Բակո Սահակյանը այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն


Բակո Սահակյանը այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

  • 27-11-2014 11:48:48   | ԱՄՆ  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 
Նախագահը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել սփյուռքահայ եւ ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար:
Երկրի ղեկավարն ԱՄՆ ամենահզոր նահանգի՝ Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ: Նախագահ Սահակյանը նշել է, որ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անսասան եռամիասնության եւ մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնատար այլ անձինք, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական