6 միլիարդ ռիալի յատկացում՝ իրանահայ ֆուտբոլին կրկին դիմաւորելու նպատակով


6 միլիարդ ռիալի յատկացում՝ իրանահայ ֆուտբոլին կրկին դիմաւորելու նպատակով

  • 11-05-2011 18:58:30   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 11 մայիսի Իրանահայ համայնքը տարբեր ասպարէզներում ականատես է եղել պետական այրերի եւ Իրանի տարբեր խաւերի իր հանդէպ ցուցաբերած նրբանկատ վերաբերմունքին: Նոյն ուղղութեամբ եւ ի շարունակութիւն երկար ժամանակների հոգատար ընթացքի՝ ինչպէս արդէն տեղեկացւած է մեր սիրասուն համայնքը, իրանահայ ֆուտբոլի վերակազմակերպման նպատակով եւ հայ երիտասարդ մարզիկներին մրցութեան դաշտ վերադարձնելու գեղեցիկ հեռանկարով՝ Իրանի մարզական պատասխանատու այրերն ու հիմնարկները խոստացել էին որոշ նիւթական յատկացումներ կատարել: Անցեալ տեղեկանք-զեկոյցով մեր սիրելի մարզասէրներին յայտնել էինք մէկ միլիարդ ռիալի յատկացման մասին, իսկ այս անգամ ուրախ ենք յայտնելու, որ յիշեալ գումարը համալրւել է 5 միլիարդ ռիալի յատկացմամբ եւս, ընդորում՝ 6 միլիարդ ռիալ կազմող այս նպաստը աւանդ է տրւած Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան մօտ: Անցեալ ամիսներում Իսլ. խորհրդարանի իրանահայ երկու պատգամաւորների երկարաշունչ հանդիպումների ու կիրառած հետեւողական ընթացքի արդիւնքն է ստացւած գումարը, որն ամբողջութեամբ կը յատկացւի համայնքիս ֆուտբոլի հաւաքականը վերակազմելու աշխատանքներին: Վստահաբար, բոլոր խաւերի ու մանաւանդ սրտցաւ միութիւնների եւ պատասխանատու ազգային կազմերի օժանդակութեամբ՝ հնարաւոր է լինելու իրագործել այս դժւարին եւ միաժամանակ ցանկանալի ու առաջնային ծրագիր-նպատակը: Յաջողութիւն բոլորիս: Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը