Արթուր Բաղդասարյանը հերթով ազատվում է իր ժանգոտած գործիքներից. Արմենուհի Ղազարյան
09-02-2017 16:12:55 | Հայաստան | Հասարակություն
«Արթուր Բաղդասարյանը հերթով ազատվում է իր ժանգոտած գործիքներից, չեմ բացառում, որ հետագայում նրանց թիվը կհամալրվի», - այսպես է մեկնաբանում Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ, «Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ, ՀՎԿ Երիտասարդական միության հիմնադիր նախագահ Դավիթ Հարությունյանի ՀՎԿ-ից դուրս գալու վերաբերյալ տարածած հայտարարությունը «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանը:
Ըստ նրա` Դավիթ Հարությունյանի հեռացումը ՀՎԿ-ից պայմանավորված է Արթուր Բաղդասարյանի կողմից տրված իրեն ամեն կերպ ոչնչացնելու հանձնարարականը չկատարելով:
«Դավիթ Հարությունյանը և Էդգար Առաքլյանը Արթուր Բաղդասարյանի կողմից հստակ հանձնարարություն էին ստացել ամեն կերպ ինձ ոչնչացնելու, սակայն աշխատանքը կատարել չկարողացան, իսկ ՀՎԿ ղեկավարը հասկացավ, որ իր գործիքներն արդեն ժանգոտել են և կուսակցության շարքերից ժանգը մաքրելու ժամանակն է», - նշեց Արմենուհի Ղազարյանը:
Վերջինիս դիտարկմամբ` ՀՎԿ-ից Դավիթ Հարությունյանի հեռանալը նաև կարող է կապված լինել ընտրական ցուցակում չընդգրկվելու հետ:
«Իրենց հանձնարարությունը կատարած համարելով` Արթուր Վահանիչի ցուցակային տեղերն էին ուզում, մինչդեռ Արթուր Բաղդասարյանն իր ցուցակներում ընգրկել է նախկին ՕԵԿ-ականներին, այսինքն` օլիգարխներին կամ մականունավոր մարդկանց»,- ընդգծեց Ա. Ղազարյանը:
Ի դեպ` Դավիթ Հարությունյանի կողմից այսօր տարածված հայտարարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ինչպես անձամբ նրանից, այնպես էլ ՀՎԿ լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանից, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ նրանց հետ կապ հաստատել: