Ֆրանսիայում թուրք պատանին հեռացվել է դպրոցից` Հայոց
ցեղասպանության փաստը ժխտելու համար
17-11-2009 18:00:00 | Հայաստան | Քաղաքական
ՆԱՆՍ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի
Նանս քաղաքի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտ 13-ամյա Մուստաֆա
Դողանը դպրոցից հեռացվել է` շարադրության մեջ Հայոց ցեղասպանության
փաստը ժխտելու պատճառով: Դպրոցը երկու օր ժամանակ է տվել
Մուստաֆային, որպեսզի վերջինս տեղեկություններ հավաքի Հայոց
ցեղասպանության մասին, խոսի ցեղասպանությունը վերապրածների հետ,
համացանցում դիմի թուրքական աղբյուրներին այլընտրանք հանդիսացող
աղբյուրների եւ շտկի իր տեսակետները:
Ինչպես գրում է «Մարմարա»-ն, ֆրանսիական դպրոցի պատմության
ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց
ցեղասպանության եւ 1915-ի դեպքերի մասին: Թուրք աշակերտը, որ մինչ
այդ բանավիճել էր իր ուսուցչի հետ, այս անգամ զայրացել է եւ իր
շարադրության մեջ գրել. «նույնիսկ եթե ցեղասպանություն կատարվել է,
հայերն արժանի էին դրան»:
«Զաման» թերթի Փարիզի թղթակիցը գրել է, որ Ֆրանսիայում
ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը դեռ վավերացված չէ,
բայց այն այժմ արդեն գործադրվում է:
Այս դեպքը բավական հատկանշական է: Դպրոցի ուսուցիչը որոշ
ժամանակ առաջ, անհանգստանալով Մուստաֆայի պնդումներից, դպրոց է
հրավիրել նրա հորը եւ բացատրել, որ տղան Ֆրանսիայի օրենքների
համաձայն հանցանք է գործում` ուրանալով Հայոց ցեղասպանությունը:
Տղայի հայրը` Մեհմեդ Դողանը, պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ նման
օրենքի գոյության մասին: Ուսուցիչն ասել է, որ հասկանալի է, թե
տղան որտեղից է քաջալերվում:
Մեհմեդ Դողանն ավելի ուշ նշել է, որ պատմության ուսուցիչը
ցեղապաշտական մոտեցում է դրսեւորել ու բարկացրել 13-ամյա պատանուն:
Նա ավելացրել է, թե ինքը նույնպես չի հավատում, որ ցեղասպանություն
է տեղի ունեցել, բայց ցավում է, որ իր որդին գրել է, թե հայերն
արժանի էին ցեղասպանության:
Ֆրանսիայում գործող թուրքական մի կազմակերպություն
պատրաստվում է այս ուրբաթ իր ներկայացուցչին ուղարկել հիշյալ
դպրոցի տնօրենի հետ հանդիպման: Նշվում է, որ «Զաման» թերթի թղթակցի
հետ զրույցի ընթացքում տնօրենը պաշտպանել է պատմության ուսուցչին
եւ արդար համարել պատիժը: