ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, 2007 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԿԱԶՄԻ<br /> 4,1%<br />


ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, 2007 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԿԱԶՄԻ
4,1%

  • 12-01-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2007թ.-ի դեկտեմբերին 2006թ.-ի դեկտեմբերի նկատմամբ գնաճը կկազմի շուրջ 4,1%, այն դէպքում, երբ 2006թ.-ի դեկտեմբերին 2005թ.-ի դեկտեմբերի նկատմամբ այն կազմել է 5,2%: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայութիւնից, ԿԲ-ում կանխատեսում են, որ 2007 թ.-ի ընթացքում կշարունակուի եւրոյի սահուն արժէքաւորումը եւ տարեվերջին 1 եւրոյի փոխարժեքը կկազմի 1,35 ԱՄՆ դոլար: Այս սպասումների հիմքում ընկած են ԱՄՆ-ի տնտեսութեան պետական բիւջէի եւ ընթացիկ հաշուի պակասուրդները, որոնք գտնւում են բաւականին բարձր մակարդակների վրայ: Բացի այդ, կշարունակուի ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային համակարգի ու Եւրոպական Կենտրոնական բանկի տոկոսադրույքների միջեւ տարբերութեան կրճատումը յօգուտ եւրոյի: Ինչ վերաբերում է նաւթի գներին, ապա կանխատեսւում է, որ այն կհասնի մինչեւ 80 ԱՄՆ դոլարի 1 բարէլի դիմաց` ներկայիս 61 դոլարի փոխարէն: Միջազգային ֆինանսական պայմաններն աւելի խիստ կլինեն 2007թ.-ին` կապուած գրեթէ բոլոր զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացման հետ: Բացառութիւն կկազմի ԱՄՆ-ի տնտեսութիւնը, որտեղ 2007թ.-ի առաջին կիսամեակում ակնկալւում է տոկոսադրույքների նուազեցում` ցածր տնտեսական աճի եւ դեռեւս բարձր, բայց արդէն նուազող գնաճի պայմաններում: Այս խստացումը կբերի զարգացած երկրներ, ինչպէս նաեւ դէպի Հայաստան կապիտալի ներհոսքի որոշակի թուլացման: Հացահատիկի գների կապակցութեամբ նշւում է, որ որոշակիօրէն թուլացել են գների աճի ռիսկերը կապուած Ռուսաստանի բերքի բաւարար լինելու եւ Ռուսաստանից արտահանուող հացահատիկի ծաւալների ոչ մեծ չափով կրճատման հանգամանքի հետ: 2007թ.-ի ընթացքում Հայաստանում սպասւում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում նախորդ տարիների նկատմամբ. կնուազեն կապիտալ շինարարութեան աճի տեմպերը, գիւղատնտեսութեան եւ ծառայութիւնների աճի տեմպերը կպահպանուեն, իսկ արդիւնաբերութեան ճիւղում ակնկալւում է որոշ աճ: Միաժամանակ, համախառն պահանջարկի կառուցուածքում 2007թ.-ի ընթացքում ակնկալւում է ներքին պահանջարկի աճի տեմպի որոշակի նուազում եւ արտահանման աճի տեմպերի աւելացում: Ընդ որում, ներքին պահանջարկի բաղադրատարրերից պետական ծախսերի իրական աճի արագացմանը զուգընթաց որոշ չափով նվազելու է մասնաւոր ծախսումների իրական աճի տեմպը: Ինչպէս եւ նախորդ տարիներին, այն պայմանաւորւելու է բնակչութեան եկամուտների շարունակական աւելացմամբ, նաեւ մասնաւոր տրանսֆերտների զգալի ներհոսքով: Մասնաւոր ներդրումների աճի տեմպը կմնայ բարձր եւ կարձանագրվի հիմնականում բնակարանային շինարարութեան, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի, հանքագործական, մետաղագործական, քիմիական արդիւնաբերութեան ենթաճյուղերում: 2007թ.-ի արտահանման ակնկալուող աճը կապահովուի արդիւնաբերութեան ճիւղի աճի վերականգնմամբ, ադամանդագործութեան ենթաճյուղում կառուցուածքային խնդիրների լուծմամբ: Ներմուծման դոլարային գների աճի տեմպերի դանդաղման եւ կանխատեսված պահանջարկի պայմաններում իրական ներմուծման աճի տեմպերը նախորդ տարուայ նկատմամբ կպահպանուեն: 2007թ.-ին աշխատանքի շուկան բնութագրող ցուցանիշները կշարունակեն վերջին հինգ տարիների ընթացքում դրսեւորած վարքագիծը: Մասնաւորապէս, աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճով պայմանաւորուած` կշարունակուի կրճատուել գործազրկութեան մակարդակը` յատկապէս շինարարութեան եւ ծառայութիւնների ոլորտներում: Քանի որ վերը նշուած ճիւղերը հանդիսանում են ՀՆԱ-ի աճը ապահովող հիմնական ճյուղեր եւ արտադրողականութեան մեծ աճ չեն պահանջում, տնտեսութիւնում աշխատավարձերի աճը կշարունակի գերազանցել արտադրողականութեան աճի ցուցանիշը: Նշուածի արդիւնքում որոշակի գնաճային ճնշումներ կառաջանան սպառողական շուկայում: Գնաճի վրայ ընդլայնող ազդեցութիւն կունենան նաեւ մասնաւոր տրանսֆերտները, որոնց աճի տեմպերը փոքր-ինչ կնուազեն: 2007թ.-ին համախառն պահանջարկի վրայ սպասւում է հարկաբիւջետային քաղաքականութեան չնչին ընդլայնող ազդեցութիւն, ինչը հիմանականում պայմանաւորուած կլինի ծախսերի ընդլայնվող ազդեցութեամբ: Ենթադրւում է, որ նախորդ երկու տարիներին արձանագրուած դրամայնացման գործընթացը կպահպանուի նաեւ 2007թ.-ին` պայմանաւորուած տնտեսութեան դրամայնացմանն ուղղուած մի շարք միջոցառումների ձեռնարկմամբ: 2007թ.-ին կշարունակուեն ֆինանսական միջնորդութեան աճի միտումները, որոնք կարտահայտվեն դրամային բազմարկչի, փողայնացման եւ դրամայնացման գործակիցների աճերով: Միաժամանակ, կարձանագրվի տնտեսութեան դոլարացման նուազում: Այս տարի կպահպանուեն նաեւ տնտեսութեան վարկաւորման աճի բարձր տեմպերը` պայմանաւորուած բանկերի կողմից նախորդ տարի ստացուած մեծ ծաւալի շահոյթի, ինչպէս նաեւ 2007թ.-ի ընթացքում կանոնադրական կապիտալի համալրման միջոցների հաշուին մեծածաւալ վարկային ծրագրերի իրականացմամբ, մասնաւորապէս, հիպոթեքային վարկաւորման ակնկալուող մեծ ծաւալներով:
  -   Տնտեսութիւն