Օծվել է Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Ս. Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին


Օծվել է Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Ս. Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին

  • 21-02-2012 16:24:20   |   |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 19-ին Արցախի թեմի գործող եկեղեցիները համալրվեցին եւս մեկով. թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Ս. Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին: Նախկինում մի քանի եկեղեցիներ ունեցած Վաղուհաս գյուղը խորհրդային շրջանից տասնամյակներով զրկված էր սեփական աղոթատուն ունենալուց: Նոր եկեղեցին սկսվել է կառուցվել 2007թ.-ից` բարերարությամբ ծնունդով վաղուհասցի, ռուսաստանաբնակ գործարար Գրիգորի Հայրապետյանի: Եկեղեցու բացումը յուրօրինակ նվեր էր հայրենի գյուղին` Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի առիթով: Արցախի թեմի առաջնորդը, թեմի հոգեւորականաց դասի հետ, նախ սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցին, այնուհետեւ մատուցեց անդրանիկ Ս. Պատարագը: Հընթացս Ս. Պատարագի խոսված քարոզում Պարգեւ Սրբազանը շնորհավորեց վաղուհասցիներին եւ հորդորեց մշտապես վերանորոգել իրենց քրիստոնեական հավատքի ուխտը նորակառույց աղոթքի տանը: Արցախի թեմի առաջնորդը եկեղեցու բարերարին խորհրդանշական հուշանվեր եւ երախտագիր հանձնեց, որում մասնավորապես ասվում է. «Հարգարժան պարոն Գրիգորի Հայրապետյան, հարազատ զավակ Հայ Առաքելական Եկեղեցու, հայտնում ենք Ձեզ Մեր խորին երախտագիտությունը եւ հայրական գոհունակությունը, որ Դուք Ձեր ջանքերով օժտեցիք հարազատ Վաղուհաս գյուղը նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիով` խնամք տանելով համագյուղացիների հոգեւոր կարիքների համար: Եվ այն օծման հասցրեցիք գյուղի ազատագրման 19-րդ տարեդարձին: Մաղթում ենք Ձեզ եւ Ձեր հարազատներին քաջակորով առողջություն, իսկ Ձեզ` մեծ կարողություն` շարունակելու Ձեր ազգանվեր ու աստվածահաճո առաքելությունը»: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, ուխտավորներ Արցախից, ՀՀ-ից ու ՌԴ-ից: Հավարտ հոգեւոր արարողության տեղի ունեցավ մատաղի բաշխում եւ ժողովրդական տոնախմբություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն