Փարիզի Հայ առաքելական եկեղեցու «Ֆռնջյան» սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը


Փարիզի Հայ առաքելական եկեղեցու «Ֆռնջյան» սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

  • 18-05-2011 15:57:51   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 14-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու «Ֆռնջյան» սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Փարիզի Հայ առաքելական եկեղեցու համատեղ ջանքերով: Բացման արարողությանը ներկա էին ֆրանսահայ գաղութի ներկայացուցիչներ եւ պաշտոնական հրավիրյալներ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Կլամարի եւ Արնուվիլի քաղաքապետերը: Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Փարիզի Հայ առաքելական եկեղեցու համատեղ ջանքերով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մաս կազմող արտասահմանյան մամուլի այս ընտրանին ձեռք է բերվել կիպրահայ բարերար Տիգրան Քալայջյանի աջակցությամբ: Բացման խոսքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան Արք. Զաքարյանը, Ֆրանսիայի ծխական խորհուրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանը եւ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Բացման իր խոսքում ՀՑԹԻ տնօրեն Հ. Դեմոյանը նշեց. «Այս ցուցադրությունը բացառիկ է այն առումով, որ այն հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի: Ներկայացված նյութերը վերստին ապացուցելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը, միաժամանակ հաստատում են այն կարիքը, որ այն երկիրը, որն իրագործեց ցեղասպանությունը եւ ներկայումս ժխտում է դրա եղելությունը, պետք է դատապարտվի մարդկության ու քաղաքակրթության օրենքներով»: Բազմաթիվ ֆրանսահայեր ու ցուցադրության բացմանը մասնակցած ֆրանսիացի հյուրեր դրականորեն արձագանքեցին նման ցուցադրության բացման կապակցությամբ` կարեւորելով այն արտասահմանյան երկրներում ցեղասպանության մասին իրազեկության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Ցուցադրության բացման արարողության ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆրանսիայի ծխական թեմի ատենապետ Պատրիս Ճոլոլյանին հանձնեց ՀՑԹԻ «Ոսկյա մեդալը»` ի նշան երախտագիտության Ճոլոլյան ընտանիքի կողմից թանգարանին նվիրված բացառիկ փաստաթղթերի ու արժեքավոր թանգարանային միավորների: Այս ցուցադրությամբ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը ներկայացնում է տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունների շարքի ներկայացումը արտասահմանյան մի շարք քաղաքներում: 2011թ. ընթացքում ՀՑԹԻ նախաձեռնությամբ եւ տեղի հայ համայնքների ու թանգարանի գործընկերների համատեղ ջանքերով տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրություններ են բացվելու Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Օսլոյում, Կոպենհագենում եւ Ստոկհոլմում:
Նոյյան տապան  -   Մշակույթ