Ցուցարարների երթը շարունակվեց՝ առանց դիմակների


Ցուցարարների երթը շարունակվեց՝ առանց դիմակների

  • 05-11-2014 19:24:54   |   |  Քաղաքական



Երեւանում նոյեմբերի 5-ին կազմակերպած խաղաղ ցույցը եւ դրան հաջորդող երթը քիչ էր մնում տապալվեր որոշ ցուցարարների կողմից դիմակներ կրելու հետեւանքով: Դիմակները դարձան բուռն վեճի պատճառ ինչպես ցուցարանրների շրջանում, այնպես էլ ցուցարարների եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ: Հանրապետության հրապարակ հասած երթի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցներն արգելեցին շարունակել երթը՝ դիմակներ կրելու պատճառով:

Սակայն ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երթը կթույլատրվի շարունակել  ցուցարարների դեմքերից դիմակները հանելուց հետո միայն:

Մեծ վիճաբանությունից հետո ցուցարարները համաձայնեցին շարունակել երթն առանց դիմակների, եւ նրանց դա թույլատրվեց՝ զգուշացումով՝ չկրել դիմակներ:

Նշենք, որ դիմակներ կրելու կողմնակիցները դա բացատրում էին այն հանգամանքով, որ մի քանի օր առաջ Հելովին տոնն էր, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ «Անոնիմուս» կոչվող համաշխարհային շարժումը այսօր՝ նոյեմբերի 5-ին, կազմակերպել էր խոշոր երթ աշխարհի ավելի քան 500 քաղաքներում: Այդ ակցիան նախատեսված էր դեռեւս ամիսներ առաջ: Բացի այդ բողոքի երթը անցկացվել էր նաեւ մեկ տարի առաջ նույն այս օրը Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների կողմից իրականացված «արժեքների հեղափոխություն» կոչված փորձի տարեդարձի կապակցությամբ:

Սակայն, ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցին հայտնեց Երեւանի փոխոստիկանապետը, այսօրվա երթի մասին ոստիկանությունը նախապես տեղեկացված չէր եղել: «Երթը չարգելվեց, քանի որ ոստիկանության ղեկավարները հավաստիացան, որ այն կրելու է խաղաղ բնույթ եւ չցանկացան, որպեսզի ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ լինի բախում»,- ասաց նա:

Սակայն հիշեցնենք, որ երթի ընթացքում եղան բերման ենթարկվածներ՝ 7 տղամարդ եւ  1 երիտասարդ աղջիկ: Ցուցարարների գնահատմամբ, վերջիններիս մի քանի ժամ անց ազատ կարձակեն:

 

Ակցիայի լուսանկարներն այստեղ

Նոյյան տապան  -   Քաղաքական