Որոշ առեւտրի կէտերի տուեալները ուղարկուել են Պետական
եկամուտների կոմիտէ
09-03-2009 17:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական
մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը մարտի 9-ին
Պետական եկամուտների կոմիտէ է ուղարկել առեւտրի այն կէտերի
տուեալները, որտեղ մարտի 3-6-ի` դոլարի փոխարժէքի տատանման
պատրուակով արձանագրուել է առաջին անհրաժեշտութեան մի քանի
ապրանքատեսակների գների աճ: Ցանկն ուղարկուել է Պետեկամուտների
կոմիտէ` նշեալ առեւտրի կէտերում ստուգումներ իրականացնելիս
ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշուի առնելու
նպատակով:
Ինչպէս նշուած է յանձնաժողովի մամլոյ հաղորդագրութիւնում,
համաձայն մարզերից ստացուած տուեալների, մարզերում շաքարաւազը,
կարագը, ձեթը, բրինձը եւ ալիւրը իրացւում են աւելի բարձր գներով,
քան Երեւանում: Պետեկամուտների կոմիտէի ստուգումները կընդգրկեն
նաեւ մարզերի տնտեսվարողներին:
Միաժամանակ նշւում է, որ ալիւրի շուկայում գործող տնտեսվարող
սուբյեկտներն իջեցրել են ալիւրի մատակարարման գները` մինչեւ
թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալիւրի 50 կիլոգրամանոց
մէկ պարկն արժէ 7,8 հազար դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ:
Շաքարաւազը մանրածախ ցանցերին իրացւում է 245 դրամով (բարձրացուել
էր մինչեւ 270 դրամի):
Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում
վարույթներն ընթացքի մէջ են, իսկ միւս շուկաներում մոնիտորինգը
շարունակւում է: