոսեանի այն հարցին, թէ ինչու՞ են կառավարութեան անդամները
ճգնաժամի պայմաններում շարունակում արտերկիր բիզնեսկարգով
երթեւեկել, նախարարը տեղեկացրեց, որ կառավարութիւնն անցել է խիստ
խնայողութեան, մասնաւորապէս, գործուղման ծախսերը կիսով չափ
կրճատուել են: