Թուրքիան իրավունք չունի <br /> միջամտել Հայոց պատրիարքի ընտրությանը


Թուրքիան իրավունք չունի
միջամտել Հայոց պատրիարքի ընտրությանը

  • 20-07-2010 08:45:30   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Չնայած Լոզանի պայմանագրով նախատեսվում է Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական փոքրամասնությունների` հայերի, հույների եւ հրեաների իրավունքների պաշտպանություն, այնուամենայնիվ այդ իրավունքները մշտապես ոտնահարվում են թուրքական կառավարության կողմից: Թուրքիայի հայերը վախենալով իրենց կառավարության զայրույթից հազվադեպ են համարձակվում առարկել իրենց քաղաքացիական իրավունքների հաճախակի ոտնահարումների դեմ: Էլ ավելի վատ է, երբ Ստամբուլի հայերն իրենք են թուրք պաշտոնյաներին երբեմն հրավիրում միջամտելու իրենց համայնքի գործերին` ներքին եւ անձնական վեճերը լուծելու համար: Նման կոպիտ միջամտության թարմ օրինակ էր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի` որպես պատրիարքական փոխանորդ ընտրությունը, այն բանից հետո, երբ բժիշկները ախտորոշեցին, որ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը տառապում է անբուժելի մտագարությամբ: Վեց ամիս առաջ, երկու տարի ուշացումով, որի ընթացքում պատրիարք Մութաֆյանի անկարողության պատճառով, փաստորեն պատրիարքի աթոռը թափուր էր մնացել, Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովը դիմեց թուրքական կառավարությանը` թույլտվություն խնդրելով աթոռակից պատրիարքի ընտրություն անցկացնելու համար: Կրոնական ժողովը նշանակեց պատրիարքական ընտրության նախաձեռնող մի մարմին` Անկարայից թույլտվություն ստանալուց հետո նման ընտրություն կազմակերպելու համար: Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ընտրության նախաձեռնող մարմինը, գերազանցելով իր լիազորությունները, ինքնուրույն նամակ հղեց թուրքական իշխանություններին` նոր պատրիարք, այլ ոչ թե աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվության խնդրանքով: Այս երկու նախաձեռնություններն էլ միեւնույն լուրջ սխալը գործեցին հրավիրելով թուրքական կառավարությանը միջամտել հայ համայնքի կրոնական ներքին հարցերին: Ավելին, աթոռակից պատրիարք ունենալը հակասում էր պատրիարքարանի` գրեթե 600-ամյա ավանդությանն ու սովորությանը` ի տարբերություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կիլիկիո Կաթողիկոսարանի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի: Նաեւ, նոր պատրիարք ընտրելու խնդրանքը ճիշտ չէր. գործող պատրիարքի կենդանության օրոք նոր պատրիարք չի կարող ընտրվել, քանի որ պատրիարքներն ընտրվում են ցմահ: Օգտվելով հայ համայնքի ներսում առկա տարաձայնություններից, թուրքական կառավարությունը վերջապես հունիսի 29-ին պատասխանեց դիմումին` թույլատրելով փոխանորդի, այլ ոչ թե աթոռակից պատրիարքի կամ նոր պատրիարքի ընտրություն: Իրենց այս քայլով թուրքական իշխանությունները ոտնահարեցին հայ համայնքի կրոնական իրավունքները, եւ դժբախտաբար դա արեցին հայ համայնքի իսկ խնդրանքով: Թույլատրելով, որ պատրիարքարանը ներկայացվի փոխանորդի մակարդակով, թուրքական կառավարությունը թուլացրեց այդ պատմական հաստատության կարգավիճակը, քանի որ պատրիարք Մութաֆյանը տառապելով մտավոր, այլ ոչ թե ֆիզիկական անկարողությամբ, կարող է դեռ երկար տարիներ ապրել, իսկ այդ ընթացքում պատրիարքարանը կառաջնորդվի միայն փոխանորդի կողմից: Այսպիսի պատահականությունը ծառայելու է Թուրքիայի շահերին, որը մշտապես ձգտել է ձուլել հայերին բյուրոկրատական արգելքներով` զրկելով նրանց կամքի ազատ արտահայտությամբ ընտրված եւ ունակ հոգեւոր առաջնորդից: Կառավարության հրամանագրից հետո, 48 ժամվա ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը, որը փաստացի ղեկավարում էր պատրիարքարանը` որպես 26 անդամ ունեցող Կրոնական ժողովի նախագահ, ժողով հրավիրեց եւ միաձայն ընտրվեց որպես փոխանորդ: Որեւէ այլ կղերականի հնարավորություն չտրվեց առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնում: Մինչ աշխարհասփյուռ հայությունը լուռ էր` բացառությամբ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի, Ստամբուլի մի քանի խիզախ հայեր համարձակվեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ընտրության նախաձեռնող մարմինը, որը լուծարվեց թուրքական կառավարության կողմից, դատական հայց ներկայացրեց ընդդեմ Անկարայի որոշման` պահանջելով նոր պատրիարքի ընտրություններ, այլ ոչ թե փոխանորդի: Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում: Թուրքիայից դուրս գտնվող կրոնական եւ աշխարհիկ հայ ղեկավարները պետք է բողոքի իրենց ձայնը բարձրացնեն հայ եկեղեցու ներքին գործերին թուրքական իշխանությունների անհարկի միջամտության դեմ, որը Լոզանի պայմանագրի խախտում է: Շատ կարեւոր է, որ Թուրքիայի հայերը համախմբվեն ու հայտարարեն, որ փոխանորդի պաշտոնը ժամանակավոր միջոցառում է, այլ ոչ թե երկարաժամկետ լուծում: Առանց Անկարայից թույլտվություն հարցնելու, հայ համայնքը պետք է կազմակերպի աթոռակից պատրիարքի նոր ընտրություն, որն այնուհետեւ կդառնա պատրիարք, ներկայիս անկարողությամբ տառապող պատրիարք Մութաֆյանի վախճանումից հետո: Արդյոք հայ համայնքը կորոշի ընտրել նոր պատրիարք կամ աթոռակից պատրիարք, դա միայն իր գործն է եւ ոչ թե թուրքական իշխանությունների: Կարեւոր է, որ Ստամբուլի հայ համայնքը համախմբվի մեկ ընդհանուր դիրքորոշման շուրջ եւ խուսափի հավելյալ պառակտումից: Եթե տեղական հայ համայնքը դառնա միասնական եւ ստանա աշխարհի հայության եւ ոչ հայերի աջակցությունը, ապա թուրքական կառավարությունը, որը պարծենում է իր աշխարհիկ ու ժողովրդավարական վարչակարգով, հարկադրաբար կզսպի իր քաղաքական միջամտությունը հայ փոքրամասնության կրոնական գործերին:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play