ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն»


ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն»

  • 16-04-2012 01:02:10   | Հայաստան  |  Քաղաքական

Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակն ահազանգում է իր ներկայացուցիչների նկատմամբ ապրիլի 15-ին կիրառված բռնությունների մասին: Հաղորդագրության մեջ ասված է. «Մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց, «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քարոզչական նյութերի բաժանման առաջին օրերը, կարծես թե, վարչախմբին ցնցումների մեջ է գցում։ Ապրիլի 15-ին կոպտորեն խոչընդոտվել են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը։ Դա արել է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ուղարկած սադրիչ խումբը։ Նրանք հանդես են եկել, իբր, որպես տվյալ տարածքի բնակիչներ, բակից-բակ հետեւել քարոզչական նյութեր բաժանողներին եւ պահանջել հեռանալ «իրենց տարածքից»։ Հրոսակային այս խումբը հարձակվել է քարոզչություն իրականացնող խմբի վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաեւ պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը եւ Զոյա Թադեւոսյանը: Սա, թերեւս, Սամվել Ալեքսանյանի պատասխանն է Հայ ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի առաջարկին` դրանով հավաստելով բանական բանավեճի համար իր անկարողությունը եւ ապավինելով բացառապես իր կողմից հովանավորվող եւ իր էությանը հոգեհարազատ քրեական էլեմենտներին։ Հայ Ազգային Կոնգրեսը չի նահանջելու իր` իշխանությունը, քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները զավթած կրիմինալից ազատվելու նպատակից ու շարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտների: Կոնգրեսը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը բացահայտի եւ պատասխանատվության կանչի ապօրինություններ կատարողներին։ Կատարված ապօրինությունը միաժամանակ նշանակում է, թե վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն»։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play