Հարութ Սասունյան. «Կոնգրեսի կոչը Թուրքիային, որ վերադարձնի եկեղեցիները. փոխհատուցման առաջին հաջող փորձ»


Հարութ Սասունյան. «Կոնգրեսի կոչը Թուրքիային, որ վերադարձնի եկեղեցիները. փոխհատուցման առաջին հաջող փորձ»

  • 21-12-2011 10:00:35   |   |  Վերլուծություն

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Թուրքիան մեծ պարտություն կրեց անցյալ շաբաթ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ նշանակալից մի բանաձեւ ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված ավելի քան 2,000 քրիստոնեական եկեղեցիներ եւ այլ կալվածքներ «իրենց օրինական տերերին»: Այս հաղթանակը հատկապես նշանակալից է, քանի որ այն տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի հեղինակությունը հասել է իր գագաթնակետին թե՛ տարածաշրջանում, եւ թե՛ միջազգայնորեն: Սակայն, չնայած իր հզոր քաղաքական եւ տնտեսական ուժին՝ ոչ թուրքական ռեժիմը, ոչ էլ իր հզոր լոբբիստները չկարողացան բացահայտ կերպով դեմ դուրս գալ Կոնգրեսի ընդունած բանաձեւին, որը կոչված էր պաշտպանելու Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների կրոնական իրավունքները: Սա է պատճառը, որ, հուլիսի 20-ին բանաձեւը հեշտությամբ ընդունվեց ձայների 43-1 հարաբերությամբ, երբ առաջին անգամ ներկայացվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին, որպես Պետդեպարտամենտի արտաքին հարբերությունների լիազորման ակտում փոփոխություն: Դեկտեմբերի 13-ին, մինչ բանաձեւը կդրվեր քվեարկության Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Պետդեպարտամենտը Թուրքիայի խնդրանքով զգույշ, սակայն ապարդյուն փորձ կատարեց խոչընդոտելու համար բանաձեւի ընդունումը: Թուրք-ամերիկյան կազմակերպությունները նաեւ անհաջող քարոզչական պայքար մղեցին ընդդեմ բանաձեւի: Պալատի ո՛չ Հանրապետական մեծամասնական եւ ո՛չ էլ ժողովրդավարական փոքրամասնական կուսակցության անդամներն ուշադրություն չդարձրեցին նրանց մերժողական պահանջներին: Այս ուժեղ երկկուսակցական համախմբումը հաջողությամբ հավաքեց բանաձեւի ընդունման համար պահանջվող Ներկայացուցիչների պալատի ձայների երկու-երրորդը՝ մի դժվար հաղթահարելի խոչընդոտ, քանի որ միջնորդությունը ներկայացվել էր «Կասեցման օրացույցի» հատուկ խորհրդարանական ընթացակարգի համաձայն: Թուրքիայի կառավարությունը եւ իր մեծածախս լոբբիստական ընկերությունները ամոթալի կացության մատնվեցին, երբ Կոնգրեսի 435 անդամներից միայն մեկը խոսեց եւ քվեարկեց բանաձեւի դեմ: Ավելին, Կոնգրեսի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Էդ Ուայթֆիլդը պատրաստակամորեն ընդունեց, որ ոչ «շատերը դեմ կլինեն այս բանաձեւին»: Հետո նա ավելացրեց. «բանաձեւի ներկայացումն ինքնին որեւէ անաչառ դիտորդի մոտ կթողնի այն տպավորությունը, որ կրոնական ազատությունը կանոնավոր կերպով խախտվում է Թուրքիայում»: Մի քանի րոպե այս ու այն կողմ ընկնելուց հետո, չիմանալով ինչպես ավարտել իր խոսքը, կոնգրեսական Ուայթֆիլդն իր խոսքի մնացած ժամանակը տրամադրեց իր հակառակորդներին՝ բանաձեւի կողմնակիցներին: Նման աղետալի պարտությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չէր կարող ոչինչ ասել, քան արտահայտել իր հիասթափությունը: Սա Թուրքիային բնորոշ գործելակերպ է. ի սկզբանե մեծ ուժ գործադրել եւ սպառնալիքներ ներկայացնել անբարենպաստ որոշումից խուսափելու համար եւ պարտվելուց հետո միայն բանաձեւը որակել անկարեւոր թաքցնելու համար իրենց ամոթալի պարտությունը: Եթե Թուրքիայի կառավարությունը կարեւորություն չէր տալիս այդ բանաձեւին, ապա ինչու՞ նրանք ամբողջ աշխարհն իրար խառնեցին՝ փորձելով այն տապալել: Միամիտ հանրությանն ապակողմնորոշելու համար թուրք պաշտոնատարները պնդեցին, որ բանաձեւն ընդունվել է երկուսի դեմ մեկ քվեյով, առանց բացատրելու, որ բերանացի քվեարկության ժամանակ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից շատերը սովորաբար պալատում չեն լինում: Երբ երկու կողմերի ղեկավարները գալիս են համաձայնության որեւէ հարցի շուրջ, միայն մի քանի անդամ են ներկա լինում եւ ընդունում այդ բանաձեւը: Թուրքական իշխանությունները պետք է պատասխանեն հիմնական մի հարցի. այն է, թե ինչու՞ 435 կոնգրեսականներից միայն մեկն է դեմ քվեարկել բանաձեւին: Այս փաստը վկայում է, որ նոր Օսմանյան կայսրը մերկ է: Թեեւ այս բանաձեւը պարտադիր ուժ չունի, քանի դեռ այն չի ներկայացվել Սենատին եւ ստորագրվել նախագահի կողմից, սա արդեն իսկ զգալի առաջընթաց է Թուքիայում ապրող բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների համար, ում կալվածքները բռնագրավված են եղել տասնամյակներ շարունակ: Ոգեւորվելով այս դրական առաջընացից՝ հայկական, ասորական եւ հունական համայնքերը կշարունակեն իրենց ակտիվ համագործակցությունը եւ ճնշում կգործադրեն Թուքիայի վրա իրենց պատմական իրավունքները վերականգնելու համար: Առաջին անգամ աշխարհասփյուռ հայության համար ԱՄՆ-ի Կոնգրեսը Թուքիայից հատուցում պահանջեց, ոչ թե սոսկ ցեղասպանության ճանաչում: Այս բանաձեւը կարող է խթան հանդիսանալ մյուս երկրների եւ միջազգային կազմակերպությունների համար, որպեսզի նրանք էլ հետեւելով այս օրինակին պահանջեն Թուրքիայում սեփականության իրավուքների վերականգնումը: Այսուհետեւ թուրքական կառավարությունը պետք է ավելի զգույշ լինի այդ իրավունքները ոտնահարելուց՝ քաջ գիտակցելով, որ միջազգային համայնքն աչալուրջ հետեւում է իր կողմից շարունակաբար իրականացվող խախտումներին: Այս բանաձեւի հաջող ընդունումը կոգեւորի աշխարհասփյուռ հայերին շարունակելու իրենց պայքարը հանուն ցեղասպանության հետեւանքով առաջացած կորուստների վերականգնման: Ցավոք, Հայաստանում ոչ մի հոգեւորական կամ պաշտոնատար ոչ մի հայտարարություն չարեց այս կարեւոր հարցի կապակցությամբ, կարծես հայկական եկեղեցիների ճակատագիրն իրենց չի հետաքրքրում: Արդյո՞ք հայերի լավագույն շահերից չի բխում, որ Հայաստանը Սփյուռքի հետ միասնաբար փոխհատուցում պահանջի` հաշվի առնելով մասնավորապես նախագահ Սարգսյանի վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում արած հայտարարությանը, որով «արդարություն» էր պահանջում Թուրքիայից: Թարգմանիչ՝ Կարինե Գեւորգյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն