Տասը պատճառներ, թե ինչու թուրքերն իրենց ղեկավարներին թույլ<br /> չեն տա վավերացնել Արձանագրությունները<br />


Տասը պատճառներ, թե ինչու թուրքերն իրենց ղեկավարներին թույլ
չեն տա վավերացնել Արձանագրությունները

  • 17-02-2010 10:35:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իմ ավելի վաղ հոդվածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մոտեցումները` Հայաստանի հետ բանակցություններ վարելու եւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Արձանագրությունները ստորագրելու հարցում: Ձգտելով խաբել ոչ միայն Հայաստանին եւ միջազգային հանրությանը, թուրք ղեկավարները փորձում էին մոլորության մեջ գցել նաեւ իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին եւ թուրք հանրությանը` Արձանագրությունների հնարավոր շահավետության վերաբերյալ: Անգամ այն դեպքում, երբ Արձանագրությունները լիովին բխում էին Թուրքիայի շահերից, նրա ղեկավարները փորձում էին բանակցված պայմանագրի առավելությունները չափազանցված ձեւով ներկայացնել` երկրի ներսում ու արտերկրում, հատկապես Ադրբեջանում` քննադատողների հնարավոր առարկությունները հաղթահարելու նպատակով: Ինչպես եւ սպասվում էր, Էրդողանի կառավարությունը, իրոք խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ, երբ Իլհամ Ալիեւը հրապարակավ իր դժգոհությունն արտահայտեց, որ Թուրքիան ծրագրելով բացել Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է իր «փոքր եղբորից»` վերացնելով այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին վերադարձնել Արցախը: Ադրբեջանական իշխանությունը չբավարարվեց թուրքական հավաստիացումներով եւ պատասխան քայլեր ձեռնարկեց` եռապատկելով Թուրքիա արտահանվող գազի գինը, հանելով թուրքական դրոշները հասարակական վայրերից, արգելելով թուրքական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներից եւ փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաքվում: Այդ ընթացքում, Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հիանալի առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնությունը նվազեցնելու համար, իսկույն նրան մեղադրեցին Թուրքիայի ազգային շահերը դավաճանելու մեջ` իրենց դարավոր հայ թշնամիների եւ ոչ թե ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար: Այսպիսի մեղադրանքների դեմ պայքարելու համար, թուրքՁղեկավարները ստիպված էին մի շարք չհիմնավորված հայտարարություններ կատարել` ուռճացնելով Արձանագրությունների շահավետությունը թե Ադրբեջանի, եւ թե Թուրքիայի համար: Նրանք ադրբեջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար` մինչեւ թուրքական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Բացի այդ, թուրք պաշտոնյաները իրենց հասարակությանը կրկին հավաստիացրին, որ Արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության «հայկական պնդումներին» եւ հողային պահանջատիրությանը` Արեւելյան Թուրքիայում (Արեւմտյան Հայաստանում): Սակայն Անկարայի կողմից արված Արձանագրությունների վերաբերյալ խեղաթյուրումները մոլորության մեջ չգցեցին թուրքական եւ ադրբեջանական հանրությանը: Ահա այն տասը հիմնական պատճառները, թե ինչու թուրքական խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները: 1. Չնայած Գյուլի, Էրդողանի եւ Դավութօղլու կողմից բազմիցս հնչած հայտարարություններին, թե Արցախի հակամարտության կարգավորումը նախապայման է Արձանագրությունների վավերացման համար, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, ինչպես նաեւ Հայաստանը շարունակ նշել են, որ Արձանագրություններում այդպիսի պայման գոյություն չունի: Դեռ ավելին, նրանք հորդորել են այդ երկու հիմախնդիրները չշաղկապել կամ Արցախի հակամարտության ուղղությամբ բանակցությունները պատանդ չդարձնել Արձանագրությունների վավերացմանը: Հայաստանը կտրականապես մերժել է Արձանագրությունները կապել Արցախի հիմնահարցի հետ: 2. Իրականությանը չի համապատասխանում Թուրքիայի այն պնդումը, թե Արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության ճանաչմանն ու երրորդ երկրների կողմից դրա ընդունմանը հետամուտ լինելու Հայաստանի ջանքերին: Կեղծիք է նաեւ այն, որ Արձանագրությունները մեխանիզմներ կստեղծեն Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման համար: Իրականում, վերջին շաբաթների ընթացքում Արձանագրությունները զարկ տվեցին հայերի ջանքերի վերսկսմանը` ձգտելով Ցեղասպանության ճանաչմանը Բրիտանիայի, Բուլղարիայի, Իսրայելի եւ Շվեդիայի խորհրդարանների կողմից: Բացի այդ, մարտի 4-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսվում է քվեարկության դնել Հայոց Ցեղասպանության բանաձեւը: Նման մի բանաձեւ է սպասվում նաեւ ԱՄՆ-ի Սենատում: 3. Ի հեճուկս թուրքական պնդումների, Արձանագրություններում հիշատակվող «պատմական հանձնաժողովը» չպետք է ծառայի որպես Ցեղասպանության վերանայման խորհուրդ, այլ որպես պլատֆորմ` Թուրքիայից փոխհատուցման պահանջների ներկայացման համար: 4. Թուրքիայի պնդումները, թե Արձանագրությունները վերջ կդնեն Հայաստանի տարածքային պահանջներին, հակասում են այն փաստին, որ անցյալի որեւէ պայամանգրի հղում չի արվել, որը Հայաստանից պահանջեր հրաժարվել այդպիսի իրավունքներից: Ընդհակառակը, Արցախից կամ Արեւմտյան Հայաստանից հրաժարվելու փոխարեն, նախագահ Սարգսյանը նախորդ շաբաթվա իր ելույթում, առաջին անգամ բարձրացրեց Նախիջեւանի հայաթափման հարցը, մի հողատարածք, որը խորհրդային իշխանության կողմից դրվել էր Ադրբեջանի իշխանության ներքո որպես ինքնավար հանրապետություն: 5. Հայաստանը եւ գերտերությունները մերժեցին թուրքական պահանջները, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը «ուղղի» 2010 թվականի հունվարի 12-ի իր որոշումը, որը սահմանափակում էր Թուրքիայի` Արձանագրությունների ուռճացված մեկնաբանությունները: Դատարանը համառորեն պնդեց, որ Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը չի կարող դադարեցվել, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցություններ չեն կարող վարվել` Արձանագրությունների երկկողմանի բնույթի պատճառով: 6. Թուրք ղեկավարները ոչ մի փաստարկ չունեն բողոքելու Հայաստանի Դատարանի` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու Սահմանադրության նախաբանին հղում կատարելու դեմ: Այս նախաբանը հիմնված է Հայաստանի Անկախության մասին հռչակագրի 11-րդ դրույթի վրա, որը գոյություն ուներ 1990 թվականից ի վեր, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանն առաջին անգամ բացելուց շատ առաջ: Անկասկած, թուրք ղեկավարները քաջատեղյակ էին այս դրույթի գոյությանըՆ մինչեւ 2009 թվականին Արձանագրությունները ստորագրելը: 7. Թուրք պաշտոնյաներն անհիմն պնդում են, որ Արձանագրություններով ընդունվում է Կարսի 1921 թվականի պայմանագիրը, որը Խորհրդային Հայաստանը հարկադրաբար է ստորագրել: Արձանագրություններում ոչ մի հղում չկա Կարսի պայամանագրին: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ օրինական ուժ ունեն միայն այն պայմանագրերը, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից: 8. Իր ամպագոռգոռ նպատակին` «զրո խնդիրներ հարեւանների հետ» հասնելու փոխարեն, թուրքական կառավարությունն Արձանագրությունների ստորագրմամբ լուրջ ճեղքվածք առաջացրեց հարեւան Ադրբեջանի հետ, որի հետ նախկինում ոչ մի խնդիր չուներ: 9. Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունը ոչ մի առարկություն չի հայտնել Հայաստանի այն պահանջի նկատմամբ, որ Թուրքիան առաջինը պետք է վավերացնի Արձանագրությունները: Սա վիրավորական մի հարկադրանք է Թուրքիայի նկատմամբ, որի հանդեպ Հայաստանը, հասկանալի պատճառներով այս պահանջով հայտնում է իր խորը անվստահությունը: 10. Թուրք ղեկավարները չարձագանքեցին նաեւՀայաստանի այն սպառնալիքին, որ չեղյալ կհայտարարի իր ստորագրությունը, եթե Թուրքիան մինչ եւ մարտի վերջ` Ապրիլի 24-ից մեկ ամիս առաջ չվավերացնի Արձանագրությունները: Եվս մեկ վիրավորական հարկադրանք Հայաստանի կողմից մի երկրի հանդեպ, որի մեծամիտ ղեկավարները տարվել են նեո-օսմանյան վառ երեւակայությամբ: Վերոնշյալ տասը կետերը ցույց են տալիս վստահության այն լուրջ ճեղքվածքը, որ գոյություն ունի թուրքական կառավարության եւ իր հասարակության, ինչպես նաեւ միջազգային հանրության միջեւ: Թուրքիայի ներսում եւ դրսում, Անկարան փորձում էր խաբել բոլորին` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման կեղծ տպավորություն ստեղծելով: Թուրք պաշտոնյաները, իրենցից բացի ոչ մեկին չպետք է մեղադրեն այսպիսի անելանելի կացության մեջ հայտնվելու համար: Նրանք կարծում էին, որ հերյուրանքներով կկարողանային ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, սակայն ձախողվեցին: Այժմ նրանք ընկել են սեփական ծուղակի մեջ, եւ ոչ մեկը հատուկ խանադավառություն չի ցուցաբերում այդ նեղ կացությունից նրանց փրկելու համար: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր, Թարգմ. Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play