Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել<br /> Հայաստանի նախագահին<br />


Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել
Հայաստանի նախագահին

  • 16-03-2010 17:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով մարտի 16-ին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքերով, վերջին շրջանում տնտեսության ոլորտում ձեռնարկված լուրջ քայլերի շնորհիվ` առեւտրաշրջանառության ցուցանիշներով Չինաստանն այսօր Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերն է: Ս.Սարգսյանը կարեւորել է նաեւ հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնումը եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Նորանշանակ դեսպանը Ս.Սարգսյանին հաղորդել է ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի ողջույնները եւ ընդգծել Չինաստանի եւ չին ժողովրդի խորը հարգանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Թ.Չանչունն ասել է, որ Չինաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: Նրա խոսքերով, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական քաղաքական, տնտեսական համագործակցությունը, հումանիտար կապերը հետեւողականորեն զարգանում են, եւ այսօր արդեն տեսանելի են արդյունքները: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Նշվել է, որ ավարտին է մոտենում ամենախոշոր նախագծերից մեկը` քլորոպրենային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկության կառուցումը, որի գործարկումը տնտեսական կապերի զարգացման համար լուրջ խթան կլինի: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Չինաստանի արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցներում, միմյանց խնդիրների նկատմամբ անկողմնակալ ու հավասարակշիռ դիրքորոշումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play