ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, 2007 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԿԱԶՄԻ
4,1%
12-01-2007 20:40:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի
կանխատեսումների, 2007թ.-ի դեկտեմբերին 2006թ.-ի դեկտեմբերի
նկատմամբ գնաճը կկազմի շուրջ 4,1%, այն դէպքում, երբ 2006թ.-ի
դեկտեմբերին 2005թ.-ի դեկտեմբերի նկատմամբ այն կազմել է 5,2%:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի
ծառայութիւնից, ԿԲ-ում կանխատեսում են, որ 2007 թ.-ի ընթացքում
կշարունակուի եւրոյի սահուն արժէքաւորումը եւ տարեվերջին 1 եւրոյի
փոխարժեքը կկազմի 1,35 ԱՄՆ դոլար: Այս սպասումների հիմքում ընկած
են ԱՄՆ-ի տնտեսութեան պետական բիւջէի եւ ընթացիկ հաշուի
պակասուրդները, որոնք գտնւում են բաւականին բարձր մակարդակների
վրայ: Բացի այդ, կշարունակուի ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային համակարգի
ու Եւրոպական Կենտրոնական բանկի տոկոսադրույքների միջեւ
տարբերութեան կրճատումը յօգուտ եւրոյի: Ինչ վերաբերում է նաւթի
գներին, ապա կանխատեսւում է, որ այն կհասնի մինչեւ 80 ԱՄՆ դոլարի 1
բարէլի դիմաց` ներկայիս 61 դոլարի փոխարէն:
Միջազգային ֆինանսական պայմաններն աւելի խիստ կլինեն
2007թ.-ին` կապուած գրեթէ բոլոր զարգացած երկրների կենտրոնական
բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացման հետ: Բացառութիւն
կկազմի ԱՄՆ-ի տնտեսութիւնը, որտեղ 2007թ.-ի առաջին կիսամեակում
ակնկալւում է տոկոսադրույքների նուազեցում` ցածր տնտեսական աճի եւ
դեռեւս բարձր, բայց արդէն նուազող գնաճի պայմաններում: Այս
խստացումը կբերի զարգացած երկրներ, ինչպէս նաեւ դէպի Հայաստան
կապիտալի ներհոսքի որոշակի թուլացման:
Հացահատիկի գների կապակցութեամբ նշւում է, որ որոշակիօրէն
թուլացել են գների աճի ռիսկերը կապուած Ռուսաստանի բերքի բաւարար
լինելու եւ Ռուսաստանից արտահանուող հացահատիկի ծաւալների ոչ մեծ
չափով կրճատման հանգամանքի հետ:
2007թ.-ի ընթացքում Հայաստանում սպասւում է տնտեսական աճի
տեմպերի դանդաղում նախորդ տարիների նկատմամբ. կնուազեն կապիտալ
շինարարութեան աճի տեմպերը, գիւղատնտեսութեան եւ ծառայութիւնների
աճի տեմպերը կպահպանուեն, իսկ արդիւնաբերութեան ճիւղում
ակնկալւում է որոշ աճ: Միաժամանակ, համախառն պահանջարկի
կառուցուածքում 2007թ.-ի ընթացքում ակնկալւում է ներքին պահանջարկի
աճի տեմպի որոշակի նուազում եւ արտահանման աճի տեմպերի աւելացում:
Ընդ որում, ներքին պահանջարկի բաղադրատարրերից պետական ծախսերի
իրական աճի արագացմանը զուգընթաց որոշ չափով նվազելու է մասնաւոր
ծախսումների իրական աճի տեմպը: Ինչպէս եւ նախորդ տարիներին, այն
պայմանաւորւելու է բնակչութեան եկամուտների շարունակական
աւելացմամբ, նաեւ մասնաւոր տրանսֆերտների զգալի ներհոսքով:
Մասնաւոր ներդրումների աճի տեմպը կմնայ բարձր եւ կարձանագրվի
հիմնականում բնակարանային շինարարութեան, տրանսպորտի եւ կապի,
էներգետիկայի, հանքագործական, մետաղագործական, քիմիական
արդիւնաբերութեան ենթաճյուղերում:
2007թ.-ի արտահանման ակնկալուող աճը կապահովուի
արդիւնաբերութեան ճիւղի աճի վերականգնմամբ, ադամանդագործութեան
ենթաճյուղում կառուցուածքային խնդիրների լուծմամբ: Ներմուծման
դոլարային գների աճի տեմպերի դանդաղման եւ կանխատեսված պահանջարկի
պայմաններում իրական ներմուծման աճի տեմպերը նախորդ տարուայ նկատմամբ
կպահպանուեն:
2007թ.-ին աշխատանքի շուկան բնութագրող ցուցանիշները
կշարունակեն վերջին հինգ տարիների ընթացքում դրսեւորած վարքագիծը:
Մասնաւորապէս, աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճով պայմանաւորուած`
կշարունակուի կրճատուել գործազրկութեան մակարդակը` յատկապէս
շինարարութեան եւ ծառայութիւնների ոլորտներում: Քանի որ վերը
նշուած ճիւղերը հանդիսանում են ՀՆԱ-ի աճը ապահովող հիմնական
ճյուղեր եւ արտադրողականութեան մեծ աճ չեն պահանջում,
տնտեսութիւնում աշխատավարձերի աճը կշարունակի գերազանցել
արտադրողականութեան աճի ցուցանիշը: Նշուածի արդիւնքում որոշակի
գնաճային ճնշումներ կառաջանան սպառողական շուկայում:
Գնաճի վրայ ընդլայնող ազդեցութիւն կունենան նաեւ մասնաւոր
տրանսֆերտները, որոնց աճի տեմպերը փոքր-ինչ կնուազեն:
2007թ.-ին համախառն պահանջարկի վրայ սպասւում է
հարկաբիւջետային քաղաքականութեան չնչին ընդլայնող ազդեցութիւն,
ինչը հիմանականում պայմանաւորուած կլինի ծախսերի ընդլայնվող
ազդեցութեամբ:
Ենթադրւում է, որ նախորդ երկու տարիներին արձանագրուած
դրամայնացման գործընթացը կպահպանուի նաեւ 2007թ.-ին` պայմանաւորուած
տնտեսութեան դրամայնացմանն ուղղուած մի շարք միջոցառումների
ձեռնարկմամբ:
2007թ.-ին կշարունակուեն ֆինանսական միջնորդութեան աճի
միտումները, որոնք կարտահայտվեն դրամային բազմարկչի, փողայնացման
եւ դրամայնացման գործակիցների աճերով: Միաժամանակ, կարձանագրվի
տնտեսութեան դոլարացման նուազում:
Այս տարի կպահպանուեն նաեւ տնտեսութեան վարկաւորման աճի բարձր
տեմպերը` պայմանաւորուած բանկերի կողմից նախորդ տարի ստացուած մեծ
ծաւալի շահոյթի, ինչպէս նաեւ 2007թ.-ի ընթացքում կանոնադրական
կապիտալի համալրման միջոցների հաշուին մեծածաւալ վարկային ծրագրերի
իրականացմամբ, մասնաւորապէս, հիպոթեքային վարկաւորման ակնկալուող
մեծ ծաւալներով: