Ոստիկանությունը իրականում զբաղված է ընտրությունների արդարության մասին դատարկ պրոպագանդայով. ՀԱԿ


Ոստիկանությունը իրականում զբաղված է ընտրությունների արդարության մասին դատարկ պրոպագանդայով. ՀԱԿ

  • 13-04-2012 15:53:48   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 13-ին ՀՀ Ոստիկանության կազմակերպած «Ընտրություններին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-հանդիպմանը կուսակցությունների ներկայացուցիչները զրկվել են ելույթ ունենալու հնարավորությունից, միջոցառումը դրա կազմակերպիչները վաղաժամ հայտարարել են փակված: Այս մասին «Նոյյան Տապան»-ին հայտնեցին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբից: Հայ ազգային կոնգրեսի գնահատմամբ, «սա եւս մեկ վկայություն է, որ ՀՀ Ոստիկանությունը իրականում զբաղված է ընտրությունների արդարության մասին դատարկ պրոպագանդայով եւ ոչ մի ցանկություն չունի իրական համագործակցություն ծավալել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ` ապահովելու համար դրանց օրինական ընթացքը»: Ստորեւ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի կողմից պատրաստված հայտարարությունը, որ նախատեսված էր, սակայն չի հաջողվել հրապարակել միջոցառման ընթացքում. «ՀՀ Ոստիկանությունն անցած մի քանի ընտրություններում եղել է ընտրական իրավախախտումների զգալի մասի պատասխանատուն. - սպառնալիքների միջոցով ահաբեկել է ընդդիմության վստահված անձանց, ինչպես նաեւ անկախ դիտորդներին, - աչք է փակել կամ ուղղակիորեն աջակցել է լցոնումներին, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված բռնարարքներին, քաղաքական հետապնդումների նպատակով կազմակերպել եւ կորզել է կեղծ ցուցմունքներ, - խոչընդոտել է նախընտրական քարոզչության իրականացմանը, հետապնդումների եւ բռնությունների ենթարկել ընդիմադիրներին, առգրավվել է բարձրախոսներ եւ այլ քարոզչական գույք, - խոչընդոտել է օրենքով սահմանված հավաքների անցկացման ազատության իրացմանը, - Հրազդան համայնքի ղեկավարի վերջին ընտրությունների նախաշեմին զբաղվել է քաղաքացիների հաշվառումների ավելացումներով, որի հետեւանքով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2008 թվականի համեմատ արհեստականորեն ավելացել է 2571 ընտրողներով Այսօր էլ բազմաթիվ ահազանգներ եւ մամուլի հրապարակումներ կան այն մասին, որ - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունն ապօրինաբար արգելափակում է Երեւան տանող ճանապարհները եւ կազմալուծում հանրային տրանսպորտի աշխատանքը, ոտնահարելով քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը, - ՀՀ-ում զանգվածաբար հաշվառման են վերցվում հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներ, այդ թվում նաեւ` Վրաստանի քաղաքացիներ, - ոստիկանության հովանավորչությամբ ընտրությունների նախաշեմին ստեղծվում են բազմակի քվեարկող մարդկանց խմբեր, - ոստիկանությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում կամ ուղղակիորեն պարտակում է զանգվածաբար ընտրակաշառքի բաժանման եւ այդ նպատակով անձնագրերի կամ պատճենների հավաքման փաստերը, ինչի պերճախոս վկայությունն է, որ հակառակ այդ երեւույթների համատարածության մեկ դեպք անգամ արձանագրված չէ ոստիկանության կողմից։ Ոստիկանության գործողություններն անցյալում, ինչպես նաեւ ներկայիս ժամանակաշրջանում ցույց են տալիս, որ մենք գործ ունենք հիմնովին կոռումպացված, ընտրակեղծիքների գործում հմտացած մի համակարգի հետ, որի հավաստիացումները` օրինական ընտրությունների անցկացման մասին որեւէ վստահություն չեն ներշնչում։ Նման պայմաններում, մենք այնուամենայնիվ ելնելով ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության ամրապնդման նկատառումներից, առաջարկում ենք ՀՀ ոստիկանությանը անցկացնել հետեւյալ աշխատանքը, որը կնպաստի գալիք ընտրությունների նկատմամբ վստահության հաստատմանը. - Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի կենտրոնական ընտրական շտաբին տրամադրել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից վերջին մեկ տարվա վիճակագրությունը` ըստ համայնքների տրամադրված անձնագրերի եւ հաշվառման վերցված քաղաքացիների վերաբերյալ, - քրեական հետապնդում իրականացնել` ընտրակեղծիքների նպատակով բազմաթիվ մարդկանց մեկ հասցեում հաշվառած ՀՀ քաղաքացիների նկատմամբ, - լայնածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ իրականացնել ՀՀ տարածքում ընտրակաշառքի բաժանման դեպքերը բացահայտելու ու բացառելու ուղղությամբ, - լինելով ընտրողների ցուցակների կազմման, ուստի նաեւ դրանց ճշգրտության պատասխանատուն եւ օգտվելով օրենքով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորություններից ու միջոցներից` բնակչության պետական ռեգիստրից եւ ընտրացուցակներից հանել ՀՀ-ից մշտապես բացակայող շուրջ 700.000 հազար քաղաքացիներին»։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play