Հայաստանի ԱԺ է ներկայացուել երկրում դոլարացման մակարդակի
նուազեցմանը նպաստող օրենսդրական փաթեթի նախագիծ
08-04-2009 18:40:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողով է
ներկայացուել «Վարչական իրաւախախտումների մասին» օրէնսգրքում եւ
«Արժոյթային կարգաւորման եւ արժոյթային վերահսկողութեան մասին» ՀՀ
օրէնքում փոփոխութիւններ կատարելու օրենսդրական փաթեթ, որի
ընդունման նպատակն է ՀՀ դրամի պահանջարկի մեծացումը եւ երկրում
դոլարացման մակարդակի նուազեցումը: Այս մասին ապրիլի 8-ի ասուլիսում
յայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը:
Նրա խօսքերով, դոլարացման բարձր մակարադակը հարուածում է
յատկապէս բնակչութեան անապահով խաւերի շահերին, քանի որ արտերկրում
արժոյթային շուկաների տատանումներն ազդում են նաեւ Հայաստանի
տնտեսական իրավիճակի վրայ: Նշուեց, որ, ըստ գործող օրէնսդրութեան,
Հայաստանում արգելւում է գործարքների եւ վճարումների, դրանց
գնանշումների իրականացումն արտարժոյթով, եւ եթէ նախկինում օրէնքի
այդ պահանջն առաջին անգամ խախտողների նկատմամբ կիրառւում էր
նուազագոյն աշխատավարձի 100-ապատիկի չափով (100 հազ. դրամ կամ մօտ
270,3 ԱՄՆ դոլար), իսկ երկրորդ անգամ խախտողների նկատմամբ`
200-ապատիկի չափով տուգանք, ապա, ըստ ԱԺ ներկայացուած օրենսդրական
փաթեթի, նախատեսւում է կիրառել, համապատասխանաբար, նուազագոյն
աշխատավարձի 2000-ապատիկի եւ 4000-ապատիկի չափով տուգանք: Ընդ
որում, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորվող սուբյեկտների նկատմամբ
հսկողութիւնն իրականացնելու է ԿԲ-ն, իսկ այլ տնտեսվարողների
նկատմամբ` ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէն:
Օրէնքի նշուած դրույթը չի տարածուի արտաքին տնտեսական գործունէութեան
շրջանակներում կատարւող գործարքների վրայ:
Ա.Ջաւադեանի տուեալներով, Հայաստանին հարեւան շատ երկրներում
դոլարացման մակարդակը հասել է 90%-ի, Հայաստանի բանկերում
աւանդների ընդհանուր ծաւալում արտարժոյթով աւանդների բաժինը, մօտ
73% է. արտարժոյթով ավանդներում եւրոյի, ռուբլու եւ այլ
արտարժոյթների բաժինը 5% է: Իսկ 2008թ.-ին դրամով աւանդների
բաժինը 65% էր, արտարժոյթով աւանդներինը` 35%: Նման փոփոխութիւնը
ՀՀ ԿԲ-ի նախագահը պայմանավորեց 2008թ.-ի դեկտեմբերին, 2009թ.-ի
յունուար-փետրուարին արտարժոյթի փոխարժէքի նկատմամբ աւանդատուների
մօտ ձեւաւորուած սպասումներով, որոնց ազդեցութեամբ նրանք շտապել են
դրամով ավանդերը վերաձեւակերպել դոլարայինի: