Գագիկ Գյուրջյան. «Ուրարտական շերտի բացահայտումը եւ դրա ճիշտ մեկնաբանումը լույս կսփռի թուրքական կեղծիքների վրա»<br />


Գագիկ Գյուրջյան. «Ուրարտական շերտի բացահայտումը եւ դրա ճիշտ մեկնաբանումը լույս կսփռի թուրքական կեղծիքների վրա»

  • 27-10-2010 18:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի տարածքում ընթանում են գարնանը հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզված Էրեբունի ամրոցի բազմաթիվ օրիգինալ պատերի ամրակայման եւ կոնսերվացման աշխատանքներ: Ինչպես «Հենարան» մամուլի ակումբում հոկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում նշեց արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, այդ աշխատանքների համար ՀՀ Մշակույթի նախարարությունը հատկացրել է 15 մլն դրամ: Հավանաբար շուտով կիրականացվեն նաեւ Էրեբունիի 1,2 կմ պարագծով ցանկապատի վերականգնման աշխատանքները: Նշվեց, որ փլուզված վիճակում են նաեւ Արգիշտիի պալատի տանիքային հատվածը, շատ վատ վիճակում են նաեւ Խալդի տաճարը, տնտեսական մասերը, կարասային սրահներըղ Ըստ Գ.Գյուրջյանի, մ.թ.ա 8-րդ դարի այս կառույցը 1968թ.-ի վիճակին բերելու համար կպահանջվի 350-400 մլն դրամ: Օրերս թանգարանի տնօրենը Երեւանի քաղաքապետին կներկայացնի արգելոցի խնդիրների եւ դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների փաթեթը (2010թ. օգոստոսի 19-ի կառավարության որոշմամբ թանգարանի եւ դրա երեք մասնաճյուղերի` Էրեբունի, Կարմիր Բլուր եւ Շենգավիթ հնավայրերի, կառավարման լիազորությունները Հայաստանի Մշակույթի նախարարությունից փոխանցվել են Երեւանի քաղաքապետարանին): Գ.Գյուրջյանի գնահատմամբ, տարածքի լիարժեք վերականգնումը կարելի է իրականացնել 3 տարում, իսկ ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաեւ մասնավոր ներդրողների միջոցների հաշվին: Գ.Գյուրջյանը նշեց, որ թանգարանում աշխատանքներ են տարվում Հայաստանում ուրարտական հուշարձանների քարտեզի կազմման ուղղությամբ, այդ աշխատանքներում ընդգրկվել են Հայաստանի բոլոր ուրարտագետները: Հայաստան այցելող մասնագիտական խմբերի համար ներկայումս կազմակերպվում են Երեւանի մերձակայքում գտնվող ուրարտական հուշարձանների շրջայցեր: Սակայն, Գ.Գյուրջյանի պարզաբանմամբ, Ուրարտուի սահմանները հասել են մինչեւ Սեւան. միայն լճի հարավարեւելյան ափին եղել են 17 ուրարտական քաղաքներ: Գ.Գյուրջյանն ընդգծեց, որ ուրարտական շերտի բացահայտումը եւ դրա ճիշտ մեկնաբանումը կբերի նրան, որ լույս կսփռվի թուրքական կեղծիքների վրա: Վերջիններս Ուրարտուն, որի սահմանները համընկնում են Պատմական Հայաստանի սահմանների հետ, համարում են իրենցը: «Պետք է հավաքենք որոշակի ինֆորմացիոն բազա` քարտեզների, նյութերի, որից հետո հայտարարենք, որ մենք հավակնում ենք ուրարտագիտության կենտրոն դառնալու»,- ասաց Գ.Գյուրջյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play