Դոկտ. Թեսսա Հոֆման. Հարցականի Տակ Դրված Ցեղասպանությունը


Դոկտ. Թեսսա Հոֆման. Հարցականի Տակ Դրված Ցեղասպանությունը

  • 30-11-2011 08:03:48   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացում պաշտոնական թուրքական ներկայացուցիչների շարունակական ժխտողական դիրքորոշումն այն է, որ միայն պատմաբանները իրավունք ունեն պատասխանելու այն հարցին, թե հայ ժողովրդի զանգվածային կոտորածներն ու բռնի տեղահանումները (դեպորտացիա) Օսմանյան սուլթանությունում ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ: Հաշվի առնելով հարցի իրավական չափանիշները, որքան այս ձեւաչափը սխալ է ու շփոթեցնող, նույնքան հաջողված է ժամանակ ձգելու եւ իրավական - դատական գործընթացը խանգարելու ու շեղելու իմսատով: Թե որքանով են իսկապես նպատակային եւ արժեքավոր հայ-թուրքական պատմաբանների հանձնախմբի աշխատանքները, ցույց է տալիս ներկայիս Workshop of Armenian Turkish Studies-ը (WATS), որոնք ազատ կամքով ի մի եկած գիտնականներ են, մեծամասնությամբ սոցիոլոգներ, թուրքագետներ, հայագետներ եւ այլն: WATS-ի հետ համագործակցում են լիբերալ թուրք գիտնականներ Թուրքիայից եւ ԱՄՆ-ից, նաեւ հայ գիտնականներ ԱՄՆ-ից եւ այլ երկրների մասնագետներ, բայց ոչ Հայաստանից: WATS-ը ստեղծվեց 2000թ. մարտին, գրեթե միաժամանակ, երբ ստեղծվեց Թուրք-հայկական հաշտեցման հանձնախումբը (TARK) եւ այս տարիներին կազմակերպել է յոթ համագումար (workshop) ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ավստրիայի համալսարաններում` համոզված լինելով, որ գիտությունը երկխոսությամբ միայն կարող է զարգանալ (էջ 4): Արդյունքում, հրատարակվել է մի գիրք, որի վերնագիրն ու ենթավերնագիրը ինքնին հուշում են WATS-ի տկարությունը` էլ ինչի՞ն է ծառայում այս գիտությունը, եթե նա ցեղասպանության փաստից մեկ դար հետո նույնիսկ չի ցանկանում, կամ չի կարողանում, կամ էլ իրավունք չունի պատասխանելու այն հարցին, թե պետականորեն նախաձեռնված այս գերոճրագործությունը ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ, եւ կամ` հանցագործության փաստը կարելի՞ է այլեւս հայտարարել հստակեցված: Ինչպես գրքի հրատարակիչներ Սյունին եւ Գոչեքը իրենց ներածականում են խոստովանում` մեկ տասնամյակ միասնական քննարկումներից հետո համաձայնության չեն եկել, թե “մի ազգի սպանությունը”, այս պարագայում` հայերի եւ ասորիների, ծրագրվա՞ծ էր, թե՞ դժբախտ հետեւանք, մի դաժան բռնի տեղահանման ծրագրի արդյունք, հետեւաբար եւ մի եզակի դիպված ուշ օսմանյան պատմության ժամանակաշրջանի մայրամուտին (էջ 10): WATS-ում միաձայն են մի հարցում, որ երիտթուրքերը չունեին նախօրոք կազմած բնաջնջման ծրագիր, որ միայն 1915թ. մարտին նրանք որոշեցին սկսել հետեւողական բռնի տեղահանումը: Այս եզրահանգումը հակասում է գրքի գիտական ձեռքբերումներին, ինչպես նաեւ Սյունիի եւ Գոչեքի որոշ արտահայտություններին: Հասկացության խառնաշփոթ "Էթնիկական զտո՞ւմ, բռնի տեղահանու՞մ, թե՞ ցեղասպանություն? ? Հատկանշական է ոչ հստակ կեցվածքը, որը սկիզբ է առնում ներկա լիբերալ-թուրք գաղափարախոսությունից, ինչն էլ հատկապես տեսանելի է գրքի հրատարակիչ Ֆաթմա Մյուգե Գոչեքի հոդվածում: Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսորը խուսափում է ընդհանրապես հայերի կոտորածներն ու բռնի տեղահանումները որակել որպես ցեղասպանություն: Իր հոդվածում, բացի էջ 50-ում, դա ամբողջովին որակավորում է` որպես “էթնիկ մաքրագործում”: Մի բան, որ եռակի անգամ խնդրահարույց է: Առաջին` ցեղասպանությունն ու էթնիկ զտումը բնավ էլ հոմանիշ չեն, քանի որ մի ժողովրդի տեղահանումը միշտ չէ, որ բնաջնջման նպատակով է արվում: Երկրորդ` հետ-սոցիալիստական բոսնիական հակամարտությունից (1992թ.) սերած հասկացությունը, ի տարբերություն ցեղասպանության եզրույթի, չունի իրավաբանական պարտավորեցնող սահմանում եւ, վերջապես, անհարմար ու անտեղի "էթնիկ զտում" եզրույթը, որը հանցագործների բառապաշարն է եւ, որը որակավորում է մարդկանց` որպես կեղտ, որը պետք է զտվի եւ մաքրվի: Որ բռնի տեղահանումները վտանգավոր են եւ ծավալվելով կարող են վերաճել ցեղասպանության, ո՛չ Գոչեքի, ո՛չ էլ մյուսների կողմից չի դառնում խնդրահարույց, ո՛չ էլ բռնի տեղահանումների եւ էթնիկ զտումների մեջ է տարբերություն դրվում: Ֆ. Մ. Գոչեքը իր հոդվածում ստորաբաժանում է թուրքական պատմագրությունը` "հայերի էթնիկ զտումը", երեք ժամանակաշրջանների, բնորոշելով` օսմանյան հետազոտական պատմություն (Osmanischen investigativen Narrativ), հանրապետական պաշտոնական պատմություն (Republikanischen defensiven Narrativ) եւ հետազգայնական քննադատական պատմություն (Postnationalistschen kritischen Narrativ): Մասնավորապես երկրորդ ժամանակաշրջանում տեսանելի են նրա նկարագրության քաղաքական եւ գաղափարական ուրվագծերը: Միասնական պատմությո՞ւն Գրքի վերնագիրը` "Հայերն ու թուրքերը օսմանյան հարստության ավարտին", մատնանշում է WATS-ի թեզերից մեկը, որը Ֆ. Մ. Գոչեքը կարեւորում է, որպես նախապայման թուրքական հետազգայնական ուսումնասիրության համար (Էջ 52) եւ ուշ օսմանական ժամանակաշրջանի հայերի եւ թուրքերի պատմությունը "վերակառուցում է", որպես միասնական պատմություն: Սա էլ շատ վիճահարույց խնդիր է, երբ նկատի ենք առնում հայերի, թուրքերի եւ մյուս ժողովուրդների իրարից խորթացումը հատկապես 1915-ից առաջ եւ 1915-ից հետո, ինչպես նաեւ նրանց անհավասար տեղն ու դերը օսմանական իրավական եւ տնտեսական դաշտում: Ոչ մի բան այնքան հուժկու չի հեռացնում մարդկային հասարակությունը (ազգ, էթնիկ, կրոնական համայնքներ) միմյանցից, որքան ցեղասպանությունը, հատկապես, երբ ցեղասպանության ոճրագործությունը ո՛չ իրավաբանորեն եւ ո՛չ էլ հասարակության կողմից է հաղթահարվել եւ երբ դրա հետեւանքով վերապրողների ու նրանց սերնունդների ոչ տառապանքն է ավարտվել, ոչ էլ ապաքինում է տեղի ունեցել: Այս գլխավոր մեթոդաբանական եւ հոգեբանական խնդիրը WATS-ի կողմից լրիվ անտեսվում է: WATS-ի առաջամարտիկների գիտակցության մեջ քաղաքականությունն է խանգարող ազդակ, որ հայ-թուրք հակամարտությունների պատճառը Հայկական հարցի քաղաքականացումն է, այն էլ ոչ գիտնականների կամ դիվանագետների կողմից: Այսինքն, թե թուրքական պաշտոնական ուրացումները եւ թե երրորդ կառավարությունների միջամտությունները ցեղասպանության ճանաչման հարցում խլել են պատմաբաններից այդ պարտականությունը եւ հայ-թուրքական ազատ ու ընդգրկուն քննարկումը դժվարացրել են (էջ 8): Հրանտ Դինքի եւ Օրհան Փամուկի աղմկալից բողոքները 2006թ. Ֆրանսիայում ցեղասպանության ուրացման քրեական պատժի կիրառման դեմ ընդունվում են, որպես դրական օրինակներ գիտության անսահմանափակ ազատության պաշտպանություն (9): Կամ հակառակ եղանակով ձեւակերպված` ազատ լինել հանցագործության պատմական իրականությունը հերքելու, թվում է WATS-ի խոսնակներին անվիճելի նախապայման ուսումնասիրությունների համար: Պատճառի ուսումնասիրությունն ու ժամանակագրության հարցը Իր հոդվածում “Writing Genocide” (Գրի առնված ցեղասպանություն) ամերիկացի քաղաքագետ-պատմաբան Ռոլանդ Գ. Սյունին քննադատական մոտեցում ունի Հայոց ցեղասպանության հետ առնչվող ուսումնասիրությունների նկատմամբ, որոնք, ըստ իր պատկերացումների, սկսվել են 1980-ի վերջերից: Թուրքական ուրացումները սակայն այդ ուսումնասիրությունը սահմանափակել են, քանի որ ճնշման տակ ցեղասպանության իրողությունը ապացուցելու հետեւանքով մեկնաբանության կարեւոր հարցերը մատնվել են մոռացության (25): Վահագն Տատրյանն ու Փիթր Պալակյանը ընդունել են իսլամը որպես ցեղասպանության գլխավոր ազդակ, իսկ արեւելագետ Բեռնարդ Լեւիսը եւ հայագետ Ստեփան Ասատրյանը` ազգայնականությունը: Մյուս ուսումնասիրողները, ինչպես Դոնալդ Բլոքսհամը, հիմք ընդունելով գերմանացի NՏ-ուսումնասիրող Հանս Մոմզենի տեսության` արմատականության վերելքում, որի պատասխանատվությունը առավել կրում է Օսմանյան սուլթանության պետական վերնախավը, թե՛ներսում, թե՛արտերկրում (35): Բրիտանացի սոցիոլոգ Միխայել Մանը (ժողովրդավարության մութ կողմը, էթնիկական զտման տեսություն, 2007) ընդունում է աստիճանաբար արմատականացումը: Ըստ նրա` Օսմանյան սուլթանությունը մտել էր “ցեղասպանության վտանգի գոտին” արդեն 1913թ., երբ երիտթուրքերի հետ միասին իշխանության հասուն արմատականները բախվեցին մի “մրցակից խմբի”` հայերին (38): Նրան պետք է ընդդիմախոսել, քանի որ պետականությունից զուրկ եւ Օսմանյան Թուրքիայում շարունակ հալածված հայերը դժվար թե երիտթուրքերի համար մրցակից լինեին: 1914թ. սկզբին Թուրքիային պարտադրված “հայկական բարենորոգությունների էական դերը” բնաջնջման նպատակների հասունացումը, ուսումնասիրություններում լրիվ թերագնահատվում է: Սյունիի կարծիքով այսօր հետեւյալ հիմնավորումները պիտի դառնան ընդհանուրի սեփականությունը. 1. Օսմանյան պետությունը փոխակերպվում էր, երիտթուրքերի իշխանության ներքո մի բազմազգ պետություն գնում էր դեպի աճող պանթուրքական եւ պանիսլամական պետություն: 2. Թշնամական զգացմունքները հայերի եւ թուրքերի միջեւ մեծանում էին: Անվստահությունը հայերի նկատմամբ եւ հայերը որպես “ներքին թշնամիներ” ընկալումը զարգացրեց երիտթուրքերի մոտ համոզում, թե հայերի բնաջնջումը անհրաժեշտ եւ խելամիտ միջոցառում է: 3. Առաջին համաշխարհային պատերազմը վերջապես տվեց հայերի հետ հաշվեհարդար տեսնելու սպասված հնարավորությունը: Սյունին թելադրում է նաեւ, որ պանիսլամության, երիտթրքության եւ քեմալականության մեջ նույնականություն չփնտրել, քանի որ երիտթուրքերը ձգտում էին ազգային միատարրության` միայն ապահովության նկատառումներից ելնելով, այն էլ` մի ճգնաժամային ժամանակաշրջանում, նվազ ազգակերտման պատճառներով (34 էջ), թեեւ նրանք իրենց ազգայնական քաղաքականությամբ թուրքական էթնոազգայնականությանը նպաստել են: Այս փորձը` երիտթուրքերի ցեղասպանական ազգային քաղաքականությունը, որպես պատերազմական “անհրաժեշտություն” ներկայացնելը, որպեսզի հնարավոր լինի նրանց իրենց ժառանգորդ քեմալականներից տարբերել, շատ վիճահարույց է: Քանզի, որքան էլ վերլուծության մեջ մանրակրկիտ լինելը գովելի է, այնուամենայնիվ ճշգրիտ եզրահանգման արձանագրումը չպետք է աչքաթող անել: Քեմալականների “արմատական ժողովրդագրական քաղաքականությունը”, փաստորեն, ամբողջացրեց երիտթուրքերի սկսած Փոքր Ասիայի եւ Միջագետքի տեղաբնիկ քրիստոնյաների ցեղասպանությունը: Զոհի աչքում երկրորդական է երիտթուրքերը միատարր էթնիկ ծրագիր էին հետապնդում, թե շահագրգռված էին Օսմանյան Սուլթանությունը կործանումից փրկելու: Առկա է նաեւ ուրիշ թերություն, որը Սյունիի հոդվածը հատկանշում է, որպես օտար լեզուների չիմացություն. սա վերաբերում է նաեւ մյուսներին, որոնք անգլիախոսներ են եւ օգտագործում են միայն անգլերեն աղբյուրներ եւ երկրորդական գրականություն: Քանակով մեծ գրականությունը գերմաներեն է, որը նկատի չի առնվում եւ կամ էլ միայն թարգմանված մեջբերումներ են կատարվում: Ֆրանսերեն գրականությունն էլ է լրիվ անտեսվում, ինչի հետեւանքով սխալներն ու սխալ ըմբռնումներն անխուսափելի են: Սյունին շփոթում է Լեփսիուսի հրատարակած դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն` “Գերմանիան եւ Հայաստանը”, Լեփսիուսի սեփական զեկույցի` “Հայ ժողովրդի մահվան երթի” հետ (էջ 15, տողատակը): Ազգ առանց հայրենիքի Գիրքը բաղկացած է 15 հոդվածներից, 6 բովանդակային տարբեր գլուխներից, որոնք բնութագրում են հոդվածագիրների դիրքորոշումները: Ամենահետաքրքիրներից է Ստեփան Ասատրյանի հոդվածը` “The Silence of the land” (Երկրի լռությունը): Գյուղատնտեսական հարաբերությունները, ազգությունն ու իշխանությունը: Հոդվածագիրն ուսումնասիրում է գյուղական անհավասար զարգացումները Արեւելյան Անատոլիայում, այսինքն` Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում, 1859-1914թթ. ժամանակահատվածում` նկատի ունենալով Օսմանյան սուլթանության իսլամ բնակչության ներգաղթերը եւ այդ պատճառով սրված միջէթնիկ հարաբերությունները: Նա հանգում է շշմեցնող եզրահանգման, որտեղ երեւութապես հայկական եւ հունական` հակառակ ընթացող շահերը գտնվում էին կործանման եզրին: Արեւելյան Անատոլիայի քրիստոնյաների կալվածքների խնդիրը 18-րդ դարի վերջերից սկսած, 8 միլիոն փախստականների ներգաղթով, սրվում է մինչեւ Առաջին աշխարհամարտը, նրանք համարյա զրկվում են իրենց կալվածքներից: Սկզբում թվում էր, թե Կիլիկիայում ավելի նպաստավոր իրավիճակ է: Իբրահիմ փաշայի` Եգիպտոսի փոխարքայի որդու, պաշտոնավարության 8 տարիներին շրջանը վերելք է ապահովում: Նա ճանապարհները բարեկարգում, ներմուծում է բամբակի մշակումն ու ֆելախների բնակեցումը: Փոքր Ասիայի արեւելյան շրջաններից փախած հայերն ու հույները գտնում են ավելի նպաստավոր տնտեսական պայմաններ 1871թ. կալվածքների նորացված օրենքի եւ հոդված 14-ի հրամանով (Խաթի Հոմայան, 1856) գնում են գյուղատնտեսության հարմար պիտանի հողամասեր: Որպես քրիստոնյա հողատերեր եւ ֆերմերներ` նրանք նորագույն գյուղատնտեսական տեխնիկա են օգտագործում: Այս բոլորը գրգռում է իսլամ հողազուրկ գյուղացիության սոցիալական նախանձը: Ասատրյանին համոզիչ եղանակով հաջողվել է երկու իրարից տարբեր օրինակներով, ինչպիսիք են` Կիլիկիան եւ Փոքր Ասիայի արեւելյան շրջանները, պատկերել, թե “Հայկական հարցը” մի գյուղատնտեսական երկրում, ինչպիսին է Օսմանյան սուլթանությունը, պիտի դառնար հողային, տարածքային հակամարտության պատճառ: Այն լուծվեց ի նպաստ զավթիչների` կոտորածների ու բռնագաղթի միջոցով: Քրիստոնյաները հիմնական օրենքից` հողային սեփականությունից եւ ունեցվածքից, զրկվեցին Օսմանյան սուլթանության արեւելյան նահանգներում, ինչպես նաեւ 1915-ից հետո` Կիլիկիայում: Գաղթ եւ բռնագաղթ Դիարբեքիրցի Ֆուաթ Դունդարը, ինչպես նաեւ Ուգոռ Ումիթ Ունգոռը, որն իր կրթությունը ստացել է Հոլանդիայում, իրենց հոդվածներում հետազոտում են ազգությունների նկատմամբ Օսմանյան քաղաքականությունը, բռնագաղթը, գաղթը եւ ազգերի կազմվելու զարգացման փոխկապակցությունները: Ֆ. Դունդարը (1) իր հոդվածում նկարագրում է Սիրիայի հյուսիս-արեւելյան եւ Տեր Զորի նկատմամբ քաղաքականությունը. վերջինը իր չոր կլիմայի պատճառով սակավաբնակ էր: Արդեն 19-րդ դարի 50-ական թթ. երեւան եկան նախագծեր, որոնց համաձայն այդ շրջանի հսկողությունից դուրս բեդվինները նոր իսլամ վերաբնակների միջոցով պիտի հսկվեին, խաղաղվեին: 1891թ. երկու չերքեզական ցեղեր բնակեցրին այդ շրջաններում, մյուս վերաբնակեցման նախագծերը չիրականացան: Պատճառը կարելի է գտնել պառլամենտական քննարկումներում, 1914թ. հուլիսի 6-ին, որտեղ Այդինի շրջանին օսմանյան հույն պատգամավոր Էմմանուել Էմմանուելիդիսը գանգատվել էր ներքին գործոց նախարար Թալեաթին, թե Բալկաններից գաղթած իսլամների նպատակաուղղված վերաբնակեցումները հունական Իոնա շրջանի գյուղերում եւ քաղաքներում հաճախ պատճառ են հարձակվելու քրիստոնյա բնակչության վրա: Էմմանուելիդիսը առաջարկեց չբնակեցված տարածքներ գաղթականների վերաբնակեցման համար(280): Թալեաթի պատասխանը մերկացնող բնույթ ուներ, նա խոստովանեց, որ գաղթականները (այդ ժամանակ խոսքը 270.000-ի մասին էր) ամբողջովին սովամահ են եղել, քանի որ դրամական միջոց չի եղել շրջանը զարգացնելու: Գուցե հենց այդ պատճառով ճիշտ 10 ամիս հետո Թալեաթը որոշեց 1.5 միլիոն հայեր ուղարկել նույն հետամնաց եւ սովալլուկ շրջանը: 1915թ. ապրիլ ամսից Տեր Զորն ու շրջակայքը որոշված էր, որպես հայ բռնագաղթվածների տարածք եւ խիստ հսկվում էր, որ “նրանց քանակը ավելին չլինի, քան իսլամական զինուժի եւ ցեղերի 10 տոկոսը”, նրանց բնակարաններն էլ չհասնի 10 տոկոսի: Իրենց Անատոլիական բնօրրանում ապրելու իրավունք ունեին միայն արհեստավորների ու զինվորականների ընտանիքները, ինչպես նաեւ կաթոլիկները, բողոքականները, որբերը եւ միայնակ կանայք: Իսլամացած հայերը բռնի տեղահանությունից հետո միայն մի քանի շաբաթ գոյատեւեցին (բացառությամբ իսլամացած հայուհիների, եթե նրանք ամուսնացած էին իսլամների հետ). 1915թ. հուլիսի 13-ին Թալեաթը լքյալ կալվածքների հանձնախմբի տնօրենին կարգադրում է իրականացնել “Հայկական հարցի վերջնական լուծումը”: Թուրքի Թուրքիան Հոլանդիայում հայտնի սոցիոլոգ եւ պատմաբան Ու. Ունգոռը (2) “ժողովրդագրության քաղաքականություն”-ը ընտրել է որպես վերնագիր իր ժողովածուի համար: Այնտեղ քննված են պետության 6 հանգրվանային բռնամիջոցները, որոնք միտված են ստեղծելու միատարր բնակչություն եւ որոնք սկսվում են վիճակագրության կեղծարարությամբ եւ ավարտվում ցեղասպանությամբ (288): Համաձայն բրիտանական աղբյուրների` Թալեաթը երիտթուրքական կուսակցության նիստի ժամանակ` 1910թ. հայտարարել է “Թուրքերի Թուրքիան” քաղաքական կարգախոսը (294): 1914թ. մայիս, հունիս եւ օգոստոս ամիսներին` ռազմական նախարարությունում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների ժամանակ հայտարարել է “ոչ թուրքական ցեղերի բնաջնջման” դժոխային ծրագրի ձեւակերպումը, որոնք առաջին հերթին հասցեագրված էին Օսմանյան քրիստոնյաներին` հայերին, սուրիանիներին (արամեալեզու քրիստոնյաներ) եւ հույներին (վերջինին անվանել են “ներքին չարորակ ուռուցք”), իսկ հետո` ոչ թուրք իսլամներին: Քրդերի բռնի տեղահանումները սկսվել են 1916-ին եւ շարունակվել նաեւ հանրապետական Թուրքիայի օրոք: Հոդվածի ամենակարեւոր վաստակն այն է, որ հոդվածագիրը շարունակականություն է տեսնում բռնի տեղահանումների եւ բնաջնջման ծրագրերում` 1908-50-ական թթ. ընթացքում: Հոդվածագիրը զոհ ժողովուրդներին համեմատական կարգով առանձնացնում է, ինչով էլ ժամանակագրական առումով ընդդիմախոսում է գրքի հրատարակիչ Սյունիին: “Բայց երիտթուրքերի առանձնակի քաղաքականությունն ազգությունների նկատմամբ ուժեղ կապակցված էր հանրապետական Թուրքիային, ավելին` Հայերի ցեղասպանությունը ֆինանսապես կարելի դարձրեց իսլամների ներգաղթն ու վերաբնակեցումը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ քրդերի բռնի տեղահանումները”: Քեմալական “ազատագրական պայքարը (1919-23 թթ.) անմիջական շարունակությունն էր երիտթուրքերի ծրագրի, որի հետ սերտ առնչված էր քրիստոնյաների բնաջնջումն Անատոլիայում, ինչին երիտթուրքերն ու քեմալիստները նույնանման ձեւակերպում էին տվել` հայտարարելով Անատոլիան թուրքականության բնօրրան”: Հոլանդացի թուրքագետ Էրիկ Յան Ցուրխերը, երկրին խորթ, Բալկաններից եւ Հյուսիս- Կովկասից եկած երիտթուրք վերնախավին անվանել է “սահմանամերձ երկրների զավակներ” եւ հայերի ու մյուս տեղաբնիկ քրիստոնյաների ցեղասպանությունը կոչել` Եվրոպայի իսլամների ոճրագործություն Անատոլիայի քրիստոնյաների նկատմամբ: Ու. Ունգոռը, նկատի առնելով բռնի տեղահանման եւ բնաջնջման հերթականությունը, հիշում է, թե “1875-1915թթ. փոթորկալից ժամանակաշրջանում տարբեր էթնիկ խմբեր Օսմանյան սուլթանությունում եւ հետո հանրապետական Թուրքիայում ենթարկվել են էթնիկ զտման` հարատեւ կոտորածների ու ժողովրդագրական մեքենայությունների եւ բռնի տեղահանվելով բնաջնջվել են: Զոհերը եղել են առավելապես Բալկանների իսլամները, իսկ Անատոլիայում` գլխավորապես քրիստոնյաները (304)”: ————————————- 1.Vgl. Auch Monographie F. Duendars “Crime of numbers: The Role of Statistics in the Armenian Question (1878-1918”, 2010: 2.Vgl. Vom selben Autor die Monographien “The making of modern Turkey: Nation and State in Eastern Anatolia, 1913-1950” und “Young Turk Social Engineering: Mass Violence and the Nation State in Eastern Turkey, 1913-1950? (Diss., 2009): Դոկտ. Թեսսա Հոֆման, «Ուխտ Արարատի», Թիւ 2(22)
Նոյյան տապան  -   Վերլուծություն