Ուիլֆրեդ Մարթենս. «Մենք շատ հետաքրքրված ենք Եվրոմիության հետ Հարավկովկասյան երկրների հետ հարեւանության ծրագրով»


Ուիլֆրեդ Մարթենս. «Մենք շատ հետաքրքրված ենք Եվրոմիության հետ Հարավկովկասյան երկրների հետ հարեւանության ծրագրով»

  • 10-05-2011 19:40:18   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսի հետ: Հանդիպումից հետո տեղի է ունեցել վարչապետի եւ ԵԺԿ նախագահի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Ստորեւ ներկայացնում ենք ճեպազրույցի սղագրությունը: Ներկայացնում ենք Տիգրան Սարգսյանի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսի ճեպազրույցի սղագրությունը. Տիգրան Սարգսյան - Հայաստանի Հանրապետությունում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Մարթենսը: Դուք հիշում եք մեր նախորդ հանդիպումը պարոն Մարթենսի հետ, որը տեղի ունեցավ Երեւանում, եւ դուք մասնակցում էիք նրա գրքի շնորհանդեսին եւ տեղյակ եք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը բանակցություններ է վարում Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ` անդամակցության վերաբերյալ: Բրյուսել կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ մենք նույնպես պատիվ ունեցանք հանդիպել պարոն Մարթենսի հետ եւ քննարկել մեր օրակարգում առկա հարցերը: Այդ հարցերից առաջինը Հայաստանի հանրապետական կուսակցության դիմումն է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության վերաբերյալ: Երկրորդ խնդիրը բարեփոխումներն են, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Եվրոմիության հետ Հարեւանության ծրագրի շրջանակներում: Եվ երրորդ խումբ խնդիրներն արժեքային համակարգին վերաբերող խնդիրներն են, Հայաստանի Հանրապետությունն արժեքային դաշտում իրեն ինչպես է դիրքավորում նրա տեսլականը ապագայի նկատմամբ եւ մասնավորապես հանրապետական կուսակցությունը ինչ արժեքային համակարգի է դավանում, ինչ արժեքներ է քարոզում Հայաստանի Հանրապետությունում: Բարով եք եկել Հայաստան պարոն Մարթենս, ուրախ ենք ձեզ դիմավորելու, համոզված ենք, որ մեր երկխոսությունը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների ընթացքը արագացնելուն: Ուիլֆրեդ Մարթենս - Շնորհակալություն պարոն վարչապետ այս հրավերի համար: Մեկ տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելություն է: Ես օգտվեցի պարոն վարչապետի հրավերից, որպեսզի շարունակենք մեր երկխոսությունը նշված երեք թեմաների վերաբերյալ: Մենք շատ հետաքրքրված ենք Եվրամիության հետ Հարավկովկասյան երկրների հետ հարեւանության ծրագրով, եւ այն ամենով ինչ տեղի է ունենում Եվրանեստի շրջանակներում: Ընդամենը երկու շաբաթ առաջ Բրյուսելում առաջին խորհրդարանական վեհաժողովն ավարտվեց: Մենք որպես Եվրոպայի ժողովրդական կուսակցություն շատ հետաքրքրված ենք ունենալ արժանավոր գործընկերներ այլ երկրներում: Աշնանը մեր կուսակցության պաշտոնական առաքելություն այցելելու է Հայաստան: Հուսով եմ, որ այդ առաքելության հանձնարարականը դրական կլինի, որպեսզի մենք կարողանանք դրական լուծում տալ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության հարցին: Երկրորդն այն բոլոր բարեփոխումները, որը վարչապետի կառավարությունը իրականացնում է, իհարկե, շատ կարեւոր են եւ ընտրական օրենսգրքի վերաբերյալ բարեփոխումները խոսքի, միավորումների ազատության նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը ապացուցում են, որ կառավարությունը կամք է դրսեւորում այդ բարեփոխումներն իրենց ավարտին հասցնելու հարցում: Ահա այն հիմնական հարցերը, տարրերը, որոնց հիման վրա ես հուսով եմ, որ մենք կարող ենք որոշումներ կայացնել առ այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրը համապատասխանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հիմնական ծրագրին եւ նոր չափորոշիչը, անշուշտ, ժողովրդական քաղաքական կուսակցությունների կազմակերպումն է: Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դառնալու համար պետք է ընդունել մեր հիմնական ծրագիրը, պետք է ունենալ կանոնադրություն, կուսակցության կազմակերպման եւ գործունեության վերաբերյալ տեսլական, որը հիմնված լինի կուսակցության ներքին ժողովրդավարության վրա: 2012թ. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը նախատեսում է կազմակերպել համագումար, որպեսզի մեր հիմնական ծրագիրը հարմարեցնենք, հաշվի առնելով նոր մարտահրավերները եւ այն դրական զարգացումները եւ փոփոխությունները, որ տեղի են ունենում մասնավորապես Հայաստանում: Եվ իսկապես հուսով եմ, որ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն կանդամակցի, կմասնակցի այդ ներքին քննարկումներին, մեր արժեքային համակարգի վերաբերյալ այդ քննարկումներին, որոնք վերաբերում են ողջ Եվրոպային: Ազատություն ռադիոկայան - Պարոն Մարթենս, Հանրապետական կուսակցությունն աջ պահպանողական կուսակցություն է, որքանո՞վ է այն տեղավորվում ԵԺԿ գաղափարախոսական համապատկերում: Ուիլֆրեդ Մարթենս- Եվրամիության հետ այդ քաղաքական համայնապատկերում Ժողովրդական կուսակցությունը եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական տիպի կուսակցություն է: 1990 թվականից կուսակցության ընդլայնումից ի վեր, մենք աջ կենտրոնամետ ենք: Մեր կազմում կան քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություններ, պահպանողականներ եւ կենտրոնամետներ: Ահա այսպիսի կազմ ունի մեր կուսակցությունների դաշնությունը Ժողովրդական կուսակցության ներսում: Այսինքն` մենք աջ կենտրոնամետներ ենք, եւ եթե իսկապես Հայաստանի հանրապետական կուսակցությունը պահպանողական է, ուրեմն նա լիովին իրավունք ունի այդ կուսակցությանն անդամակցելու: Ազատություն ռադիոկայան - Եթե կարելի է մի ճշտում, մինչ այդ որեւէ քաղաքական ուժի հետ Հայաստանում նման շփումներ եղել են, թե՞ ոչ: Ուիլֆրեդ Մարթենս- Այո, ես հանդիպել եմ չորս կուսակցությունների հետ. Հայաստանի հանրապետական կուսակցություն, ,Բարգավաճ Հայաստանե, ,Օրինաց Երկիրե եւ ,Ժառանգությունե կուսակցություններ: Ազատություն ռադիոկայան- Պարոն վարչապետ, հարցս վերաբերում է նախանցած շաբաթ Լիտվայի նախագահի այցի ընթացքում նշված խնդրին` միջուկային անվտանգության վերաբերյալ. ի՞նչ հեռանկարներ կան միջուկային էներգետիկայի ոլորտում: Տիգրան Սարգսյան - Հիշում եք, որ կառավարության նիստերից մեկում ես անդրադարձել եմ այս հարցին: Հանձնարարական է տրված էներգետիկայի նախարարին բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, հաշվի առնելով Ճապոնիայի իրադարձությունները, եւս մեկ անգամ ռեվիզիայի ենթարկել մեր անվտանգության բոլոր կանոնները եւ իրավիճակը: Այդ վարժությունը կատարված է: Մենք սպասում ենք այս ամիս ՄԱԳԱՏԵ-ի մասնագիտացված առաքելության այցելությանը Հայաստան, որը երկու շաբաթ սթրես-թեսթային հարցերով է զբաղվելու, որպեսզի բացահայտի մեր ատոմակայանի ուժեղ եւ թույլ կողմերը: Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը եւ ինքներս համապատասխան նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել` բարձրացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը: Հայաստանի Հանրային հեռուստատեսություն - Ինչի՞ց է սկսվելու համագործակցությունը, ինչո՞վ կարտացոլվի դա: Ուիլֆրեդ Մարթենս-Պաշտոնական այդ առաքելության դրական գնահատման հիման վրա, մենք կարող ենք որոշում կայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության վերաբերյալ եւ նույն ընթացակարգը պետք է անցնեն Հայաստանից մյուս երեք թեկնածուները: Այնուհետեւ որոշում է կայացվում անդամակցության վերաբերյալ, որպես դիտորդ անդամ-կուսակցություն: Եվ այդ որոշման հիման վրա պատվիրակները հրավիրվում են մասնակցելու Ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի այդ ժողովին եւ համագումարին, նաեւ ես հրավիրում եմ այդ ժամանակ երկրի նախագահին կամ վարչապետին գագաթնաժողովին` Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթնաժողովին: Այդ ընդլայնված գագաթնաժողովին հրավիրվում են եւ դրա մաս են կազմում երկրների նախագահները եւ կառավարությունների ղեկավարները կամ եթե մենք իշխանություն չենք այդ երկրներում` ժողովրդական կուսակցությունը, ապա ընդդիմության ղեկավարին: Հայաստանի քաղաքական իրավիճակի պարագայում լավ կլինի կամ նախագահը կամ վարչապետը: Մեկ օրինակ բերեմ վերջին շրջանից. մենք ընդունել ենք արդեն Մոլդովայի ազատական ժողովրդավարական կուսակցությանը փետրվար ամսին, ես հիմա պատրաստվում եմ հրավիրել երկրի վարչապետին, որը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթնաժողովին: Առկա գործակալություն` հարցը հայ թուրքական հարաբերությունների Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին: Ուիլֆրեդ Մարթենս-Ես նախագահ Գյուլի եւ Հայաստանի նախագահի շփումներից հետո հույս ունեի, որ նոր փուլ կթեւակոխենք` հարաբերությունների բարելավման փուլ: Շատ հիասթափված եմ, որ գործընթացն այսպես արգելափակվեց Թուրքիայի պատճառով: Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրամիության անդամակցությանը հիշեցնեմ, որ Եվրամիության անդամակցության հիմնական նպատակներից մեկը ոչ միայն տնտեսական չափորոշիչներն են, այլեւ անձանց ազատ տեղաշարժը Եվրամիության ներսում: Դա ամենահիմնական չափորոշիչներից մեկն է Եվրամիության համար: Ամեն դեպքում թեկնածու երկրի անդամակցությունն այս հիմնական չափորոշիչները բավարարելու պայմաններում է կատարվում: Եվ նորմալ հարաբերությունների հաստատումը նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, իհարկե, դա ավելի բարենպաստ ազդեցություն կունենար Թուրքիայի անդամակցության գործընթացում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play