Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթի կիսաեզրափակիչ փուլը սկսված է


Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթի կիսաեզրափակիչ փուլը սկսված է

  • 17-11-2011 19:40:53   | Հայաստան  |  Մշակույթ

"Ժամանակ մի կորցրո՜ւ, կարդա՜" նշանաբանով ընթերցանության հանրապետական մրցույթի կիսաեզրափակիչ փուլն Արարատի մարզում անցկացվեց մարզկենտրոն Արտաշատում: Մրցույթն անցկացվել է տարիքային երկու խմբերի` 2-4-րդ եւ 5-7-րդ դասարանների աշակերտների շրջանում, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 3-ական աշակերտ: "Երեւան-2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք" միջոցառման շրջանակներում կազմակերպված ընթերցանության հանրապետական առաջին մրցույթն անց է կացվում "Էդիթ Պրինտ" հրատարակչության եւ Երեւանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ: Այն նպատակ ունի բարձրացնել ընթերցանության ցուցանիշը բնակչության` հատկապես երեխաների շրջանում: Հրատարակչության կողմից մրցույթի մասնակիցներին տրվել են պատվոգրեր, գրքեր եւ զեղչի կտրոններ, որոնցով մարզի երեխաները կարող են նույն մարզի վաճառակետերից օգտվել 20% զեղչից: Իսկ մրցույթին չմասնակցած աշակերտների համար անցկացվեց վիկտորինա, որի ընթացքում հարցերին ճիշտ պատասխանած երեխաները նույնպես ստացան նվերներ: Կազմակերպվել էին նաեւ հանդիպումներ "Էդիթ Պրինտ" հրատարակչության կողմից թողարկվող "Ուրախ գնացք" մանկական եւ "Իմ մոլորակը" պատանեկան ամսագրերի խմբագրակազմի հետ: Արտաշատի թիվ 5 դպրոցում հրատարակչությունը կազմակերպել էր նաեւ մանկապատանեկան գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ գրքերը վաճառում էին ինքնարժեքից ցածր գներով: Այս բոլոր միջոցառումներն իրականացվել եւ դեռ կիրականացվեն ընթերցանության հանրապետական առաջին մրցույթի կիսաեզրափակիչ փուլին զուգահեռ, որն, ինչպես մրցույթի պատասխանատուներն են ասում, բոլոր մարզերում էլ վերածվելու է գրքի իսկական տոնի: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2012թ-ի փետրվարին, Երեւանում։ Եզրափակիչ փուլի մասնակիցների ցուցակը կհայտարարվի մարզերում եւ Երեւանում կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play