Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ


Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

  • 05-11-2014 17:37:47   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Հեռագրում ասված է. 
 
<<Մեծագույն ցավով տեղեկացա հայ ժողովրդի արժանավոր զավակ, ականավոր պետական ու քաղաքական գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:
Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Որպես փորձառու պետական ու քաղաքական գործիչ եւ արհեստավարժ մասնագետ` նա իր ողջ հմտությունները, գիտելիքներն ու փորձն անմնացորդ ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կայացմանն ու զորացմանը` իր անունը հավերժ թողնելով մեր նորագույն պատմության մեջ: 
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ խոր վշտի այս ծանր պահին մաղթում արիություն ու ոգու կորով>>:
 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն