ՌԱՀՀԿ-ում կայացավ «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի շնորհանդեսը


ՌԱՀՀԿ-ում կայացավ «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի շնորհանդեսը

  • 13-12-2010 16:39:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
13 դեկտեմբերի 2010թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպվեց հատուկ ընդունելություն, որը նվիրված էր ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի հեղինակած` «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, մտավորականության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին, Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ նոր աշխատությունն արծարծում է ՀՀ-ում սահմանադրական պետության կառուցման հիմնախնդրին առնչվող մի շարք հրատապ դիտանկյուններ` սկսած 90-ական թվականների սկզբից մինչեւ ներկա պահի իրավաքաղաքական իրողությունները: «Իր անառարկելի արժանիքներից զատ` այս գիրքը նաեւ հանձնառություն ստանձնեց քաղաքագիտական մտքի շարունակումն ու զարգացումը փոխանցելու նոր սերնդին, որի մտավոր կարողություններն էական ներդրում են»,- ասաց Կիրակոսյանը: Իր խոսքում ՌԱՀՀԿ ավագ փորձագետ, խմբի աշխատանքները համակարգող Մանվել Սարգսյանը բարձր գնահատեց Կենտրոնի հետ համագործակցած երիտասարդ փորձագետների աշխատանքը, որը նյութի խորն ու անկողմնակալ վերլուծության ակնառու օրինակ է: «Փորձել ենք միասնական մոտեցում ներկայացնել արդիական այն խնդրի նկատմամբ, թե ինչպես է ՀՀ-ում առհասարակ ընկալվում այսօրվա մեր վիճակը, որն է ժողովրդավարական, իրավական պետության չկայացածության մեջ մեղքի մեր բաժինը եւ որոնք են աշխարհի էլիտար ազգերի ընտանիքին անդամագրվելու խոչընդոտները»,- ընդգծեց Սարգսյանը: Գրքի հեղինակներից Արթուր Ավթանդիլյանը, Սարո Սարոյանը, Էդգար Վարդանյանը եւ Արայիկ Հարությունյանը կարծիք հայտնեցին, որ ուսումնասիրությունը լուրջ ու նորովի հայացք է` նետված հետպատերազմական շրջանի զարգացումներին, իշխանությունների հետ բանակի սերտաճման, տնտեսության ու քաղաքականության միաձուլման գործընթացներին, մեզանում ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման անհնարինության հարցերին, պետական կյանքի կարգավորման ստվերային ազդակներին, օլիգոպոլիայի ի հայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ինչպեսեւ հայ հասարակության կողմից իրավական գաղափարների ու ժողովրդավարության ընկալման ձեւերին: Վերջում հանդես եկավ եւ «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի հեղինակային ու խմբագրական անձնակազմին շնորհավորեց այս օրերին Հայաստանում գտնվող Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Հայոց եւ Մերձավոր Արեւելքի պատմությունների ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը: «Հետազոտության մեջ կան բազմաթիվ կարեւոր հիմնահարցեր, որոնց լուծումը, վստահ եմ, օգտակար կլինի հայոց երիտասարդ պետության ապագայի համար»,- նշեց ակադեմիկոսը` աշխատության հեղինակներին մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play